ԱՄՆ-ը հանել է իրանական նավթ գնելու հարցում Ճապոնիայի ու ԵՄ-ի 10 երկրի վրա դրած բեռնարգելքը
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը հանել է իրանական նավթ գնելու հարցում Ճապոնիայի ու ԵՄ-ի 10 երկրի վրա դրած բեռնարգելքը, ինչը նշանակում է, որ Իրանը կարող է վերսկսել նավթի մատակարարումները Ճապոնիային ու ԵՄ-ին:
ԵՄ-ի երկրների թվում իրանական նավթի ներկրման վրա դրված բեռնարգելքի վերացումն առնչվել է Ֆրանսիային, Գերմանիային, Մեծ Բրիտանիային, Հունաստանին, Իսպանիային, Բելգիային, Իտալիային, Նիդերլանդներին, Լեհաստանին ու Չեխիային:
Փորձագետներն ընդգծել են, որ Իրանի կողմից նավթի արտահանման մեծացումը կարող է իր ազդեցությունն ունենալ նավթի համաշխարհային գների վրա (նվազեցնել դրանք և դրանով իսկ վնաս պատճառել «նավթային ու գազային ասեղի» վրա նստած Ռուսաստանին – 168.am):
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե ԱՄՆ-ը որոշել է վաճառքի հանել նավթի իր ռազմավարական պաշարների մի մասը՝ 5 միլիոն բարել, ինչը նրա համար աննախադեպ իրադարձություն է վերջին 24 տարվա ընթացքում:
Ի դեպ, ռուս քաղաքագետները կարծում են, որ ամերիկյան ԿՀՎ-ի դրդմամբ՝ Սաուդյան Արաբիան 1980-ական թվականների երկրորդ կեսին կտրուկ մեծացրեց նավթի մատակարարումները համաշխարհային շուկա, ինչը հանգեցրեց նավթի համաշխարհային գնի վեցակի նվազմանը և ԽՍՀՄ-ին տնտեսական կոմայի մեջ դնելուն (վերջին հաշվով ԽՍՀՄի փլուզմանը), ինչն իրականացվեց ԽՍՀՄ-ի կողմից Աֆղանստան ներխուժելուց հետո և 1980-1988 թվականների Իրանա-իրաքյան պատերազմի (նավթով հարուստ երկրներ) ընթացքում: