ԽՍՀՄ-ի ուրվականը կենդանանում է
Վերջին օրերի լրահոսում տեղ գտավ առաջին հայացքից ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապ չունեցող, սակայն նույն այդ զարգացումների անմիջական արտահայտությունը հանդիսացող մի տեղեկություն:
Ռուսական ամենահեղինակավոր լրատվական գործակալություններից մեկը` «ИТАР-ТАСС»-ը առաջիկայում` հիմնադրման 110-ամյակի առթիվ, պատրաստվում է անվանափոխվել, ավելի ճիշտ` վերանվանափոխվել` 1991թ. ԽՍՀՄ փլուզումից հետո ստացած ներկայիս անվանումից հանելով առաջին` ИТАР արտահայտությունը:
Այսպիսով, ռուսական ամենահզոր տեղեկատվական գործակալություններից մեկն առաջիկայում կոչվելու է այնպես, ինչպես ԽՍՀՄ ժամանակներում` ТАСС- Телеграфное агентство Советского Союза: Այսինքն` լայն իմաստով, «Ռուսաստանի մասին տեղեկություններ հաղորդող համար առաջին կառույցն իր անվան մեջ կրելու է «Советский Союз» արտահայտությունը:
Սովորաբար գոյություն չունեցող սուբստանցիաների անվամբ լրատվական գործակալություններ չեն անվանվում, իսկ եթե դա պատահում է, միայն մեկ նպատակով` մարդկանց ուղեղում դաջել, որ այդ սուբստանցիան կամ կա, կամ լինելու է: Ասել է թե, այլևս ռուս և նախկին ԽՍՀՄ տարածքի ռուսալեզու ու ինֆորմացիոն այլ աղբյուրներից զրկված (ոչ միայն օտարերկրյա լրատվամիջոցների ֆիզիկական, այլև լեզվական հասանելիության պատճառով) միլիոնավոր քաղաքացիներ, օրական առնվազն մի քանի անգամ լսելու, կարդալու ու տեսնելու են` «Телеграфное агентство Советского Союза»:
Պատահական չէ, որ ըստ պաշտոնական հաղորդագրության, գործակալությունն անվանափոխելու առաջարկությունը հիմնված է «ТАСС уполномочен заявить» ասացվածքի նշանակություն ստացած խորագիրը վերածնելու գաղափարի վրա:
Մի խոսքով, ԽՍՀՄ-ը վերականգնվում է, վերականգնվում է անասելի տեմպերով: Վերականգնվում է ԽՍՀՄ-ի, սառը պատերազմի ամենաբնորոշ ատիրբուտներից մեկը` «երկաթյա վարագույրը», որն իր հերթին` հիմնված էր տեղեկատվական շրջափակման, սովետների երկրի քաղաքացիներին միայն գրաքննված տեղեկություններ հաղորդելու «լիազորության» վրա:
Թվում է, թե ինտերնետի, սոցիալական ցանցերի այս դարաշրջանում նման գաղափարը ցնորամտություն է: Բայց ռուսական «կրեատիվնիշնիկներն» արդեն իսկ գործուն քայլեր են ձեռնարկում ինտերնետի ու սոցցանցերի գրաքննության ուղղությամբ, ինչի վկայությունն են արդեն իսկ «հակազգային քարոզչության» անվան տակ փակված էլեկտրոնային լրատվամիջոցներն ու սոցցանցերում իրականացվող գրեթե տոտալ վերահսկողության մասին ռուսական մտավորականների ահազանգերը:
Բայց ԽՍՀՄ-ն ու դրա «ատիրբուտները» միայն Ռուսաստանի տարածքով չէին սահմանափակվում, և հասկանալի է, որ հաջորդ փուլը լինելու է «վարագույրի» տարածումը` դեռևս ռուսական ազդեցության տակ մնացած, կամ որ նույնն է, մաքսային երկրներում, այդ թվում ու գուցե առաջին հերթին` Հայաստանում:
Եվ, թերևս, ամենևին պատահական չէ, որ հայտնի «ֆեյքերի» դեմ օրինագիծը մեր ԱԺ-ում հայտնվեց հենց այս օրերին: Դա կարող է լինել հայկական լրատվական դաշտի «ТАСС»-ացման առաջին քայլը:
Ի՞նչ են անում այս պայմաններում Հայաստանի ճակատագրով մտահոգ կամ այդպիսին ներկայացող քաղաքական ուժերն ու ակտիվ քաղաքացիները: Առաջինները հաղթական հաջողություններ են արձանագրում կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացում, երկրորդներն ավելի մեծ հաջողություններ են գրանցում նույն կառավարության կողմից պարտադրվող կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարում: Այս և պայքարի բազմաթիվ այլ թիրախներն, իհարկե, շատ կարևոր են:
Բայց մի՞թե դժվար է պատկերացնել, որ արագ, շատ արագ այդ ամենը կարող է ի չիք դառնալ` իշխանություններն ու վաստակաշատ կթվորուհու կերպարանքով ընդդիմադիրները կնշանակվեն Մոսկվայից, այնտեղ էլ կորոշվեն նաև կենսաթոշակի դրույքաչափերը` ռուսական արժեզրկվող ռուբլիով, բնականաբար: Իսկ Ստեփանակերտում, ի դեպ, նախօրեին մեծ տոնախմբություն էր` Ղրիմի` Ռուսաստանի կազմում ընդգրկվելու առիթով: