ԲՀԿ-ականների մի մասը տեղյակ չէ, որ ԲՀԿ-ն պատրաստվում է հանրահավաքների

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները տարակարծություններ ունեն ապրիլի 28-ից հետո սպասվող զարգացումների շուրջ:

Պատգամավորների մի մասը «բարիկադներ» է կանխատեսում, մյուսները` հորդորում են` որքան հնարավոր է զերծ մնալ նման ցնցումներից, իսկ ոմանք անգամ տեղյակ չեն շուրջօրյա հանրահավաքների անցկացման մասին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 28-30-ը ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և ԲՀԿ խմբակցությունները պատրաստվում են Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել` խոստովանելով, որ չունեն միասնական քայլերի սցենար` ի՞նչ քայլեր են նախաձեռնելու ապրիլի 28-ից հետո:

Թե ինչո՞ւ են քառյակի աշխատանքները սահմանափակվում ապրիլի 28-ով, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանի խոսքով, պատճառը մեկն է` մինչև Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը խորհրդարանին ներկայացնելը գործադիր մարմինը պետք է հրաժարական տա:

«Մենք հույս ունենք, որ մինչև հանրահավաքն էլ իրենք սթափ կմտածեն իրավիճակի շուրջ: Մեզ մենակ մի բան կարող է կանգնեցնել, որ հանրահավաքներ չանենք, այն է, որ կառավարությունը մինչև ապրիլի 28-ը հրաժարական տա»,- մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանը` շեշտելով, որ կառավարությունը պետք է հրաժարական տա:

Մեր հարցին, թե իրենք պատրա՞ստ են «բարիկադներին, ցնցումներին», ինչի մասին հայտարարել էր ԲՀԿ մեկ այլ պատգամավոր` Վահան Բաբայանը, Ա. Ավետիսյանը պատասխանեց.

«Օրը կգա, բարին էլ` հետը: Բայց բոլոր դեպքերում, մենք կողմնակից չենք ցնցումների. մենք ուզում ենք հարցը լուծել ավելի քաղաքակիրթ ձևով, իսկ ցնցումները բոլորիս էլ վնաս են, օգուտ չի տալու: Բայց կրկնում եմ` հակառակ պարագայում, եթե կառավարությունը հրաժարական չտա մինչև ապրիլի 28-ը, մեզ այլ տարբերակ չի մնա»:

Արմեն Ավետիսյանն ասաց, թե համատեղ հանրահավաքները կշարունակվեն, եթե կառավարությունն անգամ այդպես էլ հրաժարական չներկայացնի: ԲՀԿ-ական պատգամավոր Հայկ Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե անպայման մասնակցելու է հանրահավաքներին, ավելին` անհրաժեշտության դեպքում պատրաստ է նաև «բարիկադների» տարբերակին:

Մեր հարցին, թե արդյոք շուրջօրյա հարահավաքները ՀՀԿ-ի դիրքորոշման վրա որևէ ազդեցություն կունենա՞ն, Հ. Խաչատրյանը պատասխանեց. «Բա ո՞նց կարող ա ազդեցություն չունենան»: Միաժամանակ, Խաչատրյանի խոսքով, իրենց նախաձեռնած հանրահավաքները մեծամասնությանը ճնշել չեն կարող և առհասարակ նման միտում էլ չեն հետապնդում:

«Դրա իմաստը ճնշումը չէ, այն է, որ ժողովուրդն չարտագաղթի, ապրեն նորմալ, էդ ա, թե չէ ի՞նչ ճնշում, ինչի՞ համար. դա բան չի փոխի, դրանից չի փոխվի, հաստատ չէ… Հեն ա, տեսաք, սաղ մի մարդու պես (նկատի ունի` ՀՀԿ-ական պատգամավորները.- Տ.Մ.) կողմ էին քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգին, բայց քանի՞ կետով հակասահմանադրական ճանաչվեց ՍԴ-ի կողմից, դե, ընդեղ գաղափարի կռիվ չի` ոնց ասում են, տենց լինում ա»,- ասաց նա:

Երբ հետաքրքրվեցինք, թե հանրահավաքներ անելով կամ չանելով, ՀՀԿ-ն, միևնույն է, դե՞մ է քվեարկելու կառավարության հրաժարականի պահանջին, պատգամավորը դրական պատասխան տվեց. «Անպայման»: Ինչ վերաբերում է «բարիկադների» հնարավոր սցենարին, ապա Հ. Խաչատրյանը հույսն Աստծո հետ կապեց` նշելով, թե չէր ցանկանա գործընթացների նման զարգացում:

«Դե, դա ժամանակը ցույց կտա` ինչ կլինի, բայց ինձ թվում է, որ կգնան զիջումների: Աստված ոչ անի, որ գործը բարիկադներին հասնի. ամեն դեպքում լավ բան չի»,- ասաց նա` շեշտելով, որ եթե կարիք լինի` ինքը պատրաստ է դիմել «բարիկադների»: «Եթե կարիք լինի` կգնանք, դրան էլ կգնանք»,- հավելեց նա:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանից էլ հետաքրքրվեցինք, թե արդյոք ինքը մասնակցելո՞ւ է շուրջօրյա հանրահավաքներին: Պատգամավորը որևէ հստակ պատասխան այդպես էլ չտվեց` նշելով, որ խմբակցությունում նիստ կհրավիրվի, հարցը կորոշվի, ու ինքը կվարվի այնպես, ինչպես իր թիմը: Մեր հարցին, թե արդյոք հանրահավաքներ անելով` քառյակը կկարողանա՞ մտափոխել ՀՀԿ-ին` կողմ քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, նա պատասխանեց. «Սահմանադրական որոշումով արդեն շատ հարցերի պատասխաններ են տրվել, մնացածն արդեն հետո կերևա…»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն էլ, պարզվում է, ընդհանրապես տեղյակ չէ, որ խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունները, այդ թվում` իր կուսակցությունը, պատրաստվում են ապրիլի 28-30-ն Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել:

Երբ Արագած Ախոյանից հետաքրքրվեցինք` արդյոք ինքը մասնակցություն ունենալո՞ւ է քառյակի եռօրյա հանրահավաքներին, նա զարմացավ. «Ես տեղյակ չեմ, առայժմ տեղեկացված չեմ»: Մեր դիտարկմանը, թե նման որոշում է կայացրել ոչ իշխանական քառյակը, այդ թվում` իր կուսակցությունը` ԲՀԿ-ն, Արագած Ախոյանն այսպես արձագանքեց. «Որոշում կլինի, որոշման մասին մեզ տեղյակ կպահեն, կիմանանք»: Իսկ շուրջօրյա հանրահավաքների գաղափարի շուրջ Ա. Ախոյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ` ասելով.

«Չեմ կարող պատասխանել»: ԲՀԿ-ական Վահագն Մախսուդյանն էլ, հավանաբար տեղյակ չլինելով, որ շուրջօրյա հանրահավաքի նախաձեռնողներից մեկն իր կուսակցությունն է, պատասխանելով մեր հարցին, թե` մասնակցելո՞ւ է հանրահավաքներին, ասաց. «Որոշում կլինի, ու մեր որոշմամբ ովքեր որ կմասնակցեն, կմասնակցեն: Հիմա որոշում չունենք, եթե որոշեն մասնակցել, կգնանք կմասնակցենք, քաղխորհուրդը ոնց որոշեց, այդպես էլ արվելու է»:

Տեսանյութեր

Լրահոս