Տենց ղալաթ չանես, այ լակոտ
Մեր իշխանությունների համար իրենց հարազատ գողական «պանյատներից» մեկը՝ «ատմազկան», դարձել է գործունեության նորմ: «Ազտմազկան» ոչ արդարացումն է, ոչ էլ հիմնավորումը, ինչպես կարելի է մտածել առաջին հայացքից: Դա «շուստրիությամբ» որևէ հարցում արդարանալու համար մեկ այլ խնդրի կամ դրա նենգափոխմանը հղում կատարելն է, ինչի ականատեսը եղանք նաև երեկ: Բնապահպանական ակտիվիստները բողոքի համար ընտրել են ոչ այնքան հաճելի, ոչ բոլորի կողմից ընդունելի տարբերակ, ինչին ի պատասխան` ՀՀ բնապահպանության նախարարը սպառնացել է՝ «Ականջներդ կկտրեմ, այ լակոտ»:
Եվ ահա, երեկ ողջ իշխանական համակարգը լծված էր բազմիմաստ մականվամբ այդ նախարարին արդարացնելու գործին: Ուշագրավ է հատկապես ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մեկնաբանությունը, ով համեստորեն երեկ իրեն ներկայացրեց` որպես «բարեկրթության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար»: «Դուք արդարացնո՞ւմ եք քաղաքացիական ակտիվիստներին, որոնք նման տեսակի վանկարկումներով վարկաբեկում են կառավարության անդամներին, դուք արդարացնո՞ւմ եք այն լրագրողներին, ովքեր գրում են ամենավերջին վիրավորանքները»,- ասում է Աշոտյանն ու սկսում արդարացնել իր գործընկերոջը:
Ընկերասիրությունը չափազանց գովելի հատկանիշ է, սակայն պաշտպանելով ընկերոջը՝ Աշոտյանն ակամա անհարմար վիճակի մեջ է դնում իշխանությանը, այսինքն՝ «ախպերությանը»: Որովհետև նրա տրամաբանությունից բխում է՝ «դրանց հասնում ա»:
Հենց սա է իշխանության հավաքական արդարացումը ինչպես` ակտիվիստներին հայհոյելու, այնպես էլ` նմանատիպ այլ պարագաներում: Այսինքն՝ իշխանությունն իրեն դրսևորում է` հետևելով ընդդիմախոսի վարքագծին: Եթե դիմացինը հայհոյում է` կարելի է հայհոյել, եթե դիմացինը գող է` կարելի է պատասխանել գողությամբ, ու այդպես շարունակ:
Այսինքն՝ իշխանությունն իր գործողությունների առաքինությունն ու բարոյականությունը (թող ներվի այս հասկացությունների ոչ համարժեք կիրառումը) պայմանավորում է դիմացինի համապատասխան հատկանիշներով: Իսկ դա նշանակում է՝ որքան ավելի վատն է տվյալ պահի ընդդիմախոսը, այնքան ավելի լավ՝ իշխանության համար. կարելի է ցանկացած հանցագործություն կատարել՝ հղում անելով դրա դեմ պայքարողների հանցավոր ներկային կամ անցյալին: Հենց այդպես էլ վարվում է ՀՀ կառավարությունն իր անօրինական քայլերն արդարացնելու համար:
Ասենք, ցանկանում է պետական գույքն օտարել՝ առանց ԱԺ-ի համաձայնության, ինչը քննադատում են, օրինակ, Հրանտ Բագրատյանը կամ այլ նախկին պաշտոնյաներ, իշխանական գործիչները պատասխանում են՝ «բա լավ է՞ր, որ 90-ականներին երկիրը թալանում էիք, գնացեք ձեր ժամանակ ծախածների օրինականությունը ստուգեք»: Այսինքն՝ գործունեության ուղենիշ է ոչ թե օրենքը, սահմանադրությունը, այլ դրա խախտման նախադեպը: Գրեթե նույնկերպ է իշխանությունն արձագանքում նաև ընդդիմադիր ուժերի գործունեությանը:
Օրինակ, եթե նրանք ցանկանում են անվստահություն հայտնել կառավարությանը, ոչ թե կառավարությունն է զգաստանում ու գոնե խելամիտ քայլեր անում, այլ տարբեր ձևերով հասկացնում է, որ «քառյակի» հետևում Ռոբերտ Քոչարյանն է կանգնած, իսկ քանի որ նրա իշխանությունն ավելի վատն էր, ուստի ներկայիս իշխանությունն ավելի լավն է:
Թե ինչպիսին էր Քոչարյանի իշխանությունը, և ինչ հետևանքներ կարող է ունենալ նրա վերադարձը, քննարկման այլ նյութ է, ինչին մենք բազմիցս անդրադարձել ենք: Բայց դա ամենևին չի նշանակում, թե կարելի է շարունակել ներկայիս կործանարար քաղաքականությունը՝ այն արդարացնելով Քոչարյանի վտանգով:
Ի դեպ, ներկայիս ընդդիմությունը նույնպես չի փայլում բարոյականությամբ ու սկզբունքայնությամբ: Բայց նրանք ևս ունեն իրենց «ատմազկան», այն է՝ անբարոյական իշխանության դեմ պայքարում ենք անբարոյական մեթոդներով: Իրականում նորմալ երկրներում նման միջադեպերը կարգավորվում են ոչ թե բարեկրթության դեբատներով, այլ դատարանի միջոցով:
Ակտիվիստները կարծում են, որ նախարարը կաշառակեր է, դիմում են դատարան, ինչպես որ նախարարը՝ եթե վիրավորվում է, եթե իրեն «կաշառակեր» են անվանում ու գետի աղտոտված ջուր են հյուրասիրում: Բայց Հայաստանում Արդարադատության նախարարն ինքն է նույնատիպ տարբեր «ղալաթներ» անում: Իսկ քաղաքացիները արդարադատություն փնտրելու համար պայքարում են՝ իրացնելով իրենցից դեռևս չխլված սահմանադրական վերջին՝ ազատ տեղաշարժի իրավունքը: