
Ուկրաինայի ԿԸՀ-ը պատրաստ է մայիսի 25-ին անցկացնել նաև համաուկրաինական հանրաքվե

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԿԸՀ-ը պատրաստ է մայիսի 25-ին անցկացնել ոչ միայն նախագահական ընտրություններ, այլև՝ երկրի պետական կառուցվածքի շուրջ հանրաքվե: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԿԸՀ-ի ղեկավար Միխայիլ Օխենդովսկին:
Նա ընդգծել է, որ եթե համաուկրաինական հանրաքվե նշանակվի մայիսի 25-ին, ապա իրենք պատրաստ են դրա անցկացմանը: Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը չէր բացառել, որ մայիսի 25-ին նախագահական ընտրություններից բացի, երկրում կարող է անցկացվել համաուկրաինական հանրաքվե:
Մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացվելու են նաև ՏԻՄ ընտրություններ: