Հրաշալի քառյակը կիսում է վարչապետի դեմ տարած հաղթանակի ռազմավարը
Խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերը երեկ կրկին հավաքվել էին՝ թերևս, նշելու իրենց վաղաժամ հաղթանակը: Սա, ըստ էության, նաև հրաժեշտի հավաքն էր, քանի որ քառյակը շուտով կտրոհվի. հավաքվելու անհրաժեշտության բացակայության պատճառով:
Ինչպես հայտնի է` այս ուժերին միավորում էր Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության հրաժարականի պահանջը, ինչի համար նրանք պատրաստվում էին երեք օր շուրջօրյա հանրահավաք անցկացնել: Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, և դրանով վերացավ շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու անհրաժեշտությունը:
Այն, որ երեկվա հավաքը հրաժեշտի հանդիպում էր, պարզ երևաց նաև նրանից, թե ինչպես ավարտվեց այն: Բոլոր մյուս հանդիպումների ավարտից հետո կողմերը խորհրդակցությունների սենյակից դուրս էին գալիս միաժամանակ և համատեղ: Երեկ առաջինը դուրս եկան ԲՀԿ ներկայացուցիչները, հետո` ՀՅԴ, հետո` ՀԱԿ, իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ում աշխատասենյակում ընթանում էր հանդիպումը, մնաց այնտեղ:
Այս հերթականությունը նույնպես պատահական չէ: Երեկ, երբ ընթանում էր քառյակի հանդիպումը, ԲՀԿ նախագահը նախագահական նստավայրում էր, և ըստ լավատեղյակ աղբյուրների` նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկում էր ապագա կառավարությունում ԲՀԿ-ի մասնակցության ձևաչափն ու կազմը:
ԲՀԿ-ն վարչապետի պաշտոն չի ուզում` չնայած առաջարկող էլ չկա: ԲՀԿ-ականներին պետք է, որ նրանց վերադարձը կառավարություն լինի այնպիսին, որ նրանք դա կարողանան մեկնաբանել` որպես հաղթական վերադարձ:
ԲՀԿ-ականներն ասում են, որ հաղթանակ կարելի է համարել թեկուզ Տիգրան Սարգսյանի հրաժարականը:
Մյուս կարևոր ձեռքբերումը, որը կարելի է հաղթանակ որակել, կլինի այն, եթե ԲՀԿ-ն ապագա կառավարությունում ավելի մեծ ներգրավվածություն ունենա, քան ուներ նախորդ կոալիցիայում:
Հիշեցնենք, որ մինչև 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրությունները գործած կոալիցիոն կառավարությունում ԲՀԿ-ն ուներ չորս նախարարական պորտֆել:
ԲՀԿ-ականները ցանկալի են համարում, որ այդ թիվն ավելանա, որպեսզի իրենք կարողանան «ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել» կառավարության նոր ծրագրի իրականացման հարցում: Բայց եթե նույնիսկ այդ թիվը մնա նույնը, միևնույն է, իրենք կարող են ասել, որ կարևորը պորտֆելների քանակը չէ, այլ այն ծրագիրը, որն իրականացնելու է կառավարությունը:
ԲՀԿ-ի մյուս հրապարակային պահանջը, որ եղել է ապագա կառավարության կազմի վերաբերյալ, նրա` ՀՀԿ-ական չլինելն է: Սա չի նշանակում, որ կառավարության կազմում չպետք է լինեն ՀՀԿ-ական նախարարներ, այլ ընդամենն այն, որ նրանց թիվը չպետք է ավելի մեծ լինի ոչ ՀՀԿ-ականներից:
Ամենայն հավանականությամբ, ԲՀԿ այս «պահանջը» ևս ապագա կառավարության կազմավորման դեպքում կբավարարվի, և ԲՀԿ-ն կկարողանա հայտարարել, որ իրենք ապագա կառավարության կազմում մասնակցում են միայն այն պատճառով, որ իրենց բոլոր պայմանները բավարարված են:
Ապագա կառավարության կազմում կընդգրկվի նաև ՀՅԴ-ն: Այս կուսակցությունը երբեք էլ դուրս չի եղել իշխանական համակարգից, չնայած ֆորմալ առումով, գրեթե երկու տարի կառավարության կազմում չի ունեցել ներկայացուցիչ:
ՀՅԴ-ի պայքարը նույնպես Տիգրան Սարգսյանի դեմ էր, քանի որ կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ Տիգրան Սարգսյանը պատերազմ է հայտարարել իրենց կուսակցությանը: ՀՅԴ-ն ընդունել էր այդ մարտահրավերը, և հիմա նրանք կարող են փաստել, որ հաղթել են իրենց պատերազմ հայտարարած վարչապետին: Իսկ հաղթողները պետք է ինչ-որ փոխհատուցում ստանան` գոնե երկու նախարարական պորտֆելի տեսքով:
Թվում է, թե ԲՀԿ-ի՝ կառավարության կազմ մտնելու դեպքում անհեթեթ վիճակում է հայտնվում նրան քաղաքագիտական վերլուծության շրջանակներում գործընկեր դարձած ՀԱԿ-ը, որն ամեն կերպ փորձում էր ԲՀԿ-ին մղել դեպի ամբողջական իշխանափոխություն, իսկ ԲՀԿ-ն բավարարվեց «մասնակի իշխանափոխությամբ»` վատ վիճակի մեջ դնելով ՀԱԿ-ին:
Բայց պետք չէ թերագնահատել ՀԱԿ-ին և նրա ներկայացուցիչներին մեղադրել քաղաքական կարճատեսության մեջ: Իրականում, իրադարձությունների զարգացման նման սցենարի դեպքում, ՀԱԿ-ը ևս հաղթողների մեջ է:
Նախ` ԲՀԿ-ի հետ համագործակցությունը ՀԱԿ-ի վերնախավի համար ապահովեց նյութական բարեկեցություն, և բավական շոշափելի: Եթե ԲՀԿ-ն հայտնվի կոալիցիայում, ապա ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությունը, թեկուզ ստվերային, կշարունակվի, ինչը նշանակում է որ նյութական բարեկեցության աղբյուրը չի ցամաքի: Սա ձեռնտու է երկուստեք:
Եթե ԲՀԿ-ն դադարեցնի նյութական համագործակցությունը ՀԱԿ-ի հետ, ապա մեծ է վտանգը, որ ՀԱԿ առաջնորդն ու նրա շրջապատը կսկսեն քարկոծել Ծառուկյանին, նրան մեղադրել դավաճանության մեջ, մինչդեռ ՀԱԿ առաջնորդը կարող է կրկնել, որ չպետք է կորցնել հույսը, որ ԲՀԿ-ին կարելի է պոկել իշխանությունից և դարձնել ընդդիմադիր: Իսկ ԲՀԿ-ն մի քիչ փող տալով ՀԱԿ-ին` կարող է ասել, որ այդպիսով նրան պահում է իր հսկողության տակ:
Եթե ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն մտնում են իշխանական կոալիցիա, ՀԱԿ-ը հնարավորություն է ստանում հայտարարելու, որ ինքը փորձեց այդ կուսակցություններին օգտագործել ամբողջական իշխանափոխություն անելու համար, բայց նրանք բավարարվեցին կեսքայլով: ՀԱԿ-ը կարող է հերոսական դիրք ընդունել և պահանջել, որ հասարակությունը շարունակի իրեն ընդունել` որպես ամենասկզբունքային և ամենաարմատական ընդդիմադիր:
Այս հարցում ՀԱԿ-ի և «Ժառանգության» վեճը կշարունակվի, քանի որ վերջինիս ներկայացուցիչները ևս կհիշեցնեն, որ իրենք հանդես են եկել` հօգուտ ամբողջական իշխանափոխության:
Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է առաջարկել այդ վեճը լուծել հանրահավաք անելու միջոցով. ով ավելի շատ մարդ հավաքի «Ազատության» հրապարակում, նրան էլ հասարակությունը ճանաչում է ամենաարամատական ընդդիմության առաջնորդ: Ունենալով ԲՀԿ-ի նյութական և մարդկային աջակցությունը` ՀԱԿ-ին հերթական անգամ կհաջողվի հաղթել այդ պայքարում: