ԲՀԿ-ականի «վաարուժյոննի գրաբյոժն» ընդդեմ ՀՀԿ-ականի
Մեր տեղեկություններով` Գյումրիի գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ցանկանում է տիրանալ Գյումրիի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանին պատկանող «Օազիս» ռեստորանին. այն գտնվում է Գյումրիի քաղաքային զբոսայգում:
Այս ռեստորանը բավական շքեղ կառույց է, կառուցված «ձմեռային այգու» սկզբունքով, որտեղ աճում են բազմապիսի արևադարձային բույսեր, կան շատրվաններ և ջրվեժներ: Դժվար է գնահատել այս ռեստորանի շուկայական արժեքը, սակայն, ըստ մեր աղբյուրի, Ղուկասյանը ժամանակին միայն խոհանոցային պարագաների ձեռքբերման համար ծախսել է 150 հազար դոլար:
Այս տեղեկությունների իսկությունը ճշտելու՝ 168.am-ի հարցին ի պատասխան` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկայսնանն ասել է. «Եթե կա կազմակերպություն, որը կարող է ավելի լավ սպասարկում իրականացնել այգում, ես միայն ուրախ կլինեմ, բայց որևէ մեկը չի կարող «Օազիսը» խլել ինձնից: Նման բան կարող է լինել միայն այնպիսի երկրում, որտեղ բացարձակ օրենք չկա. ամեն ինչ որոշվում է «վաարուժյոննի գրաբյոժով», զինված մարդիկ մտնում ու գրավում են իրենց ուզած օբյեկտը կամ տարածքը: Դա նույնն է, որ մտնեն ձեր խմբագրություն և զենքով խլեն ձեզանից»:
Վարդան Ղուկասյանը հրաժարվել է այլ հարցերի պատասխանել, բայց կրկնել է, որ բացառում է, որ ինչ-որ մեկը կարողանա «Օազիսը» խլել իրենից:
Նշենք, որ Ս. Բալասանյանի պաշտոնավարման շրջանում Գյումրիի այգիներից մեկում «Խաղաղության օղակ» զբոսայգում գործող «Ռոբինզոն» սրճարանը փակվել էր այն բանից հետո, երբ քաղաքապետը պահանջել էր, որպեսզի դրա սեփականատերն այգում 300 հազար դոլարի ներդրում կատարի:
Նման պահանջը հիմնավորվել էր նրանով, որ Բալասանյանը՝ որպես քաղաքապետ, ցանկանում է, որպեսզի այգուց եկամուտ ստացող գործարարը գումար ծախսի նաև այգին բնակիչների համար ավելի գրավիչ դարձնելու նպատակով: Իսկ երբ այդ պահանջը չէր կատարվել, քաղաքապետարանը խզել էր այգու վարձակալության պայմանագիրը` պատճառաբանելով, որ վարձակալը պատշաճ սպասարկում չի իրականացնում: