Բաժիններ՝

Մեծ «պայթյուն»՝ կապված մեծ պայթյունի հետ

Օրերս գիտական աշխարհում «մեծ պայթյուն» առաջացրեց ամերիկացի գիտնականների մի հայտնագործություն, որը (մեր` ո՛չ ֆիզիկոսներիս աչքին) իրենից ներկայացնում է ընդամենը մի քանի փոքրիկ և ծռված գծերով պատկեր։

Զարմանալի մարդիկ են ֆիզիկոսները… և ինչո՞ւ են այդ գծերի պատճառով այսպիսի աղմուկ բարձրացրել։ Ըստ ամենայնի, նրանք դրանց մեջ հստակ տեսնում են շա՜տ ավելի մեծ բան` մի հզոր ապացույց…

Գիտության պատմության մեջ կան ոչ շատ, երևի ընդամենը մեկ-մեկուկես տասնյակ փորձեր, որոնք որոշիչ են եղել գիտության զարգացման տեսանկյունից։ Օրինակ` տասնամյակներ առաջ մասնիկների հարվածների ժամանակ ֆիզիկոսների հայտնաբերած ընդամենը «մի քանի բշտիկ» գրաֆիկների վրա նույնպիսի «աղմուկ» առաջացրին։

Ո՞նց պիտի հասկանային հասարակ մարդիկ, որ դրանք հիմք կհանդիսանան ատոմային զենքի, ատոմակայանների և այլնի ստեղծման։ Գալիլեո Գալիլեյի կատարած մի քանի փորձերից ծնվեց ինքը` ժամանակակից ֆիզիկան։ Իսկ Իսահակ Նյուտոնի, Ջեյմս Կլերկ Մաքսվելի, Ալբերտ Էյնշտեյնի, Էրվին Շրյոդինգերի ու Վերներ Հայզենբերգի տեսությունները, համապատասխանաբար` մեխանիկան, էլեկտրադինամիկան, հարաբերականության տեսությունը և քվանտային մեխանիկան. այս մեծ նվաճումները դարձան ժամանակակի՛ց ֆիզիկայի հիմնաքարերը։

Կարդացեք նաև

Ուրեմն` ընդամենը 4-5 օր առաջ մարդկությանը ներկայացվեցին աշխարհացունց փոքրիկ գծեր-գծիկներ, այն էլ` թեք… և մենք ականատեսն ենք ֆիզիկայի պատմության կարևորագույն իրադարձություններից մեկի. այդ գծերն իրենցից ներկայացնում են գրավիտացիոն ալիքների գոյության ապացույց, ինչն էլ հանդիսանում է նոր և համոզիչ ապացույց` Մեծ պայթյունի ինֆլյացիոն մոդելի վերաբերյալ. պայթյուն, որի հետևանքով 13.7 մլրդ տարի առաջ առաջացել է Տիեզերքը:

gitutyun (1)

Հայտնագործության մասին հայտարարել էին BICEP2 նախագծի շրջանակներում աշխատող ամերիկացի գիտնականները: Նրանք օգտագործել էին Հարավային Բևեռում տեղակայված աստղադիտակը` երկնքի ոչ մեծ տարածքի ուսումնասիրության համար: Նրանց նպատակն էր` հայտնաբերել Տիեզերքի ինֆլյացիոն ընդլայնման մնացորդային հետքերը, որը տեղի էր ունեցել Մեծ պայթյունից հետո վայրկյանի առաջին խորանարդ տրիլիոնական մասի ընթացքում:

Էյնշտեյնի Հարաբերականության ընդհանուր տեսությունը սկզբնական հիմքն է Տիեզերքի ստեղծումը բացատրող այն տեսության, ըստ որի` ամեն ինչ տիեզերքում առաջացել է մեծ պայթյունից, որի արդյունքում բոլոր մասնիկները և ապա` մեծ մարմինները (մոլորակներ, աստղեր և այլն) մեծ էներգիայով ու արագությամբ տարածվում են տարածության մեջ։

Մեծ պայթյունի վերաբերյալ հետագայում շատ տարբեր ձևերով ու շատ տարբեր հարթակներում քննարկումներ են ընթացել և ընթանում։ Այդ բազմաթիվ դիտարկումները և՛ զուտ գիտական են` տիեզերագիտության շրջանակներում, և՛ փիլիսոփայական, և՛ նույնիսկ կրոնական։ Մասնավորապես, ֆիզիկայի տեսակետից քննարկվել են կոսմոլոգիական շատ տարբեր մոդելներ։ Ինչ խոսք, յուրաքանչյուր տեսակետ ունի նաև իր հետևորդները. նրանք ակտիվ քննարկում են ցանկացած նորույթ այդ ասպարեզում, բանավիճում, վիճում, նույնիսկ դառնում անհանդուրժող հակառակորդ։ Նման հարցերում անմասն չեն նաև հայաստանյան գիտնականները, ավելին` նրանք անմասն չեն նաև Տիեզերքի առաջացման ա՛յլ մոդելների պնդումների հարցում:

Օրինակ, մեծ աստղագետ Վիկտոր Համբարձումյանը եղել է այլընտրանքային տարբերակի կողմնակից, ըստ որի` աստղերն առաջացել են գազերից: Դա, ինչ-որ իմաստով, կարելի է ասել, հակադիր տեսություն է Մեծ պայթյունի տեսության, ըստ որի` աստղերն առաջացել են պայթյունից առաջացած բեկորներից:
Այստեղ արժե հիշել, որ Մեծ պայթյունի տեսության հայտնի մշակողներից մեկը Նոբելյան մրցանակակիր Ջորջ Գամովն էր:

Նա, մի քանի հոգանոց խմբի կազմում, Խորհրդային Միությունից ուղարկվել էր արտասահման` վերապատրաստման: Ի տարբերություն մյուսների, նա չվերադարձավ ԽՍՀՄ, մնաց, ապրեց և ստեղծագործեց ԱՄՆ-ում: Բնականաբար, Խորհրդային Միությունը նրան ոչ հրապարակավ համարեց դավաճան, իսկ ներքին կարգով` նրա տեսություններն` անընդունելի:

Ցավոք, դա և նման շատ այլ մութ բաներ ԽՍՀՄ-ի քաղաքականության ողբերգական դրվագներից են: Այնպես որ, գիտական վարկածները երբեմն թելադրում են ոչ թե համոզմունքները, այլ նաև դարաշրջանը, պարտավորությունները, պարտադրանքները, վրեժը: Հասարակ մի փաստ. Ջորջ Գամովի ընկեր, կոլեգա ու համախոհ Լանդաուն պարտավոր էր իրեն պահել ո՛չ որպես ընկեր, այլ` հակառակորդ, անգամ խոսել ընկերոջ դեմ, ունենալ ա՛յլ տեսություն: Գիտական միտքը երբեմն ստիպված է լինում տուրք տալ դարաշրջանների ու գաղափարների պայքարին, տեսությունների և մարդկային անձնական կյանքերի խառնաշփոթին, մոլեգին կրքերին և ինտրիգներին, որ պակաս պայթյունավտանգ չեն, քան ինքը` Մեծ պայթյունը, և ո՛չ պակաս առեղծվածային, քան ինքը` Տիեզերքը:

Տիեզերքի առեղծվածը չի կարող չհետաքրքրել մտածող ու հետազոտող մարդկանց։ Եվ այս կոնկրետ խնդրով նորագույն մտածողների շարքը սկսվում է Ջորջ Լեմետր, Ալբերտ Էյնշտեյն, Էդվին Հաբլ, Գամով անուններից… ապա շարունակվում է շատ ուրիշ անուններով, իսկ այսօր արդեն շարունակվում է ամերիկացի աստղագետների հենց նոր հայտնագործություն կատարած խմբի անդամների և հարյուրավոր այլ աստղագետների ու ֆիզիկոսների անուններով։

Եվ, քանի դեռ գոյություն ունի մարդկությունը, անկասկած այդ հարցը դեռ կշարունակի հուզել ու աշխատեցնել շատ ուղեղներ ու սարքավորումներ։

Առեղծվածային է ոչ միայն Տիեզերքի՛, այլև տիեզերքների՛ գոյության հարցը, քանի որ տեսակետներ կան նաև, որ մեր Տիեզերքը միակը չէ, և, որ գոյություն ունեն էլի տիեզերքներ` իրենց արեգակներով ու մոլորակներով, ինչպես նաև իրենց ժամանակով, տարածությունով, այդտեղ գործող ուժերով։ Եթե ստուգաբանենք Տիեզերք բառը, կստացվի տի-մեծ և եզերք, անգլերեն Տիեզերքը Universe-ն է, իսկ այն տեսությունները, որոնք պնդում են զուգահեռ տիեզերքների գոյությունը, կոչվում են multiverse կամ meta-universe (multi-բազմա)։

Երևակայական խաղ և գիտական մտքի թռիչք. ո՞րն է շարժիչ ուժը։ Իսկ Էյնշտեյնն ասում է` «Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը: Գիտելիքը սահմանափակ է: Երևակայությունը կարող է գրավել ողջ աշխարհը: Մարդու գիտելիքները սահմանափակում են նրան, երբ նա սկսում է մտածել դրանց շրջանակներում, իսկ երևակայությունը կարող է ամեն ինչ: Երբ հասկանում ես` ինչ առաջընթաց է ունեցել մարդկությունը քարանձավային ժամանակներից մինչև հիմա, երևակայության ուժը երևում է ողջ մասշտաբով:

Այն, ինչը մենք ունենք այսօր, ձեռք է բերվել մեր նախնիների՛ երևակայության շնորհիվ: Այն, ինչը մենք ունենալու ենք ապագայում, կառուցվելու է մե՛ր երևակայության շնորհիվ»:

Մեծ պայթյունը թողել է հիշողություններ։ Դրանցից առավել նշանակալի է այն կանխատեսումը, որ Տիեզերքի ծնունդից անմիջապես հետո ծնվեց նաև ահռելի քանակությամբ լույս` եղավ Լո՛ւյսը։ Այդ լույսն այնքան շատ էր, որ շատ ավելի շատ էր բոլոր այն լույսերից, որ այսօր ունեն արեգակներն ու աստղերը։ Սփռվելու պատճառով դրա ուժգնությունը գնալով թուլանում է։ Այսօր դրանից մնացել է համարյա հիշողություն` ռելիկտյան ճառագայթում։

«Լուսավոր» մարդն ունի երևակայություն, և այդ երևակայությունը ծնել է Տիեզերքի ստեղծման հետ կապված ո՛չ միայն գիտական պնդումներ, այլ նաև գեղեցիկ առասպելներ ու ասքեր։ Եթե զուգահեռներ տանենք հին հունական դիցաբանության հետ, կստացվի, որ Մեծ պայթյունի Քաոսից ծնվեցին` ժամանակը` Քրոնոսը, տարածությունը, ծնվեցին ուժերը` գրավիտացիոն, էլեկտրամագնիսական… այսինքն` ծնվեցին տիտանները, հետո` աստվածները, որ ավելի փոքր ու թույլ էին տիտաններից։ Երևակայական միտքը թեև ճշգրիտ չի կարող տալ այն, ինչ ֆիզիկոսների չափումներն ու բանաձևերն են տալիս, բայց այն սովորաբար առաջ է ընկնում գիտական մտքից և տալիս է գեղեցիկ բացատրություններ, որոնք հաճախ ճշգրիտ են լինում, հաճախ էլ գոնե որոշ չափով մոտենում են դարեր անց հետազոտությունների արդյունքում արված գիտական եզրահանգումներին։

Եվ մինչ Տիեզերքը պայթյունից հետո շարունակում և շարունակում է ընդարձակվել, երևակայական միտքն ու գիտական հաշվարկները` առաջ անցած, ներկայացնում են Տիեզերքի վախճանի տարբերակներ։ Ֆիզիկոսների մեծամասնության մոտ դրանցից առավել ընդունելին այն է, որ Տիեզերքը ներկայումս էլ շարունակում է ընդարձակվել, և գալակտիկաներն ավելի ու ավելի են հեռանում իրարից: Եթե Տիեզերքի նյութն այնքան շատ լինի, որ իր ձգողության ուժը բավարարի ի վերջո կասեցնելու ընդարձակումը, ապա այդ ուժը գալակտիկաներին կստիպի վերստին սեղմվել և մոտենալ իրար այնքան ժամանակ, մինչև գոյություն ունեցող ամեն ինչ սեղմվի և պարփակվի մեկ կետում:

Դա Մեծ պայթյունի հակառակ գործողությունը կլինի, որի անվանումն է Մեծ ճայթյուն: Իսկ եթե Տիեզերքի նյութը չբավարարի այդ գործողությանը, ապա այն կշարունակի ընդարձակվել, և միլիարդավոր տարիներ հետո աստղերը կծախսեն իրենց ամբողջ միջուկային վառելանյութն ու, ի վերջո,- կհանգչեն: Երկու դեպքում էլ սպասվում է Տիեզերքի վախճան:

Թեև Տիեզերքի վախճանը նույնքան հեռու է մեզնից, որքան իր սկիզբը, այնուամենայնիվ «վախճան» բառն ընդունակ է առաջացնել վախ և բացասական թրթիռներ: Հետևաբար` դրանք ցրելու համար առաջարկվում է Տիեզերքի ստեղծման ու վախճանի մասին մեկ այլ` հումորային տեսակետ, որն ասում է` Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության (ՑԵՌՆ, ֆրանսերեն` CERN) աշխատակիցները պատրաստվում են մոտակա ժամանակներս կատարել մի մեծ գիտափորձ, որը կարող է մոդելավորել Տիեզերքի առաջացման պրոցեսները. Ընդհանրապես զարմանալի մարդիկ են այդ ֆիզիկոսները. նրանք սովորություն ունեն հավաքվելու 13-14 մլրդ տարին մեկ և գործարկելու Մեծ հադրոնային կոլայդերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս