
Եթե ցնցումներ չլինեն, սա ԱՄՀ-ի վերջին ծրագիրը կլինի

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) շուրջ 127.6 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանին՝ 38-ամսյա «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում ՀՀ համար իշխանությունների տնտեսական ծրագիրը սատարելու նպատակով: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը, եթե ցնցումներ չլինեն, սա ԱՄՀ-ի վերջին ծրագիրը կլինի: Նա պարզաբանեց, որ «խոշոր ցնցում» ասելով նկատի ունի ՀՀ արտաքին առևտրի գործընկերների մոտ կամ Հայաստանում ուժեղ տնտեսական կրճատում լինի, կամ նավթի, պղնձի գների էական տատանում, որը կարող է էական ադեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա:
Մ.Հորթոնը նշեց, որ ծրագրի հաստատումը եղել է մի քանի օր առաջ, ֆինանսավորումը կհատկացվի փուլերով, առաջինը՝ շուրջ 18.2 միլիոն ԱՄՆ դոլար. «Ծրագրի նպատակն է սատարել տնտեսական աշխուժության վերականգնումը, աղքատության նվազեցման ուղղությամբ հետագա առաջընթացը, գնաճի կայունացումը, ինչպես նաև հարկաբյուջետային և արտաքին մնացած խոցելիությունների մեղմումը»:
«Ֆինանսավորումը միայն ԿԲ-ին է տրամադրվելու՝ ԿԲ պահուսները ավելացնելու նպատակով»,- նշեց Մ.Հորթոնը: