«Ժառանգությունը» մաս կկազմի՞ ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը

«Ժառանգություն» խմբակցությունը կքննարկի ազգային համաձայնության կառավարությանը մաս կազմելու հնարավորությունը, եթե ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից ներկայացված այլընտրանքային ծրագիրն ընդունվի կառավարության կողմից: Պատասխանելով 168.am-ի հարցին, թե «ժառանգության» համար ընդունելի կլինի՞, որ նոր վարչապետը կրկին ՀՀԿ-ից լինի, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Մենք երբեք որևէ անհատի հարց չենք դրել»:

Մեր դիտարկմանը, թե խոսքը ոչ թե անհատի մասին է, այլ՝ քաղաքական ուժի, նա պատասխանեց. «Մենք ներկայացնում ենք այլընտրանքային ծրագիր և եթե այն կընդունվի մեծամասնության կողմից՝ կարելի է քննարկել անհատների հարցը: Մենք ընդդեմի չենք գնում, մեր մոտեցումը եղել է հանուն և մենք համագործակցում ենք պետության մեջ համակարգային, արմատական փոփոխությունների համար»:

Հարցին, թե մաս կկազմե՞ք ազգային համաձայնության կառավարությանը, Ռուբեն Հակոբյանը կրկնեց, թե իրենց համար շատ կարևոր է այլընտրանքային այն ծրագիրը, որն իրենք պատրաստվում են ներկայացնել կառավարությանը, ապա շեշտեց, որ դրա ընդունումից հետո միայն կարելի է խոսել կառավարության ձևավորման մասին:

«Մենք կներկայացնենք ծրագիր, որը կունենա երկու կարևոր բաղադրիչ՝ քաղաքական և սոցիալ-տնտեսական, որը պետք է ներկայացվի Կառավարությանը, հիմա եթե կլինի, կընդունվի, կդառնա միս ու արյուն, բնականաբար, այդ դեպքում, որպես հետևանք կարելի է քննարկել Կառավարության ձևավորումը»,- մանրամասնեց նա:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե ծրագրի ընդունումից հետո «Ժառանգությունը»  մաս կկազմի՞ ազգային համաձայնության կառավարությանը, Ռ. Հակոբյանը չբացառեց՝ նշելով. «Մենք ասել ենք, որ եթե մեր ծրագիրը ընդունվի բնականաբար ինչ-որ ձևով պետք է մասնակից լինենք այդ ծրագրի իրականացմանը: Կարևոր չէ Կառավարության անդամ կլինենք, թե… այլն, և այլն, կարևորը, որ մենք ասել ենք, որ Կառավարության անդամ դառնալու ցանկություն չի արտահայտվում»:

Անդրադառնալով այն տեսակետներին, թե վարչապետի հրաժարականով քառյակի սկսած գործընթացի առաջին փուլն ավարտված է և հերթը ամբողջական իշխանափոխության՝ Սերժ Սարգսյանի հրաժարականինն է, հետաքրքրվեցինք՝ արդյոք քառյակը պատրա՞ստ է աշխատել ամբողջական իշխանափոխության համար: Սակայն ի պատասխան Ռ. Հակոբյանն ասաց, թե նման հարց քառյակն իր այսօրվա նիստում չի քննարկել: «Բնականաբար, այդպիսի քննարկում, օրակարգ մենք այսօր չունեինք, բայց քառյակում տարբեր քաղաքական ուժերը տարբեր մոտեցումներ ունեին: «Ժառանգությունը» ամբողջական իշխանափոխությանն է կողմնակից»:

Լրագրողների հարցին, թե արդյոք Տիգրան Սարգսյանի հրաժարականը Սերժ Սարգսյանի կողմից զիջո՞ւմ էր, թե՞ խորամանկ քայլ, Ռ. Հակոբյանը պատասխանեց, թե դա այն հնարավոր քայլերից մեկն է, որը կարող էր տվյալ պարագայում անել իշխանությունը:

Ըստ նրա՝ քառյակի գնահատականը Տ. Սարգսյանի հրաժարականի մասին այն է, որ Կառավարության հրաժարականը չորս ոչ իշխանական ուժերի համատեղ գործունեության արդյունքն է:

Ի դեպ, քառյակի այսօրվա նիստից առաջինը դուրս եկան ԲՀԿ-ական պատգամավորները, ապա ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները, իսկ մի քանի րոպե անց՝ դուրս եկավ ՀԱԿ-ը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ ուներ «Ժառանգությունը» քննարկելու ՀԱԿ-ի հետ՝ առանց ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի: Ռուբեն Հակոբյանն էլ կես կատակ կես լուրջ պատասխանեց, թե պատճառը սուրճն էր: «Դեռ սուրճը չէր վերջացել, շարունակում էինք սուրճ խմել»,- նշեց նա:

Հարցը՝ արդյո՞ք պատճառն այն էր, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ամբողջական իշխանափոխության կողմնակիցը չեն, նա շրջանցեց՝ նշելով. «Բոլոր դեպքերում ասեմ, որ մենք մեկ անգամ ևս հաստատեցինք, որ չորս ոչ իշխանական ուժերը պետք է շարունակեն իրենց համատեղ գործունեությունը: Եվ մենք ցանկանում ենք, որ այս ուժը, որը իսկապես ոգևորություն է առաջացրել քաղաքական դաշտում, որ կարողանան համաձայնության գալ»:

Նա նաև հայտնեց, որ ապրիլի 28-ի քառօրյա նիստում քառյալը հանդես կգա կուտակային կենսաթոշակային հարցի հետ կապված օրինագծով և հայտարարությամբ:

Տեսանյութեր

Լրահոս