Բաժիններ՝

«Սիրիահայության հարցում մեր բոլոր քայլերն ուշացած են»

Միջինարևելյան հարցերով վերլուծաբան, բեյրութահայ Արա Սիսեռյանը, ով թե՛ Միջին Արևելքի վերջին տասնամյակների իրադարձությունների և թե՛ Սիրիայի պատերազմի առթիվ իր վերլուծություններն է ներկայացրել տարբեր հարթակներում, այսօր Քեսաբի գրավման և հայության հարցերի շուրջ իր տեսակետները հայտնեց «168 Ժամ» թերթին:

– Պարոն Սիսեռյան, մամուլը, Քեսաբի գրավման հետ կապված, հեղեղված է իրարամերժ գնահատականներով. մի մասը թուրքական միջամտությունը տեսնում է` իբրև հայերի դեմ ուղղված քայլ, մի մասն էլ բոլորովին այլ գնահատական ունի: Ի վերջո, ի՞նչ կատարվեց մարտի 21-ին:

– Կարծում եմ` հայության դիրքորոշումն այս դեպքում սուբյեկտիվ է, և չէր կարող այդպիսին չլինել, քանի որ կա ցեղասպանության իրողությունը: Բայց այս դեպքում կարևոր էր, որ թե՛ սփյուռքյան կազմակերպությունների ղեկավարները, և թե՛ Հայաստանի ղեկավարությունն ավելի խոհեմ գտնվեին և կողմնորոշեին ժողովրդինգ Սիրիայում այսօր ծանր պատերազմ է, մարդիկ կյանքի և մահվան պայքար են մղում` ազատագրվելու պարտադրված բռնատիրությունից:

Եթե այդ պատերազմում ռազմավարական նշանակություն ունեցող հայկական ավանն այսօր ընդդիմադիրների ձեռքին է (որոնք, ի դեպ, տարբեր միջոցներով իրենց խոսքն են հասցնում հայությանը, որ մտադիր չեն քանդելու և թալանելու ավանը, և այսօրվա դրությամբ ոչ մի հայ չի մահացել, չի վիրավորվել կամ առևանգվել), ապա մենք, հակառակը գրելով և տարածելով` չե՞նք մտածում, թե ի՞նչ կարող է պատահել, եթե Սիրիայի պատերազմում դերակատարումները փոխվեն:

Կարդացեք նաև

Ես չեմ կարծում, որ Քեսաբ հայկական ավանի դեմ հատուկ թուրքական միտում կար, եթե այդպես լիներ, ապա այսօր իրավիճակը բոլորովին այլ կլիներ: Այսօրվա դրությամբ, ի՞նչ կպատահի, եթե պատերազմը շարունակվի: Սփյուռքում և Հայաստանում մամուլն ու սոցիալական ցանցերը ողողված են սխալ ու ճիշտ լուրերով, իսկ ղեկավարությունը, փոխանակ առաջնորդողի և վերլուծողի դեր ստանձնի, ընդամենը հետևում է:

Իրականությունն այն է, որ Թուրքիայի և Սիրիայի սահմանի երկայնքով, երեք տարի է` պատերազմ է, և այդ սահմանի վրա Քեսաբը Թուրքիայի և սիրիական հողերի վերջին կետն էր, ուր ասադյան ուժեր էին գտնվում: Այսինքն` այդ անցքը, ի վերջո, պիտի անցներ ապստամբների ձեռքը: Քեսաբը ստրատեգիական նշանակություն ունեցող կետ է, որը շատ անհրաժեշտ էր ապստամբներին, քանի որ ուղղակի ճանապարհ էր բացում դեպի ծով: Երբ ապստամբները կորցրին Դամասկոսի կողքին գտնվող Յակուտ շրջանը, որտեղից զենք էին ստանում, ապա պարզ էր, որ պիտի ելումուտի այլ ճանապարհ փնտրեին, որտեղից կարող էին զենք ստանալ: Իսկ ծովափին գտնվող իր դիրքով Քեսաբը շատ հարմար է, նավերի ազատ երթևեկություն կա, և այլն: Մյուս կողմից էլ` ապստամբները, ծովային ճանապարհ ունենալով, փորձում էին Թուրքիայից այլևս կախված չլինել զենքի հարցում:

– Քեսաբահայերն այսօր գտնվում են Լաթաքիայում: Ինչքանո՞վ է ապահով Լաթաքիան:

– Այսօրվա տվյալներով` ապստամբները հասել են մինչև Քեսաբի ծովափ և ընդամենը ժամեր առաջ գրավել են թիվ 45 կենտրոնը, որ Քեսաբի շրջանում գտնվող ասադյան զորքերի ամենաուժեղ դիրքն էր: Իմ կարծիքով` ապստամբները Քեսաբն այդ կողմերում իրենց հիմնական կենտրոնը չեն դարձնելու և շարժվելու են նաև Լաթաքիայի ուղղությամբ:

– Այդ դեպքում ո՞ւր են գնալու քեսաբահայերը: Իրատեսակա՞ն եք գտնում նրանց Հայաստան բերելու և բնակեցնելու կոչերը:

– Ոչ: Քանի որ Հայաստանն այսօր պատրաստ չէ այդ քայլին, և չգիտեմ էլ իշխանությունների կողմից կա՞ նման ցանկություն: Նրանք ավելի հեշտ հարևան Լիբանանում կտեղավորվեն, քանի որ և՛ մոտ է, և՛ մշակույթների, սովորությունների նմանություններ կան Լիբանանի հայության հետ:

Բայց ասեմ, որ քեսաբցիների տրամադրությունները հակված են դեպի իրենց ծննդավայրը, և նրանք վերադարձի մեծ հույսեր ունեն: Տա Աստված` ամեն ինչ լավ լինի, Քեսաբը հեռու մնա վտանգից, և նրանք էլ ապահով վերադառնան իրենց տները: Մինչև երեկ կեսօր գյուղն ապահով վիճակում էր, ոչ մի ավերվածություն չէր կատարվել, բայց երեկ երեկոյան արդեն տեղեկություններ տարածվեցին, որ ասադյան ուժերը ռմբակոծել են հայկական եկեղեցիներից մեկը:

– Պարոն Սիսեռյան, իսկ հնարավո՞ր էր կանխել Քեսաբի հայաթափումը:

– Դեպքերը տանում էին նրան, որ ապստամբները վաղ թե ուշ պիտի մտնեին Քեսաբ: Բայց կարելի էր կանխել մի ձևով. այնտեղ ապրող հայությունն ի սկզբանե պետք է չեզոք դիրքորոշում որդեգրեր` ո՛չ ապստամբների կողմը բռներ, ո՛չ էլ ասադյան ուժերի:

Այդպես եղավ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին. 17 տարի տևած քաղաքացիական պատերազմի ժամանակ լիբանանահայությունը մերժեց անցնել որևէ ուժի կողմ, այլ ինքնակազմակերպվելով` ինքը սկսեց պաշտպանել իր շրջանները, և դա հայերի ինքնապաշտպանության լավագույն օրինակներից մեկն էր միջինարևելյան բոլոր իրադարձությունների ժամանակ, որը նախադեպ դարձավ և պետք է որդեգրվեր նաև Սիրիայում:

Իհարկե, լիբանանահայությունն այդ դեպքում էլ վնասներ կրեց, բայց շատ ավելի քիչ, քան` եթե միանար պատերազմող որևէ կողմի: Իսկ Քեսաբի դեպքում ի՞նչ եղավ. հայերը հանձնվեցին վարչակարգի ուժերին, հանգիստ ու ապահով էին, թե բանակը պաշտպանելու է իրենց, և գյուղին ոչ մի վտանգ չի սպառնում: Արդյունքում` եղավ այն, ինչ եղավ: Փորձը ցույց է տվել, որ հայն ինքն իրեն պիտի պաշտպանի, ոչ ոքի չվստահի մինչև վերջ:

– Իսկ սիրիահայությունն ունե՞ր հայկական շրջանները պաշտպանելու հնարավորություն:

– Երեք տարվա ընթացքում, իհարկե, կարող էին ստեղծել և ունենալ: Երբ սկսվեց Լիբանանի պատերազմը, հայերը ոչ մի միջոց չունեին, հայ տղաներից շատերը նույնիսկ զենք բռնել չգիտեին, բայց սովորեցին և պաշտպանեցին: Սփյուռքի տարբեր կազմակերպություններ Հայաստանի ղեկավարության հետ համագործակցելով` պետք է ստանձնեին այդ գործը:

– Ձեր կարծիքով` ի՞նչ կլինի սիրիահայության ապագան:

– Շատ անորոշ է ամեն ինչ, և հիմա մենք շատ ուշացած ենք մեր անդրադարձների, կանխատեսումների և այլ հարցերում: Առհասարակ, սիրիահայության հարցում մեր բոլոր քայլերն արդեն ուշացած են: Ամեն ինչ սկզբից պիտի արվեր: Ի սկզբանե սիրիահայությունը պետք է չեզոք կեցվածք որդեգրեր: Դեպքերը սկսելուց մեկուկես տարի հետո Սիրիայի Հայոց առաջնորդարանը հայտարարեց, որ սիրիահայությունը չեզոք է, բայց հայտարարությունը մի բան է, իսկ իրականությունը` մեկ այլ բան:

Հայաստանի իշխանություններն էլ նույն չեզոք դիրքորոշումը պիտի որդեգրեին, ոչ մի կողմին չամբաստանեին, քանի որ այն հետագայում իր անդրադարձներն է ունենալու հայաշխարհի շատ հարցերում:

Օրինակ, Արաբական երկրների Լիգայի որոշ պետություններում ապրող շատ ձեռնարկատեր հայեր, որոնք Հայաստանի հետ ուղղակի շփում և բիզնես ունեն` տարակուսած են Սիրիայի հարցում Հայաստանի (որ Արաբական երկրների Լիգայի հետ սերտ համագործակցություն ունի) դիրքորոշման հարցում, այն դեպքում, երբ Արաբական Լիգան ուղղակի դատապարտել է Սիրիայի իշխանության քաղաքականությունը:

Իսկ ամենահիմնականն այն է, որ Սիրիայում իշխանափոխությունն անխուսափելի է, ուստի պետք է մտածել այդ տարածաշրջանի հայության անվտանգության մասին, եթե մենք ուզում ենք պահել միջինարևելյան այս գաղութները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս