Երվանդ Զօրեան. «Գիտությունն ու նրա կիրառությամբ ստեղծվող արտադրանքը համամարդկային են, վեր որևէ երկրի սահմաններից կամ ազգային պատկանելիությունից»
Դժվար է պատկերացնել, որ ոչ այնքան վաղուց համակարգչները մի ամբողջ սենյակ էին գրավում և օգտագործվում էին միայն հիմնարկներում ու գիտական հաստատություններում: Վերջին տասնամյակների ընթացքում, էլեկտրոնային սարքերի չափերը զգալիորեն նվազել են, ավելին՝ ներխուժել են մեր առօրյա ու մեծապես փոխել դրա ընթացքը: Մեզ այլևս չի զարմացնում այն փաստը, որ մեր բջջային հեռախոսները և երաժշտական նվագարկիչներըտարեցտարի փոքրանում ու ավելի մատչելի են դառնում, միևնույն ժամանակ կատարելով ավելի ու ավելի շատ գործողություններ:
Եթե առաջին համակարգիչներում օգտագործվում էին էլեկտրոնային լամպեր, որոնք անհուսալի ու դանդաղագործ էին, ապա հետագայում դրանց փոխարինեցին ինտեգրալ միկրոսխեմաները, ինչը նպաստեց արագագործության կտրուկ բարձրացմանը: Սակայն եթե 60-ական թվականների առաջին ինտեգրալ սխեմաները պարունակում էին ընդամենը մեկ տրանզիստոր, այսօր արտադրված չիպերն ունեն միլիարդավոր տրանզիստորներ, որոնք այնքան փոքր են, որ անզեն աչքով անտեսանելի են: Ինտեգրալ սխեմաների տարրերի չափերի և նրանց միջև տարածության փոքրացման հետևանքով դրանց նախագծումն ու արտադրությունը դժվարանում են, ինչը բերում է բազմաթիվ սխալների առաջացմանը արտադրության ընթացքում: Արդյունավետ թեստավորման և վերականգման համակարգերի ներկառուցումը ինտեգրալ սխեմաներում թույլ է տալիս ստուգել ինտեգրալ սխեման, հայտնաբերել, տեղայնացնել և ախտորոշել այդ սխալները: Դա իր հերթին հնարավորություն է տալիս էապես ավելացնել արտադրանքի օգտակար ելքը:
Սինոփսիս ընկերության գլխավոր ճարտարագետ, Սինոփսիսի առաջատար հետազոտող, ՀԳԱԱ արտասահմանյան անդամ դր. Երվանդ Զօրեանի և ՀԳԱԱ անդամ, ԵՊՀ-ի ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի Տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության ավագ կառավարիչ դր. Սամվել Շուքուրյանի համատեղ աշխատանքը՝ «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք», որը առաջարկում է թեստավորման, վերականգման և ախտորոշման ինտեգրացված լուծումներ բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար, արժանացել է Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակի՝ ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում:
Հեղինակների կողմից ստացված արդյունքները ոչ միայն հետագա հետազոտությունների հիմք են, այլ նաև ունեն կիրառական նշանակություն և օգտագործվում են «Սինոփսիս» ընկերությունում մշակված գործիքներում, որոնք օգտագործվում են աշխարհի ավելի քան 300 ընկերությունների կողմից: Ավելին, գործիքներից մեկը 2002 թվականին ստացել է թեստավորման մեջ լավագույն՝ «Տարվա արտադրանք» մրցանակը, 2013 թվականին՝ «Թեստավորման և չափման՝ աշխարհում լավագույնը թեստավորման մեջ» մրցանակը, որն արտահայտում է արդյունաբերության գնահատականը արտադրանքի նկատմամբ:
«Յուրաքանչյուր մարդու համար մեծագույն երջանկություն է հնարավորություն ունենալ զբաղվելու իր սիրած գործով և իր տաղանդները ի սպաս դնել մնայուն արժեքներ ստեղծելու համար: Միևնույն ժամանակ գերագույն հաճույք է ճանաչման և գնահատանքի արժանանալը, այն էլ՝ քո հայրենիքում: Այս մրցանակը շատ ոգևորիչ է և մղում է նորանոր ստեղծագործական բարձունքների և նվաճումների», – ասել է դր. Երվանդ Զօրեանը մարտի 21-ին Նախագահի նստավայրում տեղի ունեցած մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ: Երվանդ Զօրեանը 32 ԱՄՆ արտոնագրի և չորս գրքի հեղինակ է, 2003թ.-ին EE Times կողմից ճանաչված կիսահաղորդչային արդյունաբերության ոլորտում ամենաազդեցիկ 13 մարդկանցից մեկը: Նա 2005թ.-ին արժանացել է IEEE Industrial Pioneer հեղինակավոր մրցանակին, իսկ 2006թ.-ին՝ IEEE Hans Karlsson մրցանակին, իսկ 1999թ.-ից IEEE առաջատար հետազոտող է:
«Ես խորապես զգացված եմ, որ նման մրցանակ եմ ստանում հայրենի պետության կողմից: Գիտությունն ու նրա կիրառությամբ ստեղծվող արտադրանքը համամարդկային են, վեր որևէ երկրի սահմաններից կամ ազգային պատկանելիությունից: Արդյունքի արժեքը որոշվում է մասնագիտական հանրության կողմից: Առավել հուզիչ է, երբ կատարված ներդրումը գնահատվում է նաև հայրենիքում», – ասել է ԵՊՀ պրոֆեսոր, ավելի քան 80 գիտական աշխատությունների և արտոնագրերի հեղինակ դր. Սամվել Շուքուրյանը:
Հիշեցնենք, որ «Սինոփսիս» ընկերությունն արագացնում է նորարարությունները համաշխարհային էլեկտրոնային շուկայում: Որպես էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության առաջատար, ընկերության ծրագրային ապահովումը, մտավոր սեփականությունն ու ծառայությունները օգնում են ճարտարագետներին հաղթահարել նախագծման, ստուգման և արտադրության ոլորտում առկա լուրջ մարտահրավերները: