«Ես տեղեկություն չունեմ, որ ԲՀԿ-ն բավարարվել է նոր վարչապետի նշանակումով». Գ. Ջհանգիրյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» փորձել է ՀԱԿ առաջիկա քայլերի մասին տեղեկանալ Աժ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանից։

-Պարոն Ջհանգիրյան, ՀՀ կառավարության փոփոխությունը ՀԱԿ-ի «սրտով» չէ, միթե դա չէր ցանկանում Կոնգրեսը։ Ի վերջո, կնշե՞ք, թե ինչ էր ցանկանում անել ՀԱԿ-ը ու արդյունքում ինչ է ստացվել։

-Կառավարության հրաժարականը մեր միջանկյալ նպատակն է եղել ամբողջական իշխանափոխության ճանապարհին։ Մենք վարչապետի կամ կառավարության անդամների փոփոխության խնդիր չենք դրել։ Այդ իսկ պատճառով ՀԱԿ-ը հայտարարել է, որ ոչ մի պարագայում մենք մաս չենք կազմելու նոր կառավարության։

–Բայց Աժ ՀԱԿ խմբակցությունը հայտարարում Է, թե Քառյակի պայքարի շնորհիվ է, որ ՀՀ կառավարությունը հրաժարական տվեց։

–Անկասկած, վարչապետի՝ նույնիսկ քաղաքական մեծամասնության համար անսպասելի հրաժարականը պայմանավորված էր չորս ուժերի նախատեսած համատեղ միջոցառումներով։ Եվ այն պնդումները, թե վարչապետը դեռևս փետրվարին կամ մարտին հրաժարականի դիմում էր ներկայացրել, սին են, քանի որ ընդամենը մեկ-երկու օր առաջ Հանրապետական կուսակցության անդամները հրապարակավ հայտարարում էին, որ վարչապետի կամ կառավարության հրաժարականի հարց դրված չէ։

-Այսինքն՝ այս արդյունքը չի՞ բավարարում ՀԱԿ-ին, այդ դեպքում ի՞նչ է պատրաստվում անել ՀԱԿ-ը, ունե՞ք Ձեր հետագա քայլերի «ճանապարհային քարտեզը»։ Խնդրում եմ նշեք Հայ Ազգային Կոնգրեսի հետագա պլանների մասին։

-Մեր անելիքների մասին ՀԱԿ առաջնորդ Լեւոն ՏԵր-Պետրոսյանն արդեն իր տված հարզացրույցի ժամանակ մանրամասն հայտնել Է։ Իսկ ինչ վերաբերում է իմ կարծիքին, ապա մենք պետք է անենք հնարավորինը՝ ամրապևդելու Քառյակի միասնությունը և մշակել միասնական քաղաքական օրակարգ կամ «ճանապարհային քարտեզ»։
-Բայց Աժ մյուս ուժերը, կարծես թե, այլ հարց իրենց առջև չեն դրել։ Օրինակ՝ ԲՀԿ-ն երբևէ չի հայտարարել, որ իրենց պայքարը շարունակվում է և հիմա էլ իրենք պահանջելու են Սերժ Սարգսյանի հրաժարականը։

-Ես այդպիսի տեղեկություններ չունեմ, որ իրենք, կարծես թե, բավարարվել են կառավարության հրաժարականով և նոր վարչապետի նշանակումով։ ԲՀԿ-ն հայտարարում է, որ կոալիցիայի մաս չի կազմի, այդպիսի խնդիր իր օրակարգում չկա։ Ակնհայտ է, որ կառավարության գործունեության ծրագրերի և կազմի ներկայացումից հետո բոլոր քաղաքական ուժերն, այդ թվում նաև ԲՀԿ-ն կտան իրենց վերջնական գնահատականները։

Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս