
Միլանի դատախազությունը բավարարել է Բեռլուսկոնիի փաստաբանների միջնորդությունը

Իտալական Corriere della Sera թերթի փոխանցմամբ՝ Միլանի դատախազությունը հաստատել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նախկին փաստաբանների ներկայացրած միջնորդությունը՝ կապված հարկային մեքենայությունների համար քրեական պատժի կրումը հասարակական աշխատանքների տեսքով իրականացնելու հետ:
Այժմ տվյալ հարցի շուրջ վերջնական վճիռը պետք է կայացնի Միլանի հատուկ վերահսկիչ դատարանը: Ակնկալվում է, որ նա իր որոշման մասին կհայտարարի մոտակա 5 օրում: Իտալական օրենսդրության համաձայն, 77-ամյա Բեռլուսկոնին իրավունք ունի ընտրել պատժի այլընտրանքային միջոց և իր մտադրության մասին սեփական փաստաբանների միջոցով հայտնել իշխանություններին:
2013 թվականի օգոստոսին Իտալաիայի Վճռաբեկ դատարանը հաստատել է Mediaset-ի գործով Բեռլուսկոնիի դատավճիռը: Դրանից առաջ առաջին և երկրորդ ատյանի դատարանները Բեռլուսկոնիին դատապարտել էին 4 տարվա ազատազրկման, սակայն հետագայում այդ ժամկետը կրճատվեց մինչև մեկ տարվա՝ հաշվի առնելով 2006 թվականին ընդունված համաներման մասին օրենքը: