«Ամբողջ Եվրոպայում Ալեքսանդր Կանայանի կարծիքի հետ հաշվի էին նստում»

Հայաստանն օրերս կորցրեց անփոխարինելի մի մասնագետի: Ապրիլի 5-ին մահացավ Հայաստանի կլինիկական ախտաբանության լաբորատորիայի հիմնադիր և ղեկավար Ալեքսանդր Սուրենի Կանայանը: Ովքեր երբևէ առնչություն էին ունեցել կենտրոնի և առհասարակ Կանայանի հետ` նույն ծանր հարցն էին տալիս` «Ո՞վ է նրան փոխարինելու»: Նրա մահը մեծ հարված էր ամբողջ լաբորատորիայի աշխատակազմի համար:

Լաբորատորիան, չնայած իր անվանը, մասնագիտական շրջանակները և բոլորը կոչում էին «Կանայանի կենտրոն»: Նա իսկական գիտնական էր` նվիրված իր աշխատանքին: Լուռ իր գործն էր անում: Եվ, չնայած գիտական իր հսկայական աշխատանքին, երբևէ չի սիրել հրապարակային գործունեություն ծավալել, երևալ, ինքնագովազդով չի զբաղվել և թույլ էլ չի տվել, որ իր մասին շատ խոսեն:

Ալ.Կանայանը ծնվել է 1945թ.: 1962թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարան, 1968-ին այն ավարտել է գերազանցությամբ: 1984թ. գրել է դոկտորական դիսերտացիան` «Պանկրեատիտի ախտաբանական անատոմիան և պաթոգենեզը» թեմայով: 1988 թվականից աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ):

Ընտրվել է անատոմիայի ամբիոնի վարիչ: 2002թ. հիմնել է կլինիկական պաթոլոգիայի լաբորատորիան և հենց ինքն էլ ղեկավարել է այն:
Իր ողջ կյանքում ախտորոշելով հազարավոր մարդկանց հիվանդությունները` Ալ. Կանայանը մահացավ թոքի քաղցկեղից, որը բացահայտվել էր մահվանից 2 շաբաթ առաջ:

Կարդացեք նաև

Ա. Կանայանի մոտ ընկեր և գործընկեր Արմեն Սուրենյանի խոսքով` նա առաջին մասնագետն էր, ով Հայաստանում ներդրել և կիրառել է ժամանակակից` իմունոհիստոքիմիա մեթոդը (2003 թվականին). «Մեթոդի էությունն այն է, որ հատուկ հյուսվածքային մարկերներով, որոնք սպեցիֆիկ հակամարմիններ են, պարզում են այս կամ այն բջջի ծագումն ու իսկությունը: Այսինքն` ուռուցքներ կան, որոնց դիագնոստիկան շատ դժվար է պարզել հյուսվածքաբանական մակարդակով, լուսային միկրոսկոպով: Այդ մեթոդն օգնում է, որպեսզի ճշտվեն, թե ուռուցքները հյուսվածքային ի՞նչ ծագում ունեն»:

Kanayan (1)

Ա. Կանայանին թեև շատ լավ ճանաչում և գնահատում էին ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի մասնագիտական շրջանակները, այնուամենայնիվ, նա երբևէ չէր սիրում երևալ, գովազդվել:

Ախտաբանական կենտրոնում չկար մեկը, որը հիշեր պրոֆեսորին` առանց հուզվելու: Լաբորատորիայի բժշկուհիներից Փառանձեմ Խաչատրյանի խոսքով` իրենք իսկապես «անտեր են մնացել, քանի որ ոչ ոք չի կարող փոխարինել իրենց ղեկավարին»:

«Ես կարծում եմ, որ մեր բնագավառում միակ մասնագետն էր իր ձևի մեջ: Կանայանի նման անհատներ, երևի, եզակի են լինում, ու, հաստատ, արդեն իսկ չեն էլ լինի, որովհետև նա այն բացառիկ մարդկանցից է եղել, ով չի վախեցել իր գիտելիքներն ուրիշներին տալուց: Կանայանն այն մարդն էր, ով մտնում էր լաբորատորիա, ամենաբարդ դեպքերը պահում էր ու սկսում էր սովորեցնել, հետո մի կույտ գրքեր էր տալիս ու ասում` «ну, иди покопайся», եթե չէր ստացվում, հետո էջերն էր ասում, ասենք` հաստափոր գրքի 1176-րդ էջը»,- «168 Ժամի» հետ զրույցում նշեց Փ. Խաչատրյանը:

Kanayan (5)

Ըստ մեր զրուցակցի` Ա. Կանայանին փոխարինել միանշանակ հնարավոր չէ, որովհետև նման անհատականություններն անփոխարինելի են. «Իհարկե, գիտելիքներ շատ է տվել: Իր կողքին երկար տարիներ աշխատել է մեր Արմեն Վաղարշակովիչ Սուրենյանը, նաև նրա անմիջական օրդինատորը` Ալվարդ Պողոսյանը, ով միշտ կողքին է եղել, մեկ էլ` ես եմ այստեղ եղել:

Բայց չեմ կարծում, որ Հայաստանում պաթոլոգ կա, որը երբևէ Սուրենիչին չի դիմել, ու չեմ կարծում, որ Սուրենիչն, առանց ինչ-որ բան բացատրելու, ասել է` գնացեք. հաստատ բոլորին կրթել է: Բոլոր պաթոլոգների մեջ էլ Սուրենիչի լուման կա: Խոստովանում են, թե չեն խոստովանում, ասելով` մենք առնչություն չենք ունեցել, միևնույն է, հաստատ Կանայանի մատը խառն է եղել»:

Փառանձեմ Խաչատրյանը խոստովանեց, որ հենց Ա. Կանայանի համար է մեկ տարի առաջ եկել այս լաբորատորիայում աշխատելու: Մինչ այդ նա աշխատել է համալսարանական կլինիկայում. «Կարծում եմ, ցանկացած խելքը գլխին պաթոլոգ ուզում է Սուրենիչի «школа»-ն անցնի: Դժբախտաբար, իմ մոտ կարճ տևեց…»:
Բժշկուհու կարծիքով` Ա. Կանայանի մահը ծանր կորուստ է ամբողջ պետության համար:

Նա հիշում է. «Առավոտյան ժամը 8:30-ին մտնում էր լաբորատորիա, մինչև երեկոյան ժամը 8:30-9:30-ը աշխատում էր: Այսինքն, աշխատանքային օրվա վերջում միայն ինքն ու պահակներն էին մնում, հետո նոր նա գնում էր: Անգամ այս վերջին օրերին էլ` այդ վիճակում զանգում էինք, ինչ-որ դիագնոզի մասին էինք հարցնում: Ուղեղը պարզ էր, այդ վիճակում անգամ, ինքն էլի ասում էր` որտեղից կարդանք, նայենք, ինչ անենք… Դժբախտաբար, այդպես երկար չձգեցինք ու մնացինք անտեր, իսկապես անտեր մնացինք… Բայց դե, պետք է փորձենք իր թողածով աշխատել»:

Նշենք, որ Ալ. Կանայանն ավելի քան 130 տպագիր աշխատանքների և հոդվածների հեղինակ է:

Ավագ լաբորանտ Անաիդա Մինասյանցը 12 տարի աշխատել է Ալ. Կանայանի հետ, ու լաբորանտի խոսքով` միշտ մեծ հաճույքով է եկել աշխատանքի, քանի որ Ա. Կանայանից միշտ շատ բաներ է սովորել.

«Մեծատառով մարդ էր: Պրոֆեսոր, ով ամեն ինչ 0-ից է սկսել ու ապրում էր իր աշխատանքով: Նա շատ նվիրված էր իր գործին, շատ պատասխանատու էր:

Նա յուրաքանչյուր հիվանդին շատ ուշադիր էր վերաբերվում և շատ պատասխանատու էր մինչև որևէ դիագնոզ նշանակելը: Նա այնքան համեստ անձնավորություն էր, և եթե որևէ այլ մեկն ունենար նույնքան արժանիքներ` իրեն ուրիշ ձևով կպահեր: Նա երբեք ձայնը չէր բարձրացնում իր կոլեգաների վրա, միշտ դիմացինի հետ շատ մարդկայնորեն էր վերաբերվում, այսինքն` նրա համար նշանակություն չուներ` մարդն ո՞վ է, ի՞նչ պաշտոնի է: Եվ մենք նրան միայն դրական արժանիքներով ենք հիշելու»:

Kanayan (6)

Ալեքսանդր Կանայանի օրդինատոր Ալվարդ Պողոսյանը 2 տարի սովորել է նրա մոտ, ու արդեն մեկ ու կես տարի աշխատում էր նրա հետ: Ինչպես և մնացած աշխատակիցները, նա ևս մեր այցելության պահին շատ հուզված էր. «Ես այսօր կորցրել եմ իմ ուսուցչին: Մի մարդու, ով ինձ սովորեցրել է այս մասնագիտությունը, ով սովորեցրել է ինձ սիրել այս աշխատանքը, մի մարդու, ով ինձ համար անփոխարինելի կմնա, ես այդ դատարկությունը ոչնչով չեմ կարող լրացնել և չեմ էլ տեսնում թեկնածու, ով կարող է լինել` և՛ մասնագիտական, և՛ մարդկային առումով:

Անձնակազմի վերաբերմունքն այսպիսին է, քանի որ ինքը հայրական վերաբերմունք է ունեցել բոլորի նկատմամբ` շատ ջերմ, հոգատար, պարզ, անմիջական, բարի անձնավորություն: Այսօր երևի ճիշտ չի գնահատվում այն տեղը, որն ինքն էր զբաղեցնում, բայց Հայաստանի Հանրապետությունը կորցրել է մի մասնագետի, ով այսօր, ցավոք, անփոխարինելի է: Ես չեմ կարող երկու բառով այդ մեծությանը նկարագրել:

Մենք այսօր ցավակցական արձագանքներ ենք ստանում ոչ միայն Հայաստանից, այլև արտասահմանյան երկրներից, որտեղ գիտեին նրա աշխատանքի մասին:

Ամբողջ Հայաստանն այս կենտրոնին վերաբերվում է` որպես «Կանայան» կենտրոն, բայց փաստն այն է, որ սա «Կանայան» կենտրոն չէ, այլ Հերացու անվան հիվանդանոցի բաժանմունքներից մեկն է, ուղղակի ժողովուրդն այնքան էր սիրել իրեն, որ այս կենտրոնն անվանել էր Կանայանի անվամբ: Այս կենտրոնն ինքն է հիմնել, ինքն է դրել ամեն ինչը, ինքն է ստեղծել այստեղ ինչ որ կա, և մեզ բոլորիս էլ` լաբորանտ թե բժիշկ, ինքն է սովորեցրել աշխատել: Դրա համար նա մեզ համար ուսուցիչ է, երևի` երկրորդ ծնող: Մեզ համար շատ ցավոտ է նույնիսկ խոսել այդ մասին»:

Հարցին, թե ո՞վ կարող է շարունակել Ալ. Կանայանի գործը, ինչը մտահոգում է Ալ. Կանայանի գործունեությանը ծանոթ բոլոր մարդկանց, օրդինատորը պատասխանեց.

«Մենք համարվում ենք իր աշակերտները, մենք պարտավոր ենք նրա գործը շարունակել: Ես անձամբ նրա գործի շարունակող տեսնում եմ Արմեն Վաղարշակովիչին, քանի որ նրանք շատ երկար տարիներ իրար հետ աշխատել են: Նա ունի մեծ փորձ, հմուտ մասնագետ է, և, այսօր էլ, եթե մենք խնդիրներ ենք ունենում, քննարկում ենք նրա հետ` որպես ավագ գործընկեր»:

Արմեն Վաղարշակովիչ Սուրենյանը շատ չխոսեց` ասելով, որ, եթե սկսի խոսել Ալ. Կանայանի մասին, մինչև երեկո կխոսի. «Նա արյան հիվանդությունների պաթոլոգիայի գծով շատ լուրջ էքսպերտ էր: Այնքան լուրջ, որ ամբողջ Եվրոպայում իր կարծիքի հետ հաշվի էին նստում: Մի բան միայն կավելացնեմ, որ բացի այն, որ մենք նրա գործընկերներն էինք, մենք ամբողջ կյանքում նրանից սովորել ենք: Ամբողջ կյանքում նրա մտքի աշխատանքն այնպիսի պատնեշներ էր բացում, որ մենք առանց նրա գուցե չկարողանայինք»:

Տեսանյութեր

Լրահոս