Ալեքսանդր Արզումանյանը` նոր վարչապետի մասին. «Մարդու ընդունելիությունը քաղաքական կատեգորիա չէ»

Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով` արդյոք լուծվո՞ւմ է ոչ իշխանական ուժերից մի քանիսի, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստանի» հետ իշխանության տարաձայնությունների խնդիրը, թե՞ հակառակը` առաջանում են նոր ինտրիգներ` հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստանի» հայտարարությունը, որ մաս չի կազմելու նոր կառավարությանը:

Այսօրվա ասուլիսում իր կարծիքը հայտնելով այս հարցի վերաբերյալ` ՀՀՇ հանրապետական խորհրդի նախագահ Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայից դուրս գալուց և իրեն «այլընտրանքային ուժ» հռչակելուց անմիջապես հետո որպես հիմնական թիրախ էր ընտրել կառավարությանը և նախկին վարչապետի անձը:

«Ակնհայտ է նաև, որ ԲՀԿ-ն այդքան սուր չի կարող ընդունել Հովիկ Աբրահամյանի պարագան, և ավելին` Հովիկ Աբրահամյանն ընդունելի ֆիգուր է ԲՀԿ-ի ղեկավարության համար: Այդ առումով` կարելի է ասել, որ գտնվել է կոմպրոմիս` կողմերի համար ընդունելի թեկնածուի իմաստով: Ինչ վերաբերում է հարցին` կմտնե՞ն կոալիցիա, թե՞ չեն մտնի, այստեղ ավելի շատ նժարին դրված է քաղաքական ուժի փչանալու, վարկաբեկվելու աստիճանը, այսինքն` որքանով կվարկաբեկվի ուժը` ամբողջովին մտնելով կոալիցիայի մե՞ջ, թե՞ համագործակցելով իշխող ռեժիմի հետ` այնուամենայնիվ լինի այլընտրանք, կիսաայլընտրանք, ընդդիմադիր, ոչ իշխանական, կիսաիշխանական: Հիմա մենք կունենանք տերմինների մեծ բազմազանություն` կախված այս կամ այն քաղաքական ուժի ճաշակից»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ոչ իշխանական չորս ուժերի` քառյակի համագործակցությանը, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց, որ այդ առումով մի փոքր կաշկանդված է, քանի որ ԱԺ-ի «Ժառանգություն» խմբակցության անդամ է, իսկ «Ժառանգությունն» այդ քառյակից է, բայց միաժամանակ ավելացրեց. «Ես ողջունում եմ ցանկացած բանակցություն, քննարկում, միասնական դիրքի որոնում: Որպես դիվանագետ` կարծում եմ, որ ամենաճիշտ ճանապարհը բանակցությունն է, և ինքը՝ փաստը, լավ երևույթ է, որ չորս քաղաքական ուժեր կարողանում են նստել սեղանի շուրջ և ընդհանուր վարվելակերպ որոնել: Իսկ թե ինչ կլինի… հիմա մենք մտել ենք մանևրելու շրջան, որովհետև քառյակի մի մասն արդեն իսկ, հավանաբար, որոշել է մտնել կոալիցիա, մյուս մասը դեռ առևտրով է զբաղված` կոնկրետ պորտֆելների հետ կապված: Երբ այս խմորումներն ավարտվեն, այն ժամանակ պարզ կլինի` ինչ է մնում քառյակից»:

Քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ նոր վարչապետը «պետք է ընդունելի լինի բոլորի համար», լրագրողները հետաքրքրվեցին Ալեքսանդր Արզումանյանից, թե վերջինիս համար նո՞ւյնպես ընդունելի է Հովիկ Աբրահամյանը:

«Ես Հովիկ Աբրահամյանին ճանաչում եմ շարժման սկզբից, որպես մարդ` բավական նորմալ, ջերմ հարաբերություններ ունեմ նրա հետ, որևէ խնդիր չկա: Եվ, ընդհանրապես, մարդու ընդունելիությունը քաղաքական կատեգորիա չէ: Ինձ հետաքրքրում է` մարդը կարո՞ղ է իրականացնել այն ծրագիրը, որը բխում է իմ մոտեցումներից և սկզբունքներից: Լինի դա իմ եղբայրը թե իմ հակառակորդը, եթե նա նորմալ ծրագիր է իրականացնում, ես որևէ խնդիր չունեմ: Սա իմ կամ Ձեր հարցը չէ, սա մեր պետության ապագայի խնդիր է: Որպես մարդ` որևէ խնդիր չունեմ, շատ ընդունելի անձ է, մանավանդ ԱԺ-ում աշխատելիս` մշտապես ձգտել է, որ խորհրդարանում համերաշխություն տիրի, կանխել է որևէ պոռթկում, որը կարող էր խափանել բնականոն աշխատանքը: Այդ առումով կարող է շատ նորմալ համագործակցել քաղաքական ուժերի հետ»,- պատասխանեց նախկին արտգործնախարարը:

Տեսանյութեր

Լրահոս