Ռաֆիկ Պետրոսյան. ՍԴ-ն ցույց տվեց, որ Կառավարությունը՝ իր բոլոր լծակներով, նախարարներով, սխալ է

Սահմանադրական դատարանի կողմից կայացրած երեկվա որոշումը, ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանի համոզմամբ՝ իմաստուն էր: «Երկրորդ անգամն է՝ ՍԴ-ն իմաստուն որոշում է ընդունում: Առաջինը՝ հայ-թուրքական պայմանագրերի մասով էր, երկրորդն էլ սա էր, որը հասարակության, ժողովրդի պահանջն էր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռաֆիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը, ըստ որի՝ պարտադիր կուտակային բաղադրիչի մասին օրենքի հոդվածների սահմանադրականության հարցով որոշման վիճարկվող դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, միաժամանակ՝ իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 30-ը:

«ՍԴ-ն ընդունեց, որ կենսաթոշակը մարդու սեփականությունն է, որն անձեռնմխելի է, կարող է տնօրինել, տիրապետել, օգտագործել միայն սեփականատերը, և, քանի որ տեղի էր ունեցել հակառակը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեպքում՝ իշխանությունը, կառավարությունն այդ կամքը հաշվի չէին առել, անվավեր ճանաչվեց օրենքը»,- նշեց ՀՀԿ անդամը՝ հավելելով, որ անվավեր են համարվել բոլոր դրույթները, ինչը նշանակում է, որ օրենքը ուժը կորցրած պետք է համարել:

Պարզապես, ըստ Ռ. Պետրոսյանի, մինչև սեպտեմբեր ամիսը կմշակվեն նոր, ավելի ընդունելի դրույթներ, որոնք կվավերացվեն և կլինեն Սահմանադրությանը համապատասխան: Նա նշեց, որ թյուրիմացություններից խուսափելու համար ՍԴ-ն կարող էր  մեկ կետով անվավեր ճանաչել ամբողջ օրենքը՝ առանձին դրույթներն անվավեր ճանաչելու փոխարեն, ինչպես նաև՝ «պետք է անվավեր ճանաչվելուց հետո գրվեր, որ օրենքն անվավեր է ճանաչվում ընդունման պահից, գրվեր, որ քաղաքացիների գումարները պետք է վերադարձվեն»:

Մեր ճշտող հարցին, թե Կառավարությունը հակասահմանադրական օրե՞նք էր հեղինակել, որը ՍԴ-ի կողմից հանվեց գործածությունից, Ռ. Պետրոսյանը պատասխանեց. «Փաստորեն՝ այո, ցույց տվեց, որ Կառավարությունը՝ իր բոլոր լծակներով, նախարարներով, ովքեր պաշտպանում էին այս օրենքը, սխալ է, որովհետև խախտել են սեփականության մասին իրավունքը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Կառավարությունն այն ժամանակ էլ հասկանում էր, որ սխալ քայլի է դիմում, բայց անում էր:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ընդդիմադիր գործիչների հայտարարություններին, որ Կառավարությունը ՍԴ որոշումից հետո պետք է հրաժարական տա, Ռ. Պետրոսյանն ասաց, թե միայն այդ հարցը բավարար չէ Կառավարության հրաժարականը պահանջելու համար: «Ընդդիմությունը պետք է ծանրութեթև անի ու նման պահանջ առաջադրելիս միայն այս փաստի վրա չհիմնվի: Սա ընդամենը մեկ օրենքի հարց է»,- հուշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս