Ոստիկանությունը չի՞ կարողանում, թե՞ չի ուզում վկաներին բերման ենթարկել
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մարտի 25-ին՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, լեփ-լեցուն դահլիճում շարունակվեց 2012թ-ի նոյեմբերի 18-ին «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների դռնբաց դատական նիստը:
Այս էլ որերոդ անգամ ոստիկանությունը չի կարողանում բերման ենթարկել վկաներին՝ամեն անգամ որևէ պատճառաբանություն ներկայացնելով, ինչի հիմնավորությունը կասկած է առաջացնում դատավարության կողմերի մոտ:
Այս նիստին հաջողվել էր ապահովել միայն վկա, Վանաձորի շտապօգնության կայանի գծային բուժքույր Էլլա Կոստանյանի ներկայությունը: Նա դեպքի օրը կանչով բրիգադի կազմում մեկնել էր «Մուշ»: Վկան ասաց, որ կանչը տրվել է գործակարգավարի միջոցով: «Գնացինք «Մուշ», տեսանք արդեն դիակ էր: Բժիշկը ստուգեց պուլսացիան, սրտի աշխատանքը, գործակարգավարին հայտնեցինք և ասեցինք, որ ոստիկանություն կանչի: Ոստիկանները եկան ու մենք հեռացանք»,- հայտնեց վկան:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լևոն Գոգինյանը հետաքրքվեց՝որևէ տեղ գրանցվա՞ծ է, որ շտապօգնությունը մահ է արձանագրել: Վկան ասաց՝պետք է որ շտապօգնության կայանի գրանցամատյանում լինի:
Թեև մեծ դժվարությամբ, բայց վկան հիշեց, որ այդտեղ գտնվող երիտասարդն է իրենց դիմավորել, տարել սենյակ, որտեղ տուժողն անշարժ պառկած է եղել:
Հասմիկ Մանուչարյանի հուշելուց հետո էլ հիշեց, որ ինքը տուժողի քրոջ որդուն՝ Հայկ Ասլիկյանին, հանգստացնող թուրմ է տվել: Դրանից հետո Հայկն իրեն միջանցքում կամ ռեստորանի սենյակներից մեկում ասել է, որ Սամվել Շարբաթյանին դուրս են հրավիրել, քաշքշել ու ծեծել: Հայկը, սակայն, չի ասել, թե ովքեր են ծեծողները, ինքն էլ նրանց չի հարցրել այդ մասին:
Հայկի պատմածի մասին Էլլա Կոստանյանը դեպքի վայր ժամանած ոստիկաններին չի պատմել: Հ. Մանուչարյանի հաջորդ հարցին`ինչ կա ձեր ճամպրուկում , վկան ասաց, որ իրենց ճամպրուկում կա ճնշում բարձրացնող և իջեցնող, հակացավային միջոցներ՝ նոշպա: Մյուս հարցին էլ՝ մի հատ սրսկեիք, միգուցե մահացած չէր, վկան պատասխանեց. «Էդ հարցրեք բժշկին, ես կատարող եմ, մեզ հետ բժիշկ ա եղել, ինչ ասել ա, էն եմ արել»:
Տարբեր ձևակերպումներով հնչած այս հարցին մի անգամ էլ պատասխանեց. «Եթե օգնության կարիք լիներ, ինձ հետ բժիշկ ա եղել, անպայման կաներ» :
Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանն էլ հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է կանչն ստացվել. «Մարդ ա վատացել, շտապ հասեք: Կարծեմ այդպես են կանչել, լավ չեմ հիշում»,-հայտնեց վկան:
Դուք որ մոտեցաք տուժողին, ի՞նչ տպավորություն էր, դատավորի հարցին էլ պատասխանեց. «Իմ հիշելով՝ կոպերը այտուցված էր, կարծեմ դեմքին էլ ինչ-որ հետքեր կային, դա սայթաքելուց չէր լինի, քանի որ շատ էր այտուցված»:
Ինչ-որ մեկը Ձեզ վախեցրե՞լ է կամ խնդրե՞լ է, որ դատարանում այսպես ցուցմունք տաք՝մեղադրող դատախազ Սոս Տոնոյանի հարցին էլ վկան ասաց՝ ոչ: Հաջորդ հարցին էլ՝ Ձեր ցուցմունքը ճի՞շտ եք գրել, ասաց՝ այո:
Վկայի՝ դատարանում ասած կցկտուր խոսքերի և նախաքննական ցուցմունքի միջև կային հակասություններ, ուստի դատարանը որոշեց հրապարակել հակասությունները: Հակասությունների առնչությամբ հարցերին պատասխանելիս վկան վատ զգաց և դատարանին ասաց, որ որոշ հանգամանքներ չի հիշում և եթե ցուցմունքում գրված է՝ ուրեմն այդպես է եղել: Նա խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը: Հակասությունների առնչությամբ հայտարարություններով հանդես եկան պաշտպաններ Մհեր Դավթյանն ու Ռուբեն Հակոբյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լևոն Գոգինյանը, մեղադրող դատախազ Պետրոս Մարտիրոսյանը, Սամվել Դիլոյանը: Վկան իր նախաքննական ցուցմունքում գրել էր, որ «վնասվածքների բնույթից ելնելով» էր կարծել, որ ծեծած, հարվածած է: Պաշտպանական կողմը հետաքրքրվեց, թե նա տիրապետու՞մ է այդ տերմինալոգիային, որպեսզի կարողանար «վնասվածքների բնույթ» արտահայտությունը կիրառեր: Էլլա Կոստանյանը հստակ պատասխան չտվեց՝ կարծես խորացնելով պաշտպանական կողմի կասկածները, որ իր ցուցմունքն ուղղորդված է: Լ.Գոգինյանն էլ «պաշտոնապես ընդունեց», որ կարող է և քննիչը այդ բառերը հուշել է, բայց դրանից ցուցմունքի բովանդակությունը չի փոխվում: Մինչդեռ Ռ. Հակոբյանը պնդեց, որ իր կարծիքով՝ փոխվում է: Դատավորն էլ համաձայն չէր սրա հետ: Պ. Մարտիրոսյանն էլ իր հայտարարությամբ նկատեց, որ երբ քննիչի մոտ որևէ վկա նկարագրում է որևէ իրավիճակ, որտեղ հայհոյանքներ են հնչել, քննիչը դրանք ուղիղ ձևով չի արձանագրում, այլ գրում է՝ սեռական բնույթի հայհոյանքներ, և դրանից ցուցմունքի բովանդակությունը չի փոխվում:
Մեղադրող կողմը վկայակոչեց, որ Էլլա Կոստանյանը բժշկական կրթություն է ստացել, սպիտակ խալաթ է կրում և կարող է այդ տերմինալոգիային տիրապետել: Ռ. Հակոբյանն էլ հակադարձեց՝ասելով, որ «շատ իրավաբաններ կան՝ իրավական գիտելիքներին չեն տիրապետում»: Դիլոյանն էլ նկատեց՝ հատկապես որ բուժքույր է, ոչ թե բժիշկ:
Հակոբյանն իր մեկ ուրիշ հայտարարությամբ էլ նկատեց, որ թե՛ մեղադրող կողմը, թե՛ դատավորը ձգտում են տարբեր հարցադրումներով շփոթմունքի մեջ գցել վկային՝մինչև ստանան հարցի՝ իրենց ուզած պատասխանը: Դատավորը չհամաձայնեց՝ ասելով, որ դատարանն է որոշում կայացնելու և ինքը, որպես նախագահող, պետք է այնքան հարցեր տա, մինչև իր համար հստակ պարզ լինի՝ ինչ է կատարվել: Պ. Մարտիրոսյանն էլ պաշտպանին հորդորեց կոնկրետ օրինակներով խոսել՝ ո՞ր հանգամանքներում է դատախազությունը ոււղորդել վկաներին, որպեսզի իրենք շտկեն այդ վիճակը: Հակոբյանն էլ ասաց, որ այդ օրինակները կներկայացնի իր պաշտպանական ճառում:
Դիլոյանն էլ հայտարարությամբ նկատեց, որ փաստորեն «նախորդ արատավոր պրակտիկան այս վկայի դեպքում էլ չի շրջանցվել: Պարզապես ուղղորդել են այնքանով, որքանով իրենց պետք է եղել»:
Դատական նիստերին չներկայացող վկաներին բերման ենթարկելու գործը դատավորը այս անգամ որոշեց հանձնարարել ոստիկանության Լոռու մարզային վարչությանը՝ համապատասխան գրություն ուղարկելով վարչության պետ Արտակ Կարապետյանին: Հիշեցնենք, որ Ազատ Խլղաթյանի և Հրանտ Ասլիկյանի նախաքննական ցուցմունքը հրապարակելու որոշում դատարանը, կողմերի համաձայնությամբ, կայացրել է նախորդ՝ մարտի 11-ի նիստին՝ հաշվի առնելով նրանց՝ ողջամիտ ժամկետներում բերման ենթարկելու անհնարինությունը:
Հաջորդ դատական նիստին ծանուցում կուղարկվի նաև լրագրող Ադրինե Թորոսյանին, ում հարցաքննելու միջնորդությունը բավարարվել էր՝ նախաքննության ընթացքում վերջինիս՝ դեպքի առթիվ «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակումների առթիվ:
Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 10-ին, ժամը 14:00-ին:
Հովհաննես Սարդարյան