Ափսոս էր… լեգենդը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հերթական հարցազրույցով, որը, աներևակայելի պատահականությամբ, համընկել է վարչապետի նշանակման կամ նրա անվան հայտնի դառնալու նախօրեի հետ:

Դա շեշտում ենք, քանի որ հրապարակավ հանդես գալու այլ դրդապատճառ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է որ չունենար: Համենայնդեպս, դրդապատճառ ունենում են ասելիքի դեպքում, իսկ նրա հարցազրույցը ոչ այլ ինչ է, քան նախկինում ասված մտքերի կրկնություն՝ տեղ-տեղ ավելի գունեղ փաթեթավորմամբ: Երևի՝ որ հասցեատերերն ավելի լավ լսեն կամ նորից լսեն, եթե նախկինում ուշադրություն չեն դարձրել:

Լևոն Տեր-Պետրոսյանը վերահաստատում է իր այն միտքը, որ Մաքսային միությունն անշրջելի է, ոչ միայն անշրջելի, այլև այնքան անշրջելի, որ դա նման է «երկրագունդը կլոր է» աքսիոմային, նա ասում է, որ բոլոր այլ կարծիք ունեցողները մարգինալ ուժեր են, այսինքն՝ Հայաստանում ոչ մարգինալ, «օրինակարգ» են միայն անշրջելիությունն ընդունող քաղաքական ուժերը: Այլ կերպ ասած՝ վերահաստատում է Հայաստանում «ռուսական սապոգի» անփոխարինելիությունը: Մնացածը՝ դրանից ածանցվող ու, ըստ էության, ոչ այնքան կարևոր մտքեր են: Ինչպես, օրինակ, որ վարչապետի հրաժարականը քառյակի գործունեության արդյունքն էր, որ ռեժիմը խուճապի մեջ է, և այլն, և այլն:

Այս հարցազրույցի առանձնահատկություններից մեկն այն է, որ տեղ-տեղ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տիտանական աջակցությունն է հայտնում ոչ միայն Ռուսաստանին, այլ անգամ Սերժ Սարգսյանին… վարչապետի հրաժարականը ներկայացնելով՝ որպես Հայաստանում սահմանադրական ճանապարհով իշխանափոխության արտահայտություն:

Իսկ մենք միամտորեն կարծում էինք, այսինքն՝ միամտորեն հավատում էինք Լևոն Տեր-Պետրոսյանի բազմամյա հայտարարություններին, որ Հայաստանում իշխանությունը բռնազավթված է, որ Սերժ Սարգսյանը հակաժողովրդավարական ղեկավար է, և այլն: Մինչդեռ պարզվում է, նրա նախագահության օրոք հօդս ցնդեցին այն խոսակցությունները, թե Հայաստանում սահմանադրական ճանապարհով փոփոխություններ հնարավոր չեն:

Ի դեպ, հարցազրույցի վերջում Լևոն Տեր-Պետրոսյանը շատ մեղմորեն, առանց որակումների ու վերջնագրերի, ասում է.

«Ընդդիմությունը ոչ մի պարագայում խաղերի մեջ չպետք է մտնի Սերժ Սարգսյանի հետ և չպետք է մաս կազմի նրա կողմից ձևավորված որևէ կառավարության, անգամ, եթե վարչապետի պաշտոնն առաջարկվի ընդդիմադիր գործիչներից մեկին։ Որովհետև, թեև Սարգսյանն անզոր ու անճարակ է բաց քաղաքականության մեջ, բայց, ինչպես քիչ առաջ ասվեց, գրեթե անպարտելի է վարագույրի ետևում ընթացող ինտրիգների դաշտում…»:

Ուշադրություն դարձրեք, նախկինի նման նա չի ասում, որ ով մաս կազմեց կառավարությանը, ով նույնիսկ բարևեց Սերժ Սարգսյանին, նա դավաճան է, ծառայում է ավազակապետությանը։ Որովհետև կամ գիտի, կամ ենթադրում է, որ վաղը, գուցե երկու օր հետո իր կողմից գովաբանված ու իր տրակտատներում վերածնված «Բարգավաճ Հայաստանը», եթե անգամ մաս չկազմի նոր կառավարությանը, ապա առնվազն խմելու է «նախագահ ջան»-ի կենացը:

Թե ինչ պատահեց, կամ որքանով պատահեց, որ նախկինում բոլոր «դավաճանների» հետ անողոք վարվող ու ամենավերջին որակումները տվող Տեր-Պետրոսյանը դարձավ այդքան հանդուրժող, կարելի է կռահել:

Լևոն Տեր-Պետրոսյանի ծավալուն հարցազրույցի յուրաքանչյուր տողի կարելի է առանձին անդրադառնալ՝ ցույց տալով նրա հակասականությունը նախկինում իր կողմից արված հայտարարությունների, իր հռչակած սկզբունքների, արժեքների, աշխարհայացքի հետ՝ ընդհանուր առմամբ:

Բայց, թերևս, չարժե: Որովհետև տարիներ շարունակ այս հասարակության, եթե ոչ՝ զգալի, ապա բավական մեծ հատվածը, անկախ Լևոն Տեր-Պետրոսյանի այս կամ այն քայլից, այս կամ այն որոշումից, նրան վերաբերվել է՝ որպես բացառիկ խարիզմայի, աննախադեպ ինտելեկտի, վեհ արժեքների ու գաղափարների կրողի: Չարժե կազմաքանդել այդ կերպարը, որը, փաստորեն, լեգենդ էր Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիր նախագահի մասին: Այն հօդս է ցնդում համարյա այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Ափսոս էր լեգենդը:

Տեսանյութեր

Լրահոս