Ովքեր համարում են, որ անցյալ տարվա նախագահական ընտրությունները կեղծվել են, պետք է ընդունեն ամբողջական իշխանափոխության գաղափարը
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հույս ունի, որ ոչ իշխանական չորս ուժերի առաջնորդները կհանդիպեն միմյանց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով քառյակի կողմից սկսված կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացին:
«Ներկա դրությամբ մենք խորհրդարանի ներսում շատ կառուցողական համագործակցություն ունենք՝ ընդդիմադիր չորս ուժերի միջև: Ածականները փոփոխական են, բայց կարևոր է էությունը, կարևոր է, որ վերջին շրջանում խորհրդարանական նախաձեռնությունները քննարկվում են որոշակի արդյունքներով: Դա է համագործակցության եղանակը ներկա դրությամբ, ավելին չեմ կարող ասել, որովհետև մինչև հիմա չի կայացել չորս ուժերի ղեկավարների հավաքը, որը իմ և նաև ուրիշների կարծիքով, թույլ կտա որոշ անհարթություններ շտկել, որոշ տարաձայնություններ հաղթահարել և վերջապես խոսել չորսի ձևաչափի մասին:
Ներկա դրությամբ այդ ձևաչափը գործում է: Կան տարբեր մոտեցումներ:
Նրանք, ովքեր համարում են, որ անցյալ տարվա նախագահական ընտրությունները կեղծվել են, իրենք պետք է ընդունեն ամբողջական իշխանափոխության գաղափարը, գործողությունների ծրագիրը և միասին ճշտեն ճանապարհային քարտեզը՝ այդ նպատակին հանելու համար: Ներկա դրությամբ չկա այդ համաձայնությունը, բայց դա չի նշանակում, որ «Ժառանգությունը» խորհրդարանում հետ է կանգնելու այդ կառուցողական ձևաչափից»,- նշեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե Կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծին «Ժառանգությունն», իհարկե, դեմ չի լինի, կմիանա, բայց շեշտեց, որ իրենց համար կարևոր է նախագահի հրաժարականի պահանջը:
Նա ասաց, որ իրենց համար Կառավարության հրաժարականը կիսամիջոց է, ըստ նրա, արատը վերևից է, և ամբողջ իշխանությունը՝ Սերժ Սարգսյանից սկսած պետք է փոխվի:
«Հույս ունեմ, որ այն, ինչ վերջին մեկ ամսվա ընթացքում չի հաջողվել, նկատի ունեմ չորսի քաղաքական ուժերի հանդիպումը, առաջիկայում տեղի կունենա, ես հույսս չեմ կտրել… Մենք կշարունակենք մեր փնտրտուքները խորհրդարանական գործընկերների հետ, ձեռք կմեկնենք արտախորհրդարական ուժերին, քաղաքացիական նախաձեռնություններին, որովհետև եթե մի բան կա, որ շարքային քաղաքացին ասում է, որ պետք է միանաք, փոխեք այս երկիրը, պետք է անենք»,- նշեց նա:
Հարցին, թե չե՞ք կարծում, որ կառավարության հրաժարականը պահանջելը կարող է դառնալ փուլային տարբերակ՝ նախագահի հրաժարականին հասնելու ճանապարհին, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Թող լինի: Ես չեմ բացառում, բայց ոչ էլ ասում եմ, որ կարելի է հետագծին նայել, ասել, որ Հայաստանում հիմա հնարավոր չէ, որովհետև ճիշտ ժամը հիմա է, ճիշտ ժամը ամբողջական է և այդ դիպաշարի զարգացման համար մենք ասում ենք նաև, որ կմիանանք այդ նախաձեռնությանը»:
Նա ասաց, որ չի հանդիպել ՀՅԴ և ՀԱԿ ղեկավարներին, թեև նման պատրաստականություն հայտնել է: