ՍԴ-ի դատավորներն այսօր ունեն պատմական հնարավորություն «Ժամանակ»
«Ժամանակը» իր այսօրվա խմբագրականումս գրում է. Սահմանադրական դատարանն այսօր քննելու է կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին օրենքի սահմանադրականության մասին հայցը, որը ներկայացրել են ոչ իշխանական խորհրդարանական քառյակի ուժերը: Արդեն մի քանի ամիս է Հայաստանում հասարակությունը պայքարում է այս համակարգի դեմ, որը պարտադրում է քաղաքացիներին իրենց աշխատավարձից առնվազն հինգ տոկոս ամեն ամիս հատկացնել այդ կուտակային համակարգին` մի քանի տասնյակ տարի հետո թոշակի տեսքով հետ ստանալու համար: Այս պայքարը իրականացվում է հիմնականում «ԴԵՄ ԵՄ» շարժման միջոցով: Սակայն կան նաև պայքարի մի քանի լոկալ օջախներ:
Սահմանադրական դատարանը հունվարին միջանկյալ որոշում կայացրեց, որով ըստ էության կասեցրեց կուտակային պարտադիր համակարգի կիրառումը հունվար, փետրվար և մարտ ամիսների համար: Այսօր հարցը քննվելու է վերջնականապես:
Մի քանի օր առաջ «Գելափը» ներկայացրեց սոցհարցման արդյունք, ըստ որի քաղաքացիների մոտ 90 տոկոսը դեմ է համակարգին, նաև անտեղյակ է, ըստ էության մեծամասնությունը, թե ինչ է իրենից ներկայացնում այդ համակարգը: Այնուամենայնիվ, չնայած այս ամենին` իշխանությունները հայտարարել են, անգամ Սերժ Սարգսյանի բերանով, որ չնայած 80 տոկոսը դեմ է համակարգին, այնուամենայնիվ համակարգը պետք է, և այն պետք է ներդրվի:
Ավելին` շատ ընկերություններում, հատկապես պետական ընկերություններում աշխատակիցների կամքին հակառակ ուղղակի կատարվել են պահումներ: Սակայն վերջին օրերին իշխանությունները հայտարարում են, որ կողմ են փոխզիջումների և օրենքի հարցում քննարկումների: Այս ամենը հասարակության մոտ հիմքեր է տվել կարծելու, որ միգուցե իշխանություններն, այնուամենայնիվ, ուշքի կգան և չեն ներդնի մի բան, որին դեմ է հասարակության մեծ մասը, և որի ակնհայտ տնտեսական անհեթեթության և աննպատակահարմարության մասին են խոսում բազում տնտեսագետներ:
Սա հարցի, այսպես ասած, ժամանակագրական և տեխնիկական կողմի մասին, մինչդեռ ոչ պակաս կարևոր է քաղաքական և հոգեբանական կողմը: Եվ ՍԴ որոշումն առաջին հերթին, իհարկե, դիտարկվելու է հենց այս կոնտեքստում:
Հայաստանում, ցավոք սրտի, Սահմանադրական դատարանը մինչև այսօր դիտվում է ոչ թե որպես անկախ դատական բարձրագույն ատյան, այլ իշխանության մի մաս, մի մարմին, կցորդ, ինչպես ասենք` որևէ ուժային կամ այլ գերատեսչություն: Եվ սրա պատճառն այն է, որ մինչև այսօր ՍԴ-ն միշտ վավերացրել է հակահասարակական և հակապետական որոշումները` սկսած կեղծված ընտրություններից 1996 թվականից ի վեր մինչև 2013 թվական:
Եվ այս ամենը հիմք են տվել հասարակությանը Սահմանադրական դատարանի հանդեպ լցվել անվստահությամբ: ՍԴ-ի դատավորները այսօր ունեն պատմական հնարավորություն փոխեու այս անվստահությունը: Եվ դրանով նաև, ըստ էության, փոխելու Հայաստանում բարոյահոգեբանական ծանր մթնոլորտի մեջ մի շատ կարևոր բան, հավատ արթնացնելու հասարակության մեջ, որ ինքը դեռ կարող է այս երկրում ինչ-որ բան փոխել, ունի պետական մի կառույց, որին կարող է ապավինել իր շահը, որին կարող է պատվիրակել խնդիրներ և ստանալ սահմանադրական լուծումներ:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա խմբագրականում։