Քոչարյանի երկու դիմումների գաղտնիքը
1in.am-ը տեղեկություն էր տարածել, որ ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանը դիմում է գրել ԱԺ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին, ինչը հաստատել էր նաև ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: Դրան ի պատասխան՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտնել էր, որ Քոչարյանը մի դիմում էլ իրենց է գրել՝ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Այս երկու հայտարարությունները, ըստ էության, հակասում են իրար. ավելի շուտ՝ իրար հակասում են Դավիթ Քոչարյանի երկու դիմումները:
Եթե նա դիմում է գրում մանդատից հրաժարվելու մասին, ի՞նչ իմաստ ունի դիմում գրել խմբակցությունից դուրս գալու մասին: Մյուս կողմից՝ մանդատը վայր դնելու մասին դիմումը Քոչարյանը պետք է ներկայացներ ոչ թե ԲՀԿ-ին, այլ ԱԺ նախագահին: Մեր տեղեկություններով՝ Քոչարյանը սկզբում դիմում է գրել ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին՝ նպատակ ունենալով դառնալ «անկախ պատգամավոր»:
Բայց ԲՀԿ-ում հասկացել են, որ դա կարող է վատ նախադեպ լինել, և ստիպել են Քոչարյանին մանդատը վայր դնելու մասին դիմում գրել: Բայց քանի որ այս օրերին Դավիթ Քոչարյանը Հայաստանում չէ, հնարավոր չէ պարզել, թե նրա դիմումներից որն է կեղծ, որն՝ իրական: