Բաժիններ՝

Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերություն

Սկանդալով սկսված կոնֆերանսը` պատասխանատու հանքարդյունաբերության թեմայով, երեկ ավարտվեց, սակայն կրքերն այդպես էլ չհանդարտվեցին։

Հիշեցնենք, որ մարտի 25-26-ը Երևանում տեղի էր ունենում «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի կողմից` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), ԱՄՆ դեսպանատան, Երևանում Բրիտանական դեսպանատան, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության` Երևանում, և Կանադայի կառավարության աջակցությամբ: Համաժողովի մեկնարկը, ինչպես ասում են, «գունազարդեցին» բնապահպան-ակտիվիստները։ Նրանք ոչ միայն բողոքի ակցիա կազմակերպեցին «Մարիոթ» հյուրանոցի դիմաց` «You mine we die», «Hand off Armenia» և նմանատիպ այլ պաստառներով, այլև ներխուժեցին համաժողովի սրահ և գետից վերցրած պղտոր ջրով բաժակներ հրամցրին կառավարության ներկայացուցիչներին, մասնավորապես` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին։ Իսկ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նյարդերը չդիմացան, և իր «լակոտախառն» բառապաշարով նա հայտնվեց ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Վարչապետը թեպետ հրավիրված էր, սակայն ասես վտանգը կանխազգալով` չներկայացավ։ Փոխարենը` հեռակա կարգով երկխոսության հրավիրեց ակտիվիստներին։
Հյուրերը, քաղաքավարության կանոնների համաձայն, փորձեցին այնպես անել, որ կազմակերպիչներն անհարմար չզգան։ Օրինակ` ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը բնապահպանների ակցիան բնորոշեց` որպես քաղաքացիական հասարակության զարգացում և ակտիվություն: Սակայն նստվածքը մնաց։
Մինչև համաժողովի ավարտը միջադեպեր այլևս չեղան, սակայն լարվածությունը պահպանվեց։ Այդ լարվածությունը դրսևորվեց հատկապես համաժողովի վերջում` հարցուպատասխանի ժամանակ, երբ մասնակից հ/կ-ները սկսեցին անհամաձայնություն հայտնել կառավարության ներկայացուցչի հնչեցրած այն մտքի հետ, որ վերջին 20-25 տարում Հայաստանում նոր մետաղական հանքավայր չի շահագործվել։ Եղան նաև մեղադրանքներ հենց իրենց` հ/կ-ների հասցեին, սակայն քննարկումը վարողներին հաջողվեց հանդարտեցնել կրքերը։ Եվ այսպես, ի՞նչ տվեց այս համաժողովը, որի նպատակն էր` հանքարդյունաբերության ժամանակակից և միջազգային լավագույն փորձի մասին Հայաստանում այդ ոլորտի տարբեր շահագրգիռ խմբերին տեղեկատվության փոխանցումը և նրանց միջև երկխոսության դյուրացումը: Փորձի ու տեղեկատվության առումով այն կարելի է հաջողված համարել. Մասնակցում էին իրոք լուրջ մասնագետներ։ Սակայն երկխոսություն` որպես այդպիսին, չստացվեց, որովհետև երկխոսության համար պետք է համապատասխան ցանկություն լինի։ Առավելագույնն այս համատեքստում այն էր, որ կողմերը ներկայացրին իրենց տեսակետները` միմյանց ներկայությամբ։ Այդուհանդերձ` այս համաժողովի արդյունքներով կարելի է մի քանի հետևություններ անել` տարբեր տեսանկյուններից։

Անհրաժեշտ իրողություններ
Ոչ ոք, այդ թվում` իրենք` հանքարդյունաբերական ընկերությունները, չեն վիճում, որ հանքարդյունաբերությունն ազդում է բնապահպանության վրա։ Օրինակ` Dundee Precious Metals ընկերության փոխնախագահ և գլխավոր մենեջեր Հրաչ Ջաբրայանը նշեց, որ այդ ազդեցությունն իրողություն է։ Սակայն, միևնույն ժամանակ, ըստ նրա` հանքարդյունաբերությունն անհրաժեշտ է, առանց դրա հնարավոր չէ: Այսինքն` պետք է ոչ թե կատեգորիկ հանդես գալ այս ճյուղի դեմ, այլ նայել առաջ: Քննարկել, թե ինչպես է հնարավոր նվազագույնի հասցնել այդ բացասական ազդեցությունը, փոխհատուցել վնասն ու օգուտ քաղել հանքարդյունաբերությունից։ Ամբողջ աշխարհում տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ` այդ ազդեցությունը նվազում է, բացի այդ` խստացվում են բնապահպանական պահանջները։ Ամուլսարի հանքը շահագործող Lydian International-ի գործադիր փոխնախագահ Դիդիե Ֆոլենն էլ նշեց, որ հանքարդյունաբերությունը դադարեցնելը խաղ ու պար չէ, այն տասնյակ տարիներ կպահանջի։ Դրա համար կոչ արեց առաջ նայել։ Նա նաև ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ 20 տարի առաջ հանքարդյունաբերական ընկերությունները ոչինչ չէին անում համայնքային զարգացման գործում, իսկ այսօր դա դարձել է ընդունված կանոն, և իրենց ընկերությունն այդ ուղղությամբ ծրագրեր է իրականացրել մինչև հանքի շահագործումը սկսելը։ Ֆոլենի համոզմամբ` ՀՀ կառավարությունը պետք է հնարավորություն տա նման ընկերություններին աշխատել, իրականացնել ճիշտ հանքարդյունաբերություն, և միաժամանակ դնի խիստ չափանիշներ։ Սակայն կոնկրետ Հայաստանում, օրենսդրական դաշտի թերի լինելու պատճառով, այդ պահանջներն ու վերահսկողությունը թույլ են։ Ինչպես նշեց Transparency International-ի նախագահ Սոնա Այվազյանը` այս պարագայում հարց է, թե ընկերություններն ինչո՞ւ պետք է իրականացնեն «ճիշտ» հանքարդյունաբերություն, եթե որևէ լուրջ պատասխանատվություն չեն կրելու։ Այսինքն` Հայաստանում գործող հանքարդյունաբերողների դեպքում էական դեր է խաղում ոչ թե պետական հսկողությունը, այլև սեփական սոցիալական պատասխանատվությունն ու բնապահպանների ճնշումները։

Ծայրահեղական և կառուցողական բնապահպաններ
Թեպետ նախկինում ևս դա հայտնի էր, սակայն այս համաժողովը ցույց տվեց, որ Հայաստանում բնապահպան ակտիվիստները բաժանվում են 2 խմբի։ Առաջին խումբը կարելի է պայմանականորեն անվանել «ծայրահեղականների» խումբ։ Նրանք ընդհանրապես դեմ են հանքարդյունաբերությանը և գտնում են, որ այս ճյուղը մեզ ընդհանրապես պետք չէ։ Առաջարկում են փոխարենը` զարգացնել այլ ճյուղեր, սակայն մինչ օրս չեն ներկայացրել գիտականորեն հիմնավորված որևէ այլընտրանքային ճանապարհ, որը կփոխհատուցեր հանքարդյունաբերությունից հրաժարվելու արդյունքում կորսված եկամուտները։ Հասկանալի է, որ երկխոսել այս խմբի հետ դժվար թե ստացվի։
Երկրորդ խումբը կառուցողական բնապահպաններն են։ Նշելով, որ բնապահպանությունն ինքնին ամենացանկալի ճյուղը չէ, նրանք ընդունում են, որ առանց դրա անհնար է։ Փոխարենը` պահանջում են սահմանել խիստ պահանջներ և պատշաճ վերահսկողություն։ Սակայն այս խումբն էլ ունի որոշակի վերապահումներ: Օրինակ, բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, որ իրենք պատրաստ են երկխոսության, սակայն կան հարցեր, որոնց իրենք սկզբունքորեն դեմ են, և երկխոսելու կարիք էլ չկա։ Դա վերաբերում է, օրինակ, անտառածածկ տարածքներում հանքարդյունաբերությանը` դա միանշանակ ընդունելի չէ։ Ի դեպ, համաժողովի հյուրերից մեկը` Մայքլ Բըրնսայդը, ով նախկինում աշխատել է US Forest Service-ում, այս առնչությամբ հետաքրքիր առաջարկ արեց։ Նա կոչ արեց նախապես կազմել այն տարածքների ցանկը, որոնք մշակութային, պատմական արժեք են ներկայացնում Հայաստանի համար, և օրենքով ամրագրել, որ այդտեղ հանք շահագործելն արգելվում է։
Նշենք նաև, որ բնապահպանական հատվածի հիմնական թերություններից մեկն այն է, որ նրանք կտրված են հասարակությունից։ Օրինակ` շատ դեպքերում տարածքի բնակչությունը կողմ է հանքի շահագործմանը, իսկ բնապահպանական կազմակերպությունները` ոչ։ Այսինքն` նրանք ներկայացնում են ոչ թե հասարակական կարծիքը, այլ իրենց մասնագիտական տեսակետը։ Ու սրա արդյունքում` հանքարդյունաբերող-հասարակական կազմակերպություններ-կառավարություն եռանկյունին մեզ մոտ դառնում է քառակուսի. դրան ավելանում է հասարակությունը` որպես առանձին կողմ։

Կարդացեք նաև

Եռանկյան չորրորդ կողմը
Սա ամենաբարդ ու անհասկանալի կողմն է։ Ոչ միայն հանքարդյունաբերության հարցում, այլև բոլոր ոլորտներում։ Ու զարմանալի չէ, որ բողոքն ուղղվում է հենց կառավարության դեմ։ Ճիշտ է` կառավարությունը մշտապես գեղեցիկ խոստումներ է տալիս, տպավորիչ անվանումներով ռազմավարություններ ու ծրագրեր մշակում, այդ թվում` բնապահպանության ոլորտում, սակայնգ դրանց քչերն են վստահում։ Տիրում է տոտալ անվստահություն։ Ու այդ պայմաններում ոչ ոք չի հավատում, որ կառավարությունը լիցենզիա տալուց առաջ պատշաճ ուսումնասիրություն է անցկացնում, որոշում կայացնելիս լինում է անկողմնակալ և հետո իրականացնում է նորմալ վերահսկողություն։ Դրա համար էլ համաժողովի մասնակիցներից մեկի դիտարկմանը, թե հանքարդյունաբերության խնդիրները պետք չէ քաղաքականացնել, Սոնա Այվազյանը հակադարձեց` հարցերն առանց քաղաքականացնելու չեն լուծվի, որովհետև պետք է համակարգը փոխվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս