Կառավարությունը հետքայլ չի անում, առաջ քայլ է անում. Արտեմ Ասատրյան (տեսանյութ)
«Կառավարությունը հետքայլ չի անում, կառավարությունը առաջ քայլ է անում: Ես այս պահին որևէ լրացուցիչ առաջարկություններ կամ դիտարկումներ չեմ կարող ներկայացնել: Ընդհանրապես մենք միշտ պատրաստ ենք եղել և վարչապետի ասածը շատ հստակ էր այդ առումով, որ պետք է աշխատանքներ իրականացվեն «հանուն», քանի որ այս դեպքում միանշանակ է, որ և´ կառավարության, և´ մեր իշխանությունների այսօրվա քաղաքականությունն ուղղված է երկրի ապագային, և երիտասարդներին, որ նույն մտահոգություններն ունեն, չի կարող այստեղ տարընթերցումներ լինել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ մեկնաբանելով ՀՀ կառավարության նիստի ժամանակ երկխոսելու վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի կոչը «Դ!ԵՄ ԵՄ» շարժմանը:
Ըստ Ա.Ասատրյանի՝ կառավարությունն իրականացնելու է ընթացիկ քաղաքականության իր քայլերը, այլ խնդիր է, որ կան մտահոգություններ, մոտեցումներ, որոնք հիմնավոր քննարկումներ են պահանջում:
Նախարարը հաստատեց 168.am-ի դիտարկումը, որ շարժման ակտիվիստների և վարչապետի հանդիպումներ նախկինում էլ են եղել և նշեց. «Քննարկումներ եղել են, բայց արդյունքն այն է, ինչ բոլորդ գիտեք»:
Մեր հարցին՝ շարժումը քաղաքականացնելու միտում տեսնո՞ւմ եք, հաշվի առնելով, որ մարտի 22-ին կայանալիք հանրահավաքին քաղաքական ուժերը ևս մասնակցելու են, Ա.Ասատրյանը պատասխանեց. «Ես կուզեի բացառել այդ շարժումը քաղաքականացնելու հնարավորությունը, քանի որ այդ առումով չեմ կարծում, որ դա կօգնի ընդհանուր մեր գործին և լուծվելիք խնդիրներին»:
Լրագրողների հարցին՝ հանդիպում ակնկալո՞ւմ են մինչև մարտի 28-ը՝ ՍԴ-ի նիստը, թե դրանից հետո, նախարարը նշեց, թե վարչապետի հայտարարությունը շատ հստակ էր՝ «մենք բաց ենք և պատրաստ ենք քննարկումների, առարկայակաան առաջարկությունների դեպքում դրանք բոլորը կքննարկվեն»:
Մանրամասները՝ տեսանյութում
=”//www.youtube.com/embed/gQquY20bL9E” frameborder=”0″