Մեր հիմնական ռեսուրսը հայկական սփյուռքն է. Արծվիկ Մինասյան
Աղքատության նվազումը պետք է լինի ՀՀ տնտեսական ծրագրերի հիմնական նպատակն ու արդյունքը: Ինչպես այսօր քառյակի հրավիրած տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, առաջիկա 5 տարում կարող ենք ունենալ շուրջ 250 հազար աշխատատեղ, յուրաքանչյուր տարի՝ 70 հազար, ընդ որում՝ դրանց մեծ մասն իրական հատվածի աշխատատեղեր են:
Ըստ նրա՝ նպատակ է դրված գյուղատնտեսության ոլորտում յուրաքանչյուր համայնքում թեկուզ մեկ կոոպերատիվի ստեղծումը՝ առանց հողի խոշորացմա և գյուղացիները կպահպանեն իրենց հողատարածքների սեփականության իրավունքը, ինչն էականորեն տարբերվում է ներկայումս ընթացող քաղաքականությունից, որ գնում է հողերի խոշորացման գործընթաց:
«Մեր հիմնական ռեսուրսը հայկական սփյուռքն է, որը եթե չկարողանանք իրացնել, զրկվում ենք մեր հիմնական ռեսուրսից»,- ասաց Ա.Մինասյանը՝ շեշտելով, որ սփյուռքը չի դիտարկվում միայն որպես տնտեսական գործոն, սփյուռքը պետք է մասնակցի իր ողջ ներուժով:
Մինասյանը մատնանշեց ներդրումների չափազանց նվազ մակարդակը և հայտարարեց, որ պետք է խթանել ներդրումները.
«Եթե յուրաքանչյուր սփյուռքահայ 10 մլն դոլար ներդնի հայկական բանկային համակագում առնվազն 10 տարի չվեցնելու պայմանով, բանկերը կարող են երաշխավորել 10% եկամտաբերություն ու այդ դեպքում հոսքը մեծ կլինի»:
Ըստ նրա՝ ենթակառուցվածքային մեծածավալ ծրագրերը նույնպես կգրավեն ներդումներ և հնարավորություն կստեղծվի երկիրը դուրս բերել ստեղծված վիճակից: Մինասյանի խոսքով՝ պետք է հիմքեր ստեղծել ներգաղթը խրախուսելու ուղղությամբ:
ՀՅԴ պատգամավորը կարևորեց սեփականության իրավունքի պաշտպանությունը, առանց որի չի կարող լինել առողջ բիզնես միջավայր:
«Մինչև 2017 թ. բյուջեն կարելի է առնվազն եռապատկել և այսօրա 1 տրլն դրամանոց բյուջեն հասցնել 3.2 տրլնի»,- ասաց Ա.Մինասյանը՝ նշելով, որ դրան կնպաստի դրամի լողացող քաղաքականությունը և անհրաժեշտ է ծրագրային արժեզրկել հայկական դրամը: