Բաժիններ՝

Որքանով է անվտանգ Երևանի մանկապարտեզների սնունդը

Հարցազրույց Երևանի ավագանու «Բարև, Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանի հետ

– Տիկին Բախշյան, վերջին շրջանում սկսել եք զբաղվել Երևանի մանկապարտեզներին մատակարարվող սննդի հարցով: Ի՞նչ թերություններ եք նկատել:

– Որպես ավագանու անդամ` ինքս չեմ մտածել զբաղվել այս հարցով, քանի դեռ քաղաքապետն այդպիսի հանձնարարական չտվեց գործակարգավարական խորհրդակցություններից մեկի ժամանակ: Երբ առաջին անգամ լսեցի այդ հանձնարարականը՝ հասկացա, որ այստեղ ինչ-որ բան կա, և պետք է ուշադիր հետևել: Հանձնարարվեց հունվարի 13-17-ը գնալ մանկապարտեզներ, ստուգել: Հաջորդ երկուշաբթի Վերահսկողության վարչության պետը զեկուցեց, որ ստուգման արդյունքում հինգ օրում ստուգող խումբը 21 մանկապարտեզ է այցելել, և 21 մանկապարտեզներում տարբեր պատճառներով 38 անգամ վերադարձրել են սնունդը: Այս զեկույցից հետո Կամո Արեյանը, ով այդ օրը վարում էր գործակարգավարական խորհրդակցությունը, հարցրեց` արդյո՞ք արձանագրություն կազմել են դրա մասին: Պատասխանեցին, որ նախազգուշացում են տվել:

Ես նամակ գրեցի քաղաքապետին և հրապարակեցի, թե ինչպես կարող է հինգ օրում մանկապարտեզում սնունդը 38 անգամ ետ վերադարձվել: Բա այդ երեխաներն ի՞նչ են կերել: Ստացա պատասխան, ինձ տեղեկատվություն տրվեց բոլոր այն պատճառների մասին, որոնք սնունդը վերադարձնելու հիմք են հանդիսացել:

Կարդացեք նաև

Այդ պատճառաբանությունները միանշանակ չեմ ընդունել, որովհետև շատ տարօրինակ պատճառներ էլ կային: Ինձ տրված պատասխանում ասված է, որ միսը վերադարձվել է տարբեր կազմակերպությունների, որովհետև պայմանագրով նախատեսված է եղել մատակարարել պաղ վիճակում, սակայն միսը եղել է սառեցված:

Տարբերությունն այն է, որ սառեցված միսը կարող է տեղական չլինել, պաղեցրածը` տեղական լինել, այսինքն՝ նշել են տեղական մսի արժեքը, բայց բերել են ոչ տեղականը, գրել են տեղականի արժեքը, բերել՝ ոչ տեղականը: Սա իմ ենթադրությունն է: Հակառակ դեպքում՝ օրենքը խախտելն իմաստ չունի: Ջեմն, օրինակ, վերադարձվել է, քանի որ, ինչպես նշված է պատասխանում, պիտանելիության ժամկետը հստակ չի երևում, կամ՝ մսի մատակարարումը նախատեսված է եղել արկղերով, բայց մատակարարված միսն արկղերով չի եղել: Ըստ պատասխանի՝ կարտոֆիլը տեխնիկական բնութագրով նախատեսված չափին չի համապատասխանել: Սա նույնիսկ մի փոքր ծիծաղելի է՝ կարտոֆիլը պիտի չափե՞ն, ձևե՞ն, ի՞նչ անեն: Չգիտեմ: Մի հետաքրքիր բան էլ կա` հնդկաձավարի հետ կապված:

Նշված է, որ այն չէր համապատասխանում տեխնիկական բնութագրերին՝ հատիկներն 97 տոկոսից պակաս էին: Ես ասում եմ այն, ինչ գրված էր պատասխանում, բայց չեմ կարող բացատրել, թե ի՞նչ է դա նշանակում: Ըստ պատասխանի՝ տեխնիկական կանոնակարգով նախատեսված է, որ կաթնաշոռը պետք է հերմետիկորեն փաթեթավորված լինի, սակայն մատակարարվածը հերմետիկորեն փաթեթավորված չի եղել: Սա արդեն լուրջ խախտում է:

Այս ցուցակը ստանալուց հետո ես հարցում ուղարկեցի քաղաքապետին՝ հասկանալու համար` ինչ է արվել բացահայտվածից հետո: Պատասխան ստացա, որ չորս կազմակերպության հետ խզել են մատակարարման պայմանագրերը: Այդ չորս կազմակերպությունները «Հանս ֆուդ», «Հեփի ֆուդ», «Անանո», «Հալալ միս» ՍՊԸ-ներն են: Բայց պատասխանում նաև գրված են այն վարչական շրջանները, որոնց մանկապարտեզների հետ կազմակերպությունների պայմանագրերը լուծվել են՝ Նորք-Մարաշ, Դավիթաշեն, Արաբկիր:

Բայց այս կազմակերպությունները սնունդ մատակարարում են նաև այլ վարչական շրջաններում գտնվող մանկապարտեզներ: Ես գրեցի հաջորդ նամակը՝ հասկանալու համար՝ արդյոք պայմանագրերը խզվել են միայն այդ վարչական շրջանների մանկապարտեզների՞ հետ, թե՞ ընդհանրապես:

Դրա պատասխանը դեռ չեմ ստացել:

Ես ստացել եմ նաև Երևանի մանկապարտեզներին 2014թ. սննդամթերք մատակարարող կազմակերպությունների ցանկը:

Այնտեղ կարող ենք տեսնել նաև, որ, օրինակ, «Հանս ֆուդն» Ավան վարչական շրջանի մանկապարտեզներին էլ է սնունդ մատակարարում, սակայն Ավանի անունը վերևում նշված վարչական շրջանների շարքում չկա:

Ինձ երկու բան է հետաքրքրում. արդյոք իսկապես այս կազմակերպություններին զրկե՞լ են. քաղաքապետի պատասխանում նշված էր, որ դիմել են ՀՀ ֆինանսների նախարարություն, որպեսզի նրանց, «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ «սև ցուցակ» մտցնեն: Չգիտեմ` դա եղե՞լ է, թե՞ ոչ, բայց քաղաքապետը ՀՀ ֆինանսների նախարարությանն առաջարկել է:

Երկրորդ՝ հետաքրքիր է՝ նրանք այլևս իրավունք չունե՞ն որևէ վարչական շրջանում գտնվող մանկապարտեզի սնունդ մատակարարել, թե՞ միայն այս երեք վարչական շրջաններին:

Տեսնենք՝ ինչ պատասխան կստանամ, բայց իմ հետաքննությունը ցույց է տվել, որ մանկապարտեզներն ահագին գոհ են, ծնողները գոհ են, փոփոխություն կա, մատակարարները զգաստացել են, վախենում են այդ «սև ցուցակից», որովհետև «սև ցուցակ» մտնելը նշանակում է՝ կորցնել աշխատանքը:

Հուսամ՝ այս գործը քաղաքապետի հետ միասին հետևողականորեն առաջ կտանենք և կհասնենք նրան, որ յուրաքանչյուր մարդ հասկանա, որ ընդհանրապես իրավունք չունի օրենք, կարգ խախտելու, առավել ևս՝ իրավունք չունի երեխաների հետ կապված որևէ ծառայության հաշվին իր գրպանները լցնել: Պետք է նշեմ, որ քաղաքապետը՝ պարոն Մարգարյանը, գործակարգավարական յուրաքանչյուր խորհրդակցության ընթացքում խստորեն ասում է այդ մասին, և ես հավատում եմ, որովհետև ինքը հինգ երեխա ունի և երբեք չի ուզենա, որ որևէ երեխայի անորակ սնունդ տրվի: Ինքը հինգ երեխա ունի. դրա համար էլ տրվել է այս հանձնարարականը:

Ես հունիսից մասնակցում եմ գործակարգավարական խորհրդակցությունների, բայց այս հանձնարարականը կարծես առաջին անգամ էր: Երբ հաջորդ գործակարգավարականի ժամանակ վերահսկողության ղեկավարը զեկուցեց, որ այդ շաբաթ այցելությունների ժամանակ ոչ մի բան չի գրանցվել, քաղաքապետն ասաց՝ այդ ինչպե՞ս եղավ, ամեն ինչ հանկարծ լավացա՞վ տասն օրում, ասաց՝ սրանից փիս հոտ է գալիս: Այդ առումով իր դիրքորոշումը կոշտ է, անհանդուրժող:

– Հրապարակումներից մեկում հարց էիք բարձրացրել՝ արդյո՞ք անբարեխիղճ են միայն վերևում նշված չորս կազմակերպությունները: Ստացե՞լ եք այդ հարցի պատասխանը:

– Դրա հետ կապված հարցը ևս նշված է ուղարկված նամակում: Ինչո՞ւ եմ դա ասում: Բացի նշված չորս կազմակերպություններից, մյուսներն էլ ենգ Օրինակ, ընկերություններից մեկը միսն արկղերով չի մատակարարել, այսինքն՝ կատարվել է նույն խախտումը: Ինչո՞ւ ես պայմանագիրը խզել «Հալալ մսի» հետ, մյուսի հետ՝ չես խզել:

– Տիկին Բախշյան, այժմ այդ ստուգումները շարունակվո՞ւմ են:

– Ո՛չ, այժմ դադար է տրված: Ինչ-որ պահի նորից կանդրադառնան դրան, որպեսզի տեսնեն` ամեն ինչ այդպե՞ս է: Այդ պատճառով մեր մանկապարտեզների վարիչները երբեք ոչ մի գնով մատակարարների հետ գործարքի չպիտի գնան: Եթե իրենք մատակարարի հետ, ով ընկույզի չափ կարտոֆիլ կբերի, գործարքի կգնան և կվերցնեն, հանցակից կդառնան: Քաղաքապետարանը և վերահսկողությունը չի կարող ամեն րոպե մտնել և ստուգել՝ ինչ ապրանք են ստանում: Իրենք պիտի ստուգեն, իրենք պիտի շահագրգիռ լինեն, որ սննդի համար հատկացված գումարներն արդյունավետ, լավագույնս ծախսեն՝ երեխաների սնունդը կազմակերպելու համար:

– Իսկ մատակարարվող սննդի գների հետ կապված ստուգումներ արվե՞լ են:

– Գները չեն կարող խախտել: Այս կազմակերպությունները մրցույթ են շահել, որ միսը պետք է մատակարարեն որոշակի գնով: Գնի հետ կապված ոչինչ չեն կարող անել, բայց որակի հաշվին կարող են ինչ-որ բան փախցնել:

– Իսկ այդ պայմանագրերում նշված գներն ուսումնասիրվե՞լ են: Դրանք շուկայական գներին համապատասխանո՞ւմ են:

– Գնումների գործընթացում չեմ խորացել, որովհետև դա մասնագիտական հարց է, բայց ենթադրում եմ, որ երբ քաղաքապետարանը, որն այժմ բոլորովին շահագրգռված չէ թանկ գներով գնելու, որովհետև ինքն է վճարում. երեխաների նախադպրոցական կրթությունն անվճար է: Ինքն է տալիս այդ գումարը, և մենք տեսնում ենք՝ ինչ դժվարությամբ է այդ գումարը հավաքվում:

Հետևաբար՝ ինքը նվազագույն գնով է պայմանագիրը կնքում: Այս ձևով էլ որակն է հսկում: Սահմանել է տեխնիկական բնութագրերը, միս մատակարարողն էլ տեսել է, որ տեխնիկական բնութագիրն այդպիսին է, և համաձայնել է այդ գնով այդ բնութագրին համապատասխան միս մատակարարել, կնքել է այդ պայմանագիրը և պետք է դրա տերը լինի: Հսկողությունն էլ նրա համար է, որ գնան-տեսնեն՝ արդյոք այդ պայմանները կատարո՞ւմ են, թե՞ ոչ: Ու պարզվում է, որ չեն կատարում: Ապրանքը 38 անգամ վերադարձրել են, բայց չորս կազմակերպության հետ են պայմանագիրը խզել: Այստեղ հարց է ծագում՝ տեսնես՝ ովքե՞ր են այն կազմակերպությունների տերերը, որոնք նույն ձևով խախտել են պայմանագիրը, բայց պայմանագիրը նրանց հետ չի խզվել:

– Որքանո՞վ կարող են ծնողները հանգիստ լինել, որ իրենց երեխաները մանկապարտեզում անվտանգ սնունդ են ստանում:

– Ծնողները, ըստ կանոնադրության, անպայման ունեն իրենց ներկայացուցիչը մատակարարված սնունդ ընդունելու պահին: Համաձայն կարգի՝ ծնողները պետք է այնտեղ լինեն: Հիմա ծնողները որքանո՞վ են կատարում իրենց այդ պարտականությունը՝ ամեն առավոտ այսինչ ժամին լինել մանկապարտեզում, մատակարարների ապրանքը տեսնեն, մսից հոտ քաշեն, տեսնեն՝ ինչ հաց է բերվելգ Եթե մեր ծնողներն իրենց այս պարտականությունները շատ լավ կատարեն, այլևս պետք չի լինի որևէ վերահսկողություն: Ինչպե՞ս կարող են իրենք վատ ապրանք թույլ տալ իրենց երեխաների համար: Չե՛ն կարող:

Բայց ես չգիտեմ՝ որքանո՞վ է այդ պայմանը կատարվում: Գրում են, վերահսկողությունն անընդհատ ասում է, որ ծնողները մասնակցում են, տեսնում են: Եթե այդպես է, շատ լավ է: Եթե այդպես չէ, ուրեմն՝ ծնողներն են մեղավոր: Նրանք պետք է այդ պահին մանկապարտեզում լինեն և պետք է ստորագրեն թղթերի տակ:

Դրանից հետո ոչ մի բան պետք չի լինի: Եթե մեր հասարակության յուրաքանչյուր անդամ իրեն նեղություն տա, այդ պարտականությունը՝ որպես քաղաքացի, իրականացնի իր իրավունքների շրջանակներում, ապա վստահ եղեք, որ ամենաագահ չինովնիկը, պաշտոնյան նույնպես զգաստանում է, զսպաշապիկ է հագնում, և շատ անգամ դժվարանում են այդ յուրացումները: Մենք ենք թույլ տալիս, որ նրանք հանգիստ ինչ-որ բան անում են: Եկեք թույլ չտանք: Իսկապես քաղաքացի լինենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս