«Սա կարող է շատ տխուր հետևանքներ ունենալ Հայաստանի համար». «Ժառանգության» խոսնակը` ՄԱԿ-ի քվեարկության մասին
Երեկ` մարտի 27-ին, Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում դեմ է քվեարկել Ղրիմի մասին բանաձևին, որով մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում անկացված հանրաքվեն ճանաչվում է անօրինական, և պաշտպանվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Նշենք, որ բանաձևն ընդունվել է, քանի որ դրան կողմ է քվեարկել 100 երկիր, ձեռնպահ՝ 58-ը, դեմ՝ 11-ը: Հայաստանից բացի` դեմ են քվեարկել նաև Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Ռուսաստանը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն: Հայաստանի իշխանության այս դիրքորոշումն արդեն իսկ դարձել է քննարկման առարկա վերլուծաբանների և քաղաքական գործիչների կողմից:
Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի քվեարկությանը, ասաց, թե բավական տարօրինակ էր այն փաստը, որ ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել էր, թե ՀՀ-ն ձեռնպահ կքվեարկի, սակայն հաջորդ օրը ի թիվս վերոնշյալ 11 պետությունների` «քվեարկեց Ռուսաստանի շահերի հանգույն»:
«Շատ տարօրինակ, մեզ համար անպատվաբեր խմբակ է` «իզգոյ» պետությունների, գումարած Ռուսաստան, որովհետև Ռուսաստանն այժմ «իզգոյ» պետություն անվանել ամեն դեպքում հնարավոր չէ: Բայց գնալ Հյուսային Կորեայի կամ Վենեսուելայի խմբակ, նշանակում է, որ մենք առնվազն պետք է ունենայինք Կորեայի կամ Վենեսուելայի ռեսուրսները: Մենք գիտենք, որ Վենեսուելան ունի նման ռեսուրս` հսկայական նավթային պաշարներ, Հյուսիսային Կորեան ունի որոշակի ռեսուրս` Չինաստանից սկսած իրեն աջակցում են ֆինանսներով, տեխնոլոգիաներով և այլն, և նա, նաև ունենալով միջուկային զենք, այդ ռեսուրսներով կարողանում է դիմակայել միջազգային ճնշումներին, թեև ես չեմ նախանձում Հյուսիսային Կորեայի ժողովրդի վիճակին: Նույնը վերաբերում է այդ խմբակի մյուս պետություններին` Նիկարագուայից մինչև Ռ. Մուգաբեի Զիմբաբվե: Բայց երբ այդ խմբակում հայտնվում է Հայաստանը, տարօրինակ է` այն դեպքում, երբ նույնիսկ Ղազախստանը կողմ չքվեարկեց, անգամ Չինաստանը և Իրանը ձեռնպահ մնացին: Եվ հանկարծ` Հայաստանի հլու-հնազանդ կեցվածքը»,- նշեց Հովսեփ Խուրշուդյանը:
Նա հիշեցրեց, որ մինչ քվեարկությունը Հայաստանի իշխանություններն ամեն կերպ փորձել էին շտկել իրավիճակը. ելույթ էր ունեցել Սերժ Սարգսյանը, բացատրել էր Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում արտահայտած իր դիրքորոշման պատճառները, խոսել էր հայ-ուկրաինական եղբայրական հարաբերությունների մասին. «Դրանից հետո նման քայլ մի բան է նշանակում` մեր իշխանություններն առաջնորդվում են բացաձապես անձնական շահերով, տվյալ դեպքում` իրենց իշխանության պահպանման, և ես ենթադրում եմ, որ այդ որոշումը կայացվել է ինչ-քննարկումների արդյունքում: Այո´, պարտադրանք է այն իմաստով, որ իրենց իշխանությունը Մոսկվայի կողմից չվնտանգելու դիմաց` գնացել են հերթական նման զիջմանը` մեր ինքնիշխանության և միջազգային հեղինակության հաշվին»:
Խուրշուդյանը նշեց, որ անգամ մեկ հեռախոսազրույցը Պուտինի հետ, որում Սերժ Սարգսյանը պարզապես խոսել էր ազատ կամարտահայտման իրավունքի մասին և հստակորեն կողմ չէր արտահայտվել Ղրիմը Ռուսաստանին միացնելու քայլին, սակայն նույնիսկ դա լուրջ գնահատականների և ակնկարկների պատճառ դարձավ:
Իսկ այս մեկը, նրա խոսքերով, արդեն կոնկրետ քայլ է` միջազգային մասշտաբով, կոնկրետ դիրքավորում է միջազգային հարաբերություններում` ընդդեմ ողջ միջազգային հանրության, քանի որ մեծամասնությունը դեմ քվեարկեց Ղրիմի անջատմանը: «Այնպես որ, կարծում եմ, որ սա կարող է շատ տխուր հետևանքներ ունենալ Հայաստանի համար, և եթե այս իշխանությունները կարծում են, թե կարող են Հայաստանից առանձին ապահովել իրենց շահերը, ապա իրենք սխալվում են, որովհետև իրենք գտնվում են նույն նավակում, որը կոչվում է Հայաստան: Մենք բոլորս այդ նավակում ենք»,- ասաց նա: