Փափուկ բարձ կամ սառը դատողություն. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը իր այսօրվա խմբագրականում գրում է. Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին ասել են, որ Հայաստանը մարտի 27-ին ձեռնպահ է քվեարկելու ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացրած բանաձևին՝ Ղրիմի հանրաքվեն չճանաչելու վերաբերյալ: Այս հայտարարությունն ինչ-որ առումով կարելի է անակնկալ համարել, նկատի ունենալով մինչև այս տեղի ունեցած հայտարարությունները և Ղարաբաղից ու նաև Հայաստանից՝ Պուտին-Սարգսյան հեռախոսազրույցի տեսքով, որում, ըստ հայաստանյան պաշտոնական հաղորդագրության, կողմերն արձանագրել էին, որ Ղրիմի հանրաքվեն ինքնորոշման իրավունքի իրացման դրսևորում է: Այս հայտարարություններից հետո Ուկրաինան հանդես եկավ Հայաստանի հանդեպ բողոքի նոտայով, ու նաև Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը ցավ հայտնեց Հայաստանի նման հայտարարությունների կապակցությամբ: Որոշակի ակնարկներ արեց նաև Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը: Ամենայն հավանականությամբ, այս ամենն ազդել է պաշտոնական Երևանի վրա, և տեղի է ունենում դիրքորոշման եթե ոչ կտրուկ փոփոխություն, ապա այսպես ասած՝ ադեկվատացում: Հայաստանը ՄԱԿ-ում պատրաստվում է անել նվազագույնը և գուցե նաև տվյալ իրավիճակում օպտիմալը, այսինքն՝ ձեռնպահ քվեարկել և չգնալով Ռուսաստանի դեմ, այնուհանդերձ նաև չկատարելով Ռուսաստանի փաստաբանի դերը՝ Հյուսիսային Կորեայի հետ կանգնելով նույն շարքում: Հայաստանի այս պահվածքը ողջունելի է, թեև ակնհայտ է իհարկե, որ սա ընդամենը կարող է լինել շատ թույլ մխիթարանք: Խնդիրն այն է, որ ՄԱԿ-ի այս քվեարկությունը և դրանում Հայաստանի դիրքորոշումը, ըստ էության, չի հանում օրակարգից այն հրատապ հարցը, որն առաջանում է Ռուսաստանի հանդեպ արևմտյան քաղաքականության կոշտացման կոնտեքստում: Իսկ հարցը հետևյալն է. Հայաստանը Ռուսաստանի հետ կանգնած է իզգոյացման վտանգի առաջ, քանի որ Հայաստանն ամբողջությամբ Ռուսաստանի հետ է կապել իր պետական գոյությունը, և քանի որ Ռուսաստանի ու աշխարհի միջև քաշվում է բաժանարար գիծ, Հայաստանն ըստ էության հայտնվում է գծից այն կողմ, որ կողմում որ իզգոյացող Ռուսաստանն է: Այսինքն, ՄԱԿ-ում կարելի է ձեռնպահ քվեարկել, սակայն ինչքան էլ ողջունելի է դա, միևնույն է՝ այստեղ չկա գլխավոր հարցի պատասխանը՝ ինչպես է պատրաստվում Հայաստանը խուսափել Ռուսաստանին «կից» իզգոյանալու հեռանկարներից, որը, ըստ էության, նույնիսկ Արևմուտքի մտադրություն չլինելու պայմաններում կարող է լինել Ռուսաստանի հանդեպ գործողությունների բնական հետևանք: Այս հարցի պատասխանը Հայաստանի իշխանությունները չունեն և հույսը երևի թե այն է, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների և իզգոյացման քաղաքականության հարցում Արևմուտքի խոսքն ավելի շատ կլինի, քան գործը: Այսուհանդերձ, ՄԱԿ-ում քվեարկության հարցում Հայաստանի դիրքորոշման առումով շատ կարևոր է հասկանալ, թե Երևանի համար սա որքանով է ընդամենը պահի տակ թելադրված գործողություն, և որքանով է գիտակցում, որ Հայաստանը կարող է շատ թանկ վճարել մորթապաշտությամբ պայմանավորված ռուսահպատակ քաղաքականության համար և հարկավոր է անել հետևություններ: Հայաստանն պարտավոր կատարել քայլեր, որոնք գոնե կմեղմեն իրավիճակը: Սակայն ամբողջ հարցն այն է, թե այդ քայլերն ինչ տրամաբանությամբ են արվում, այսինքն՝ դրանք ավանդաբար Արևմուտքի գլխին, այսպես ասած, փափուկ բարձ դնելու քայլե՞ր են, թե, այնուհանդերձ, քաղաքականությունը էապես փոխելու գիտակցված եզրահանգում:

Մանրամասները «Ժամանակի» այսօրվա խմբագրականում։

Տեսանյութեր

Լրահոս