
ՌԴ-ի քաղաքական ղեկավարության ավելի քան 100 ներկայացուցիչ հայտնվել է ԵՄ-ի «սև ցուցակում». Коммерсантъ

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի քաղաքացիների ընդլայնված ցուցակը, որոնց նկատմամբ կարող են կիրառվել ԵՄ-ի վիզային ու ֆինանսական պատժամիջոցները, բաղկացած է 107 մարդու: Ցուցակում ընդգրկվել է Ռուսաստանի գրեթե ողջ քաղաքական բարձրագույն ղեկավարությունը:
Կան նաև հայտնի լրագրողներ: Այս մասին է վկայել թերթի տրամադրության տակ հայտնված այդ ցուցակի պատճենը: Թերթն ընդգծում է, որ ցուցակում հայտնվելը դեռ չի նշանակում, թե նրանց բոլորի դեմ կիրառվելու են իրական սահմանափակումները:
ԵՄ-ը անհատական նոր պատժամիջոցների սահմանումը դիտարկում է որպես միջանկյալ քայլ՝ տնտեսական ներգործության մեթոդներ կիրառելու ճանապարհին: ԵՄ-ի առաջնորդները պայմանավորվել են, որ տնտեսական պատժամիջոցների կդիմեն, եթե Ռուսաստանն իր զորքերը մտցնի Ուկրաինայի արևելք:
Բայց քանի որ ներկա դրությամբ Ռուսաստանը չի գնացել այդ քայլին, ուստիև ԵՄ-ը դեռ չի պատրաստել համապատասխան սահմանափակող միջոցների այդ փաթեթը: