Հիլարի Քլինթոնի վրա կոշիկ են նետել (տեսանյութ)
USA Today-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վրա կոշիկ են նետել: Միջադեպը գրանցվել է Լաս Վեգասում, որի Mandalay Bay հյուրանոց-խաղատանը նա դասախոսություն է կարդացել: Քլինթոնի ուղղությամբ կոշիկ են նետել բեմում նրա հայտնվելուց քիչ անց:
Կոշիկ նետողը մի կին է, ով կոնֆերանսի կազմակերպիչների խոսքերով չի եղել հավատարմագրված հյուրերի ցանկում: Հյուրանոցի աշխատակիցները փորձել են փակել այդ կնոջ ճանապարհը, սակայն նրան հաջողվել է մոտենալ բեմին և Քլինթոնի ուղղությամբ նետել իր կոշիկը: Կոշիկը սակայն չի դիպչել Քլինթոն և անցել է նրա գլխի մոտով:
Այդ կնոջն անմիջապես ձերբակալել են և հանձնել իրավապահներին: Այժմ նա գտնվում է կալանքի տակ, նրա անունը չի հրապարակվում, նրա վարքի դրդապատճառները նույնպես մնում են անհայտ: Քլինթոնը վերջերս հայտարարել էր, որ մտադիր է 2016 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել սեփական թեկնածությունը:
Հիլարի Քլինթոնի հետ կապված այս միջադեպը հիշեցնում է 2008 թվականին Բաղդադում տեղի ունեցած միջադեպը: Այն ժամանակ տեղի լրագրող Մունթազար Ազ-Զեյդին իր կոշիկը նետել էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի վրա, ով ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում փոխարինել էր Հիլարի Քլինթոնի ամուսնուն՝ Բիլ Քլինթոնին: