
Թիվ 410 բանաձևը չպետք է բացասաբար ազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ իր նստավայրում ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բոներին ու նրա պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր:
Էրդողանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևը չպետք է բացասաբար ազդի թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերությունների վրա: Նա ընդգծել է, որ 1915 թվականի դեպքերի շուրջ պնդումները զգայուն հարց են Թուրքիայի համար: Բոներն իր հերթին հայտարարել է, որ տվյալ հարցով «պետք է» զբաղվեն պատմաբանները:
Հանդիպման ժամանակ Էրդողանն ու Բոները քննարկել են նաև Սիրիայի ու Ուկրաինայի, այդ թվում նաև Ղրիմի թաթարների հարցերը: