«Սատանի մայլում՝ քյանդրբազություն»… ներողություն՝ «ֆեյքաբազություն». «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Մարտի 31-ին Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ էին «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի (որ առավել հայտնի է իբրև «ֆեյքերի» մասին նախագիծ) շուրջ։ Իրականամ այդ «միջոցառումը», իմ հեռակա տպավորությամբ, ավելի շատ լսումների իմիտացիա էր, որպեսզի հետո ասեն. «…խորհրդակցել ենք նաև ոլորտի ներկայացուցիչների հետ, հաշվի ենք առել նրանց մտահոգություները, դիտողություններն ու առաջարկությունները…»։
Տիպիկ կոմունիստական, ներողություն՝ ՀՀԿ-ական դեմագոգիա, որովհետև այն, ինչ պատմեցին այդ «քննարկումների» մասին ընկերներս, այն, ինչ իբրև դրա մասին տեղեկատվության հրատարակված է ԱԺ կայքում, և այն, ինչ ներկայացրեց պետական քարոզչության խուսափող Հանրային հեռուստատեսության լրատվական ծրագիրը (իսկ նրա լուրում բառ անգամ չկար մեդիադաշտի ներկայացուցիչների քննադատական ելույթներից), գալիս են փաստելա մի բան. սույն մեռելածին օրինագծի հեղինակները ընդամենը բուռն գործունեության պատրանք էին ստեղծում, իսկ հրաժարվել իրենց անհեթեթ ձեռնարկից չեն պատրաստվում։
Քաղաքական «ֆեյքերը» մեզ առարկում են՝ ասելով՝ հո չե՞նք կարող ամբողջ օրը հետևել, թե ինչ է գրվում, ու պատասխան կամ հերքում գրել։ Տամ հակընդդեմ հարցը՝ իսկ նույնը չի, որ պիտի հետևեք ու գրավոր պահանջեք հեռացնել այս կամ այն գրությունը, կամ դիմեք դատարան։ Մի՞թե դա ավելի շատ ժամանակ չի խլելու։ Չունեն պատասխան։ Որովհետև իրենց 3 խնդիրը պարզ է՝ ընտրովի են դատի տալու։ Ինչպես ընկերներիցս մեկն ասաց՝ ձեռնարկի հեղինակներն արդեն իսկ աչքի առաջ ունեն կոնկրետ լրատվամիջոցներ, որոնց դեմ պայքարի համար էլ երկնել են այդ օրինագիծը։ Ինչպես 2000 թվականին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» աոաջին օրենքի մրցույթների մասին անկապ ձևակերպումները երկնեցին՝ միայն ու միայն «Ա1+» հեռուստաընկերությունը փակելու համար, և հասան դրան։
Հանդիսավոր խոսք եմ տալիս՝ երդվելով մորուքովս. եթե քաղաքական «ֆեյքերի» հեղինակած անհեթեթությունը, հակառակ մեդիաոլորտի ընդդիմանալուն, ընդունեն, և այն գործողության մեջ դնելուց հետո քաղաքական «ֆեյքերից» մեկի մտքով անցնի որևէ կայքից հեռացնել տալ այս կամ այն գրությունը, ապա ես առաջիններից եմ լինելու (ասում եմ առաջիններից, ոչ թե առաջինը, որովհետև ունեմ լիքը ընկերներ, որոնք խոստացել են նույնը անել), որ, օգտագործելով իմ ունեցած հնարավորությունները, տարածելու եմ այդ՝ նրանց կարծիքով, զրպարտչական կամ վիրավորական գրությունը…»։
Մեսրոպ Հարությունյան
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։