Գալուստ Սահակյանը` քառյակի մասին. «Միայն մանկապարտեզում է, որ երեխեքը տունտունիկ են խաղում»

ԱԺ ոչ իշխանական ուժերը երեկ համատեղ դռնփակ նիստում որոշել են ապրիլի 28-ին խորհրդարան ներկայացնել կառավարությանն անվստահություն հայտնելու մասին նախագիծը:

Կառավարությանն անվստահություն հայտնելու համար «հրաշալի քառյակը» ստորագրահավաք է սկսելու` ապրիլի 28-ի քառօրյայում հարցն արտահերթ կարգով ներառելու նպատակով: «Կարծում եմ, որ սա տեխնիկական որոշում չէ, այլ` մի ամբողջ գործընթացի սկիզբ»,- երեկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ քառյակն առաջին հերթին որոշել է մշակել սոցիալ-տնտեսական և քաղաքական քայլերի ծրագիր, որոնք պետք է կատարվեն կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո եկող կառավարության կողմից:

Հարցին` արդյոք Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշմանը նպաստեցի՞ն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումները, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես ոչ ուզում եմ նսեմացնել, ոչ ուզում եմ չափազանցնել պարոն Ծառուկյանի դերը: Ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը ներդրում ունեն որոշումների կայացմանը հարցում, բոլորըգ Բոլորն էլ կառուցողական մոտեցում դրսևորեցին, ու մենք դրա արդյունքում ունենք այն, ինչ ունենք»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով նոր կառավարության կադրերի մասին հարցին` Լ.Զուրաբյանը նշեց, որ քառյակը կադրային, անհատական նշանակումների հետ կապված հարցեր չի քննարկել:

Նա հիշեցրեց, որ ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե իրենք պաշտոններ չեն վերցնելու, ապա նշեց, որ ցանկանում են ժողովրդին առաջարկել «գոյություն ունեցող ճահճից դուրս գալու ալտերնատիվ մի քաղաքական գործընթաց»: Լ. Զուրաբյանի խոսքով` իշխանությունները կտրված են իրականությունից, բայց փողոցի շունչը զգալու են:

«Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ այն, ինչ եղավ Յանուկովիչի հետ, կարող է լինել իրենց հետ: Մի ասացվածք կա` միայն հիմարներն են սովորում սեփական սխալների վրա: Հիմա շանս կա սովորելու այլ ազգերի սխալների վրա: Նրանք պետք է հետևություններ անեն, եթե, իհարկե, անմեղսունակ չեն, իսկ ես չեմ համարում նրանց անմեղսունակ»,- ասաց նա: Հարցին, թե ապրիլին Հայաստանում նոր կառավարությո՞ւն կլինի, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ ինքը նման ոչ մի երաշխիք, խոստում չի կարող տալ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ, արձագանքելով ոչ իշխանական ուժերի որոշմանը, նշեց, թե չի կարծում, որ նրանց նախաձեռնությունը` Կառավարության հրաժարականը պահանջելը, լուրջ գործընթացների սկիզբ է։ Քառյակի գործողությունները, որոնց Սահակյանը տվեց «հրաշալի յոթնյակ» անունը, ըստ նրա` ունեն մեկ նպատակ` հասնել «մեղրի կարաս»-ին` իշխանությանը:

Նա նշեց, թե չի կարծում, որ նրանց «կռիվը» պաշտոնի համար է` ավելացնելով.

«Պաշտոն էլ չեն ուզում, ասում են` դուք գնացեք, ու մենք ձեր փոխարեն գանք։ Ասում են` առնվազն պետք է լինենք երկրի նախագահ և վարչապետ, և ամեն ինչը մենք տնօրինենք։ Իսկ դա միայն մանկապարտեզում է լինում, որ երեխեքը տունտունիկ են խաղում, մեկ մեկն է մամա լինում, մեկ` մյուսը, հետո մեկը` պապա, մյուսը` պապա։ Իսկ քաղաքականության մեջ լուրջ դիրքորոշումներ պետք է արտահայտել, մանավանդ տեսնեն, թե աշխարհում ինչ է կատարվում։ Բայց իրենց չի հետաքրքրում որևէ վերլուծություն, որովհետև ինչ-որ ժամանակ իշխանության մեջ են եղել, հիմա ցավով հիշում են ու նորից ուզում են գան իշխանության և խնդրում են ՀՀԿ-ին, որ` անպայման դուք գնացեք, որ մենք գանք մեր բավականության համար»:

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ կառավարությանն անվստահությունը պահանջող ոչ իշխանական ուժերին հորդորեց թվաբանությամբ զբաղվել` հաշվել իրենց և իշխող մեծամասնության պատգամավորների համամասնությունն Ազգային ժողովում:

«Դպրոցի երկրորդ դասարանում ինձ մաթեմատիկա էին սովորեցնում, և ես կարողանում եմ հաշվել, որ նրանց միավորումը իմաստ չունի, ոչինչ չի տա` քիչ են: Կառավարության հրաժարականին հասնելու համար ոչ իշխանական ուժերը չունեն ռեսուրսներ` ի տարբերություն հանրապետականների, որոնք առանց կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ի էլ կարող են իրենց ցանկացած որոշում անցկացնել: Համախմբվե՞ն, թե՞ ոչ, դա իշխանությունների վրա չի ազդի: Ես մաթեմատիկա գիտեմ ու հաշվում եմ, որ ՀՀԿ-ՕԵԿ-ական թվով 77 պատգամավորները շատ են ոչ իշխանական 54 պատգամավորից»,- նշեց նա:

Մեր դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների խոսքով` կգտնվեն ՀՀԿ-ական պատգամավորներ, ովքեր կմիանան իրենց` կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում, Ալ. Իսկանդարյանը զարմացած արձագանքեց. «Բայց դա նրանց ինչի՞ն է պետք… ես ՀՀԿ-ում խելագարներ չեմ տեսել: Դուք կարծում եք, որ նրանք նման քայլի դիմելու համար մոտիվացիա ունե՞ն, ես այդպես չեմ կարծում: Նախագահական ընտրությունների ժամանակ մենք նման դեպք ունեցանք, իհարկե, ոչ թե քաղաքական ուժերի համախմբման փորձ, այլ` ընդդիմադիր էլեկտորատի միասնության, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրություններում հավաքեց 37 տոկոս ձայն, բայց ի՞նչ, երկու ամիս անց ՏԻՄ ընտրություններում նա հավաքեց 8 տոկոս, ուստի ես չունեմ ոչ մի հիմք հավատալու, որ այդ ուժերի համախմբումը կարող է կառավարության հրաժարականի պատճառ դառնալ»:

Կառավարության անվստահության կամ ամբողջական իշխանափոխության շուրջ ոչ իշխանական ուժերի քայլերը քաղաքագետը գնահատեց` որպես պարզապես ցանկություններ, ապա նշեց. «Խոսակցություն է ցանկությունների մասին, դե հիմա ես էլ շատ բան եմ ուզում, ուզում եմ թռչել առանց ինքնաթիռի` թևերով, բայց չեմ կարող, չէ՞»: Դիմելով ոչ իշխանական ուժերին, Իսկանդարյանը նաև հորդորեց` հեղափոխություն անելու փոխարեն` ծրագիր պատրաստել, և նշեց. «Չէ, որ վատ տղաներին փոխես լավ տղաներով, բոլորը երջանիկ կդառնան, ոչ, Հայաստանում բազմաթիվ անգամներ մարդիկ փոխել են իրենց տեղերն ուրիշների հետ, բայց ոչինչ չի փոխվել: Այնպես չէ, որ այս կոռումպացված ու վատ վիճակում Գագիկ Ծառուկյանը գա իշխանության` Հայաստանը կդառնա Շվեյցարիա, ոչ, նա պետք է գա ծրագրով: Պետք է ոչ թե հիստերիկա սարքել, այլ` աշխատել»:

Հ.Գ. Նշենք, որ ՀՀ Սահմանադրության Գլուխ 4-ի 84-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է անվստահություն հայտնել կառավարությանը: Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարող է ներկայացվել Հանրապետության Նախագահի կամ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից: Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ նման որոշման նախագիծ չի կարող ներկայացվել: Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում:

Լուսանկարը՝ ԳԱԼԱ-ի

Տեսանյութեր

Լրահոս