Բաժիններ՝

Սկանդալ հանքարդյունաբերական համաժողովի ժամանակ. բնապահպանները պղտոր ջուր հրամցրին կառավարության անդամներին

«Հայաստանի ընդերքը հոշոտվում է այլ երկրների կողմից», «You mine we die», «Hand off Armenia» և նմանատիպ այլ պաստառներով այսօր բնապահպան-ակիվիստները «ողջունեցին» ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կազմակերպած «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. Հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովի մասնակիցներին: Բնապահպանները պղտոր ջրով բաժակներ հրամցրին կառավարության նեկայացուցիչներին, մասնավորապես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, հայտարարելով, որ հանքարդյունաբերության հետևանքով ՀՀ բնակիչները ստիպված են նման կեղտոտ ջուր խմել:

Համաժողովին մասնակցում են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի դեսպանները, Կանադայի կառավարության ներկայացուցիչը, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը բնապահպանների ակցիան բնորոշեց որպես քաղաքացիական հասարակության զարգացում և ակտիվություն:

Համաժողովին նախատեսվում էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությունն ու ելույթը, սակայն վարչապետն այդպես էլ չժամանեց:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով պետք է ելույթ ունենար, փորձեց հապշտապ հեռանալ դահլիճից, բայց միջանցքում հանդիպեց բնապահպանների ճնշմանը և ստիպված եղավ լսել իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքները:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չհամբերեց և ելույթների կեսից դուրս եկավ ու արագ հեռացավ՝ աննկատ մնալով բնապահպանների կողմից:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարտաստ է այսօր ընդունել ակտիվիստների պատվիրակությանը և նրանց հետ քննարկել օրակարգում եղած բոլոր խնդրահարույց հարցերը: Նա կոչ արեց բնապահպաններին նաև համաժողովի ընթացքում ակտիվ մասնակցել և հուզող բոլոր հարցերը առաջ քաշել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս