«Դեռ կտեսնենք որոշ կայսրությունների կործանումը ևս` մոտիկ հարևանությամբ»

Մաքսային միությունը, որպես այդպիսին, երբեք չի կայանալու, այն ակնթարթ է, որը Հայաստանը թարթելու է և առաջ գնա: Այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

ՀՀՇ հիմնադիր անդամ, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին լրագրողները խնդրեցին մեկնաբանել Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը, մասնավորապես` Մաքսային միության անդամակցման «անշրջելիությանը» և «արևմտամետներին» վերաբերող դիտարկումները:

«Հայաստանի առաջին նախագահի ցանկացած հարցազրույց, իհարկե, ուշագրավ է, հետաքրքիր և սպասվում է հասարակության կողմից, նա շատ հմուտ քաղաքական գործիչ է, ով մեր ժողովրդին տարել է դեպի անկախացում: Գնահատականներ կան, որոնց հետ երբևէ չեմ կարող համաձայնել… Կա տերմինների սխալ օգտագործում. «արևմտամետ» ասելու մեջ մեծ հաշվով խնդիր չեմ տեսնում, բայց դա պիտակավորման փորձ է: Երբ մենք խոսում ենք Եվրամիության հետ սերտորեն համագործակցելու, եվրոպական արժեքների մասին, մենք նկատի ունենք համամարդկային արժեքները, դրանք եվրոպական չեն, մենք դրանց կոչում ենք «եվրոպական», որովհետև այս պահին Եվրոպայի միջոցով, որպես գործիք, կարող ենք որդեգրել այդ արժեքները… Հավանաբար, խոսքը գնում է այն մասին, որ լիբերալ ուժերը մարգինալացված են, դա գուցե վիրավորական է հնչում, բայց դա իրողություն է. որևէ երկրում ազատական ուժերը չեն լինում մեծամասնություն, դժվար է դա պատկերացնելը: Գերմանիայի նման պետությունում «Ազատ դեմոկրատները» ստանում են ընդամենը 10-13 տոկոս ձայն… Դա նորմալ է, ազատականությունը չի կարող լինել գերիշխող հայեցակարգ: Թերևս միակ բացառությունը Նիդեռլանդներն են, որտեղ թե´ ընդդիմությունը, թե´ իշխանությունը լիբերալ ուժեր են: Չգիտեմ` ում էր ինչ ուղղված, այդ հարցազրույցում սկզբունքորեն մեկ կետի հետ համամիտ չեմ, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելն անշրջելի է, որովհետև ես համոզված եմ, որ որևէ անշրջելի բան չկա: Տարիներ առաջ ասում էին` անհավանական է, անկարելի է, որ Խորհրդային միությունը քանդվի, Հայաստանը լինի անկախ պետություն: Մենք այդ ամենը տեսանք, դեռ կտեսնենք որոշ կայսրությունների կործանումը ևս` մոտիկ հարևանությամբ: Եվ վստահ եմ, որ շարունակելու ենք լինել անկախ պետություն»,- ասաց Հայաստանի նախկին արտգործնախարարը:

Անդրադառնալով Մաքսային/Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցման հարցին` Ա. Արզումանյանը կարծիք հայտնեց, թե ՄՄ-ն, հատկապես Ռուսաստանը դեռևս չի պատկերացնում իր ճակատագիրը:

«Այսօր մեր բոլորի ճակատագրի մի զգալի մասը վճռվում է արևելյան Ուկրաինայում` Ռուսաստանի այս գործողություններով: Մենք պետք է հարցին այդ կտրվածքով նայենք: Դրա համար բազմիցս եմ ասել, նորից պնդում եմ` Մաքսային միությունը, որպես այդպիսին, չի կայանալու, դա կլինի 5 տարի, 4 տարի, թե 10, ժամանակը ցույց կտա, բայց պատմական առումով` սա ակնթարթ է, որն անցնելու է: Թարթելու ենք, գնանք և էլի շարունակենք մեր ճանապարհը` դեպի անկախ, նորմալ ժողովրդավարական պետականություն»,- նշեց նա:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանի իշխանությունները փորձեն ձգձգել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը և մայիսին չստորագրեն միության անդամակցության վերաբերյալ պայմանագիրը, Ա. Արզումանյանը պատասխանեց. «Ի՞նչ էր մեզ ասվում, ինչո՞ւ ենք մենք ձգտում դեպի Մաքսային միություն, որպեսզի դառնանք Եվրասիական միության համահիմնադիր և դրանով իսկ լավ սպասարկենք մեր շահը: Հիմա գործընթացը ցույց է տալիս, որ այդ ամենն արվում է առանց մեզ. երեք օր առաջ էր Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի վարչապետների վերջին հանդիպումը: Արդեն որոշում են` ընդհանուր դրամը կկովչի «ալթըն», թե «մանաթ», դա իրենց խնդիրն է: Այսինքն` մեզ նորից ստել են, մեզ ասել են, որ դա անում են, որ համահիմնադիր լինենք, բայց մենք չկանք համահիմնադիրների ցուցակում,- նշեց Արզումանյանը:- Երկրորդը, իմ խորին համոզմամբ` մենք այսօր պետք է վերանայենք «Գազպրոմի» հետ պայմանագիրը: «Գազպրոմի» գլխավոր տնօրեն Միլլերը նոր վերադարձավ Չինաստանից, և Չինաստանը պատրաստ չէ վճարել այն գինը, որը Ռուսաստանն ուզում է իր գազի դիմաց, իսկ Ռուսաստանն այլընտրանք չունի. միայն Չինաստանն է, որ կարող է ապահովել իրենց արտահանումը… Եթե Եվրամիությունը շարունակի պահպանել նման սկզբունքային մոտեցումը և խորացնի սանկցիաները, Ռուսաստանի ներքին շուկայում գազի գինը անխուսափելիորեն և էապես կբարձրանա: Ստիպված է բարձրացնելու, ես սա վատ բանով չեմ ասում, բայց մեզ, որպես հաղթանակ, հրամցվում էր, որ գազը գնում ենք Ռուսաստանի ներքին գնով: Երբ Ռուսաստանի ներքին գինը կդառնա համաեվրոպական ներքին գնին հավասար, կհասկանանք, որ ևս մեկ անգամ հայտնվել ենք կոտրած տաշտակի առջև: Ուստի, գալիք ամիսներին այս կառավարության կարևորագույն ուղղություններից մեկը պետք է լինի Իրանի հետ հարաբերությունների բարելվումը և դրա տնտեսական բաղադրիչի խորացումը` նաև Հայաստան այլընտրանքային գազ ներմուծելու առումով»:

Տեսանյութեր

Լրահոս