«Թող որևիցէ մեկն իրեն անհասկացողի տեղ չդնի». Սամվել Նիկոյանի կարծիքով` չորս ուժերը փորձում են շանտաժ կիրառել իշխանության հանդեպ

Այսօր ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ոչ իշխանական չորս խմբակցությունների միջև հերթական դռնփակ նիստից հետո հայտարարեց, որ որոշում է կայացվել ապրիլի 28-ից 30-ը Ազատության հրապարակում շուրջօրյա համատեղ հանրահավաքներ անցկացնելու մասին:
Այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանից` հարցնելով, թե ինչպե՞ս է վերաբերում չորս ուժերի նախաձեռնությանը:

«Ցանկացած հանրահավաք Սահմանադրությամբ և օրենքներով թույլատրելի և ժողովրդավարական երկրին հարիր գործողություն է, և դրան նորմալ ենք վերաբերում: Ցանկացած հավաք, որն իր մեջ կպարունակի սպառնալիք երկրի կայունությանը, անվտանգությանը, որը ոմանք կարող ենք որպես շանտաժ կիրառել իշխանությունների հանդեպ, կստանա իր համապատասխան գնահատականը, դա միանշանակ է: Այդպես եղել է մեր նորագույն պատմության յուրաքանչյուր ժամանակահատվածում, յուրաքանչյուր իշխանության օրոք, և այդպես է յուրաքանչյուր երկրում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սամվել Նիկոյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն կլինի իշխանության այդ «գնահատականը», եթե ոչ իշխանական ուժերի գործողությունները, իր բնորոշմամբ, սպառնան Հայաստանի անվտանգությանը, պարոն Նիկոյանը, որպես օրինակ, հիշեց Ուկրիայինայի վերջին իրադարձությունները, որի արդյունքում «ուկրաինացիները կորցրեցին իրենց երկրի մի մասը»:

«Եթե որևէ գործողություն սպառնալու է ՀՀ ներքին անվտանգությանը, նույնը վերաբերում է նաև արտաքին անվտանգությանը, որովհետև դրանք միմյանց հետ շաղկապված են, և թող որևիցէ մեկն իրեն անհասկացողի տեղ չդնի և ասի, որ չէ, դա այդպես չէ,- ասաց նա:

Կարդացեք նաև

«Իմ կարծիքով` նման իրավիճակում, այդպես եղել է և այդպես կլինի, իշխանությունները գործում են շատ հստակ, որովհետև մենք ունենք այդպիսի խնդիր` Ղարաբաղի հարցը, որն ուղիղ կերպով կապված է ներքաղաքական իրավիճակի հետ»,- ավելացրեց մեր զրուցակիցը:

Մեր հարցին, թե, իր գնահատմամբ, արդյոք չորս ուժերի գործողությունները հավակնո՞ւմ են սպառնալ Հայաստանի անվտանգությանը, նա պատասխանեց` «կարծում եմ` ոչ»: Նիկոյանի խոսքերով` դա ավելի շուտ իր մեջ պարունակում է «շանտաժի էլեմենտ»:

Սամվել Նիկոյանը կարծում է, որ դրա նպատակը «վարչապետի պաշտոնի շուրջ կռիվն է»:

«Չորս ուժերից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները, նրանց շահերը կարող են ինչ-որ մասով համընկնել, բայց թվացյալ է: Ես մեկ տարի շարունակ կրկնում եմ` Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական զարգացումների առանցքը լինելու է վարչապետի պաշտոնի շուրջ»,- նշեց նա:

Մենք նաև հետաքրքրվեցինք Սամվել Նիկոյանից` այդուհանդերձ, որքանո՞վ է հավանական համարում վարչապետի պաշտոնանկությունը ներկայիս իրադրությունում:

Ի պատասխան` հանրապետական պատգամավորն ասաց. «Ցանկացած մարդ, ով քիչ, թե շատ գործ ունի քաղաքական գործընթացների հետ, պետք է հասկանա, որ կառավարության հրաժարականի խնդիրը քաղաքական մեծամասնությա´ն և Հանրապետության նախագահի´ լիազորությունների շրջանակում է, միանշանակ:

Իրենք շատ լավ գիտեն և հասկանում են, որ իրենք դա չեն կարող անել շատ պարզ պատճառով` դրա համար անհրաժեշտ ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը, որն իրենք չունեն: Եվ Սահմանադրությունում կա հետևյալ կետը` քաղաքական մեծամասնությունը կարող է ձևավորել կառավարություն և մեծամասնությունը կարող է պահանջել կառավարության հրաժարականը: Ես միշտ ասում եմ` ոմանց համար 66-ը սատանայական թիվ է, որին իրենք ուզում են հասնել»:

Սամվել Նիկոյանը նաև ավելացրեց` չորս ուժերը չեն դնում ամբողջական իշխանափոխության խնդիր, որովհետև ուժերի մի մասին հետաքրքրում է միայն վարչապետի պաշտոնը, իսկ մյուս մասին էլ` ընդհանուր քաղաքական իշխանափոխությունը:

«Տրամաբանությունը հետևյալն է` եթե զիջում են, ապա դրան անպայման հետևում են ավելի գլոբալ զիջումները, ինչպես եղավ, օրինակ, Ուկրաինայում, երբ Յանուկովիչը ցրեց Ազարովի կառավարությունը: Իրենք էլ չեն թաքցնում, որ դա իշխանափոխության առաջին փուլն է»,- մեկնաբանեց Սամվել Նիկոյանը:

Տեսանյութեր

Լրահոս