Ո՞ւմ նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ստեփանակերտի տոնական միջոցառումը. Ալեքսանդր Արզումանյանը կասկածներ ունի

Ղրիմի ինքնավար հանրապետության վերամիավորումը ավելի շատ բռնակցում է Ռուսաստանի կողմից:  Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն արեց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Ըստ նրա` որևէ հայ քաղաքական գործիչ չի կարող դեմ լինել ազգերի ինքնորոշման իրավունքի փաստացի իրականացմանը, սակայն ազգերի կամարտահայտման ժամանակ գլխավոր բառը «ազատ»-ն է, իսկ մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեն, Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով, ազատ չի եղել:

«Իմ խորին համոզմամբ, տվյալ պարագայում Ղրիմի բնակչությունն ազատ չի ինքնորոշվել, այլ այդ ակտը պարտադրվել է հարևան պետության կողմից: Ոչ միայն ռուսական բանակի առկայությունն է արդեն իսկ կասկածի տակ դնում հանրաքվեի իրականացման ազատությունը, այլև այն փաստը, որ բանակն անթաքույց մասնակցություն է ունեցել վերջին զարգացումներին: Հայտնվեցին տեղի, այսպես կոչված, «ինքնապաշտպանական ջոկատներ», որոնք Ուկրաինայի հետ Ղրիմի սահմանն էին պաշտպանում, և եղան այնպիսի միջադեպեր, որ ԵԱՀԿ դիտորդների վրա կրակեցին, թույլ չտվեցին մուտքը, որևէ միջազգային դիտորդ չի մասնակցել, բացի մի քանի անհատներից… Այնպես որ, սա ավելի շատ Ռուսաստանի կառավարության կողմից բռնակցում է, և միջազգային հանրությունն էլ դեմ հանդես եկավ այս հանրաքվեի օրինականության վերաբերյալ»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Այս համատեքստում քաղաքական գործիչն անդրադարձավ Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի միջև համեմատություններին` նշելով, որ ինքը զերծ կմնար որևէ զուգահեռ անցկացնելուց:

Կարդացեք նաև

Նախկին արտգործնախարարն ասաց, որ ողջունելի էր Ղարաբաղի իշխանությունների առաջին արձագանքը Ղրիմի հանրաքվեին, երբ ԼՂՀ արտգործնախարարությունը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը պաշտպանում է ինքնորոշման իրավունքը, բայց, այնուամենայնիվ, պետք է սպասի և հույս ունի, որ խաղաղ կարգավորում կլինի: Սակայն Արզումանյանին մի փոքր զարմացրել էր երեկ` մարտի 18-ին, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում Ղրիմի հանրաքվեին նվիրված տոնական միջոցառումը:

«Մի տոնախմբություն, մի այնպիսի իրավիճակ ստեղծվեց, ասես թե Լեռնային Ղարաբաղին ընդունել են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ: Սա մի քիչ զարմանալի էր, առավել ևս եթե հիշենք, որ Կոսովոյի ալբանացիները նույնպես իրականացրեցին իրենց ինքնորոշման իրավունքը, և որևէ ծպտուն անգամ չեղավ մեր եղբայրների, քույրերի կողմից: Սա կասկածի տակ է դնում, որ դա ինքնուրույն արված քայլ էր, այլ Ռուսաստանի ցանկությամբ: Այս առումով նախանձելի չէ Հայաստանի իշխանությունների վիճակը, քանի որ անթաքույց ճնշումների է ենթարկվելու Ռուսաստանի կողմից, ինչպեղ եղավ 2008 թ. այլ երկու բռնակցումներից հետո, երբ Հայաստանին պարտադրում էին ճանաչել Աբխազիայի և Հրվ. Օսիայի անկախությունը: Բայց պետք է ասել, որ Հայաստանի իշխանությունը կարողացավ դիմակայել: Տեսնենք` հիմա ինչ կլինի»,- ավելացրեց Ալեքսանդր Արզումանյանը:

Տեսանյութեր

Լրահոս