Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հղած ուղերձը առողջությամբ համաշխարհային օրվա առթիվ

Տարեկան ավելի քան մեկ միլիոն մարդ է մահանում մոծակների, ճանճերի, տիզերի և այլ միջատների, ասենք՝ հոդվածավոր բզեզների միջոցով փոխանցվող հիվանդություններից: Այս «փոխանցվող» հիվանդությունները, որոնցից են մալարիան, արևադարձային տենդը, դեղին տենդը, ճապոնական էնցեֆալիտը, Շագասի հիվանդությունը և լեյշմանիոզը, առաջացնում են խրոնիկական հիվանդություններ ու վիթխարի տառապանք պատճառում հարյուր միլիոնավոր մարդկանց:

Կլիմայի փոփոխությունը, բնական միջավայրի վերափոփոխումը, միջազգային առևտրի և ճամփորդությունների աճը ավելի մեծ թվով մարդկանց են ենթարկում այս հիվանդությունները փոխանցողների հետ շփման: Դրանք մեծ վտանգ են ներկայացնում բոլոր տարածաշրջաններում, այդ թվում այն երկրներում, որտեղ նախկինում նմանատիպ սպառնալիքն արմատախիլ է արվել, սակայն ամենից շատ տուժում են աշխարհի ամենաաղքատ մարդիկ, հատկապես նրանք, ովքեր ապրում են հեռավոր գյուղական համայնքներում՝ հեռու առողջապահական ծառայություններից, կամ քաղաքային աղքատիկ թաղամասերում: Խորապես ազդելով մարդկանց առողջության վրա` փոխանցվող հիվանդությունները լուրջ խոչընդոտ են աղքատության հաղթահարման և կայուն զարգացման ճանապարհին:

Քանի որ մենք ձգտում ենք հասնել Հազարամյակի զարգացման նպատակներին և սահմանել հետ-2015-յան նախատեսվող զարգացման օրակարգը, եկեք գիտակցենք, որ փոխանցողների վերահսկման և հիվանդությունների կանխարգելման նպատակով կատարված ներդրումը իմաստուն և անհրաժեշտ ներդրում է: Հիմնվելով գիտական գիտելիքի վրա՝ մենք մշակել ենք այս հիվանդությունների հաղթահարմանն ուղղված հուսալի միջամտություններ: Աֆրիկայում, օրինակ, անկողինները պաշտպանող՝ միջատասպան միջոցներով թաթախված ավելի քան 700 միլիոն ցանցերն արդեն նպաստել են մալարիայով հիվանդացության ցուցանիշի էապես կրճատմանը, հատկապես երեխաների և հղի կանանց շրջանում:

Կայուն քաղաքական հանձնառությունները կարող են միլիոնավոր կյանքեր փրկել և ապահովել սոցիալական ու տնտեսական զգալի արդյունքներ: Բայց կարևոր է գիտակցել, որ փոխանցողների վերահսկողությունը ոչ միայն առողջապահության ոլորտի խնդիրն է: Վատ պլանավորված զարգացման նախաձեռնությունները, օրինակ` անտառների հատումը, ամբարտակների կառուցումը կամ ոռոգումը՝ սննդամթերքի արտադրությունը խթանելու նպատակով, կարող են բարդացնել հիվանդությունների խնդիրը: Այս հարցի լուծումը պահանջում է ինտեգրված, համաձայնեցված և միասնական ջանքեր բազմաթիվ ոլորտներում, այդ թվում` շրջակա միջավայրի, գյուղատնտեսության, ջրի և սանիտարիայի, քաղաքաշինության և կրթության:

«Փոխանցվող» հիվանդությունների դեմ պայքարում դեր ունեն կատարելու բոլորը` միջազգային կազմակերպությունները, կառավարությունները, մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունը, համայնքային խմբերն ու անհատները: Այսօր` առողջապահության համաշխարհային օրը, կոչ եմ անում երկրներին և զարգացման ծրագրեր իրականացնող գործընկերներին՝ առաջնահերթություն դարձնել փոխանցողների վերահսկողությունը: Եկե՛ք համախմբվենք՝ վերացնելու մադկանց առողջության և զարգացման այս լուրջ, բայց մեծապես կանխարգելելի սպառնալիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս