Բաժիններ՝

«Թոռնիկս բարբի է նախընտրում, ասում է՝ հայկական տիկնիկները «պայծառ չեն, մութ են». ռեպորտաժ «Վերնիսաժից»

Երևանը, շատ այլ քաղաքների պես, ունի հատուկ թեմատիկա ունեցող տեղանքներ։ Օրինակ, Սայաթ-Նովա փողոցը մայրաքաղաքի լավագույն տեխնիկական խանութների հավաքատեղին է, Աբովյանը՝ թանկարժեք խանութների, իսկ նախկին «Ռոսիա» կինոթատրոնի տարածքը՝ միջին գների հագուստի խանութների, Նար-Դոսի անունը կրող փողոց էլ մարդիկ այցելում են՝ դժբախտ առիթներից դրդված։ Երևանի նման թեմատիկ վայրերից է Վերնիսաժը, ուր հավաքված են տարբեր մասնագիտություններ և սոցիալական կարգավիճակ ունեցող մարդիկ և վաճառում են ձեռագործ իրեր, գրքեր, տեխնիկական դետալներ, և այլն։ Զբոսաշրջիկներին և անցորդներին հաճախ Վերնիսաժում հետաքրքրում է միայն վաճառվող ապրանքը, իսկ վաճառողները մնում են ստվերում։ Փորձեցինք զրուցել վերնիսաժցիների հետ, տեսնել, թե ինչ տեսակի մարդիկ են նրանք, ովքեր շաբաթ և կիրակի օրերին ժամերով նստում են իրենց առևտրի կետերում։

Կենսաբան և նախկին սուսերամարտիկ տիկին Ալենան 1998 թվականից Վերնիսաժում իր ձեռքով պատրաստված հայկական տարբեր տարազներ կրող տիկնիկներ է վաճառում։ Գները բավականին մատչելի են՝ միջին չափի տիկնիկն արժե 3000 դրամ, երբ Վերնիսաժի այլ կետերում նման տիկնիկը կրկնակի թանկ է վաճառվում։ «Ինձնից շատերն են գնում և ավելի թանկ ծախում, բայց ինձ համար միևնույն է արժեքը, կարևորն այն է, որ գործիցս հաճույք եմ ստանում»,- ասում է տիկին Ալենան։ Ձմռանը տիկնիկների առևտուրն այդքան էլ լավ վիճակում չէր, բայց եղանակի բացվելու հետ տիկնիկների «սեզոնն» էլ կբացվի՝ համոզված են տիկնիկներ վաճառողները։ Տիկին Ալենան մեզ ցույց է տալիս իր ամենասիրելի տիկնիկներից մեկը, ում նմանեցրել են զորավար Անդրանիկին, և հենց այդպես էլ խոսում են տիկնիկի մասին՝ զորավար։ Զորավարի արժեքը 6000 դրամ է։ Տիկին Ալենան ասաց նաև, որ պատվերով ստեղծում է կոնկրետ մարդկանց դեմքով տիկնիկներ, որոնց արժեքը 10000 դրամից է սկսվում։ Սուսերամարտիկ-տիկնիկագործի հետ ավարտեցինք խոսակցությունը տխուր նոտայի վրա. «Այ, թոռնիկս իմ տիկնիկների փոխարեն՝ բարբին է նախընտրում, ասում է՝ տատի, քո տիկնիկները պայծառ չեն, մութ են…»։

vernisaj (3)

vernisaj (1)

Կարդացեք նաև

Մեր հաջորդ զրուցակիցը տիկին Դոնարան է, ով վաճառում է իր ձեռքով պատրաստած կոշիկներ, հագուստ, գլխարկներ։ «Արդեն 60 տարի է՝ զբաղվում եմ գործելով, օրը 14 ժամ։ Հիմա ինձ կասեք՝ էս հալիս ինչի՞ համար եմ էդքան գործում, էստեղ կանգնում, ապրանք վաճառում։ Նրա համար եմ կանգնում, որ օգնեմ՝ երեխեքի ուսման վարձը տանք»։ Տիկին Դոնարայի որդին նույնպես վաճառքի կետում էր այդ պահին։ «Մայրս մեր բոլոր տանեցիներին այս գործով «վարակել է»,- անկեղծանում է տիկին Դոնարայի որդին,- բոլոր աղջիկները և թոռները գործել գիտեն»։ Հայկական զարդանախշերով կոշիկները տիկին Դոնարայի մոտ արժեն 3000 դրամ, իսկ նրա ասած «հայ ժամանակակից սվիտրը»՝ 20 000 դրամ:

vernisaj (6)

vernisaj (4)

Վերնիսաժում զբոսնելիս մեզ մոտեցավ մի կին և անգլերենով զգուշացրեց, որ բաց պայուսակով ենք քայլում։ Աննա Նազարյանն էր՝ ազգությամբ ռուս, հայի հետ ամուսնացած մի կին, որ դժվարությամբ է հայերեն խոսում, բայց վաճառում է ասեղնագործ հայերեն տառեր՝ թաշկինակների վրա։ Թաշկինակները 1000 դրամ արժեն և բավականին լավ են վաճառվում։ «Հիմնականում տատիկ-պապիկներին ծննդյան նվեր են առնում»,- ասում է տիկին Աննան։

vernisaj (8)

Վերնիսաժն էլ մի քաղաք է և իր թեմատիկ տարածքներն ունի։ Կենդանասերները լավ գիտեն, թե որտեղից կարելի է մաքուր ցեղատեսակի շներ և կատուներ գնել՝ Վերնիսաժի հյուսիսային մասից, Վարդան Մամիկոնյանի արձանի կողմից։

Ներկաների ուշադրության կենտրոնում ծառի տակ՝ հով անկյունում պառկած հսկա գամփռն է, որին արդեն քանի ամիս կարելի է այստեղ տեսնել։

Հարցին, թե ինչո՞ւ գամփռին չեն գնում, գամփռի տերը պատասխանեց, որ շունը չի վաճառվում։ «Իր ձագուկներին ենք վաճառում, իրեն բերում ենք, որ ձագերից չկտրվի»,- ասաց նա։

Այստեղ տարբեր ցեղատեսակների պատկանող շներ են վաճառվում, իսկ գները սկսվում են 1000 դոլարից։ Պուդել և պեկինես ցեղատեսակի շներ վաճառող կինն ասաց, որ շների վաճառքը բավականին վատ վիճակում է։ «Մարդիկ իսկի հացի փող չունեն, երեխա չեն ունենում փողի պատճառով, ուր մնաց՝ գան շուն առնեն, որ հենց երեխու պես մի բան ա, էլի»։ Նա նշեց, որ եթե երկու ամսում գոնե մեկ շուն է վաճառում, արդեն լավ է։

ԺԱՆՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակների

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս