Բաժիններ՝

Վայոց Ձորի մարզի 40 դպրոց միացան «Dasaran.am» կրթական ծրագրին

«Dasaran.am» կրթական ծրագիրը չորս տարվա համառ աշխատանքի արդյունքում այսօր արդեն իր ցանցում ընդգրկում է ՀՀ 1400 դպրոցներից շուրջ 1000-ը: Կրթական ծրագրի ցանցից օգտվում է 738.482 մարդ (տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ):

Այս անգամ «Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմն այցելեց Վայոց ձորի մարզ՝ տեղի գյուղական համայնքի դպրոցների 40 ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացն իրականացնելու նպատակով: Այն միտված էր օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում Ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացմանը:

Ինտերակտիվ մեթոդով իրականացվող վերապատրաստման ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվում ոչ միայն մանրամասն ծանոթանալ կրթական ծրագրի կողմից ստեղծած էլեկտրոնային գործիքին (ինտերֆեյսին), այլև տեղում՝ համակարգիչների առջև, գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդել ստացած տեսական գիտելիքները: Կրթական ծրագիրը տրամադրում է նաև  «Dasaran.am»-ից օգտվելու մանրամասն ուղեցույց, ինչպես նաև ապահովում ծրագրի հետագա աշխատանքների սահուն ու անխափան ընթացքը:

Վերապատրաստումներին արդեն իսկ մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ 10 մարզերի շուրջ 35.000 օպերատորներ և ուսուցիչներ:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ «Dasaran.am» կրթական ծրագիրը վայելում է ՀՀ ԿԳ նախարարութան և Երևանի քաղաքապետարանի աջակցությունը, իսկ մարզերում համապատասխան գործունեությունն իրականացվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հավանությամբ: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրը գործում է անվճար հիմունքերով:

Հ. Գ. «Dasaran.am» կրթական ծրագիրը, որի առաքելությունն է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել Հայաստանում կրթության որակի բարձրացմանը, գործում է 2009 թվականից: Այն  հասանելի է արդեն Երևանի և ՀՀ մարզերի ընդհանուր թվով 1000 դպրոցներում: Ծրագրի նպատակն է դյուրացնել  ուսուցիչ-աշակերտ-ծնող կապը, ինչպես նաև ամրապնդել որակյալ կրթության անհրաժեշտության և կարևորության գաղափարը, բացահայտել ու խրախուսել աշակերտներին ներդպրոցական, միջդպրոցական և համահայկական ինտելեկտուալ մրցույթների և խաղերի միջոցով, ինչպես նաև ձևավորել աշակերտների, ծնողների և ուսուցիչների հաղորդակցման հատուկ համակարգ և բարձրացնել դպրոցների գործունեության թափանցիկությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս