
ԱՄՆ-ը որոշել է վերջին 24 տարում առաջին անգամ վաճառել իր նավթային ռազմավարական պաշարների մի մասը

Ամերիկյան The Wall Street Jounal պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ երկրի նավթային ռազմական պաշարներից փորձնական առումով վաճառելու է 5 միլիոն բարել նավթ:
Ներկայումս ԱՄՆ-ի նավթային պետական պաշարները կազմում են 727 միլիոն բարել, որոնք անհրաժեշտ են նավթի մատակարարման խափանումների դեպքում: ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ դա համակարգի աշխատելու նախապես պլանավորված ստուգում է, որը որևէ կերպ կապված չէ Ուկրաինայի ճգնաժամի հետ:
Էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ այդ միջոցը պետք է նվազագույն ազդեցություն ունենա շուկայի վրա, և որ այդ հարցը մի քանի ամիս շարունակ քննարկվել է կառավարության հետ:
Ընդգծվում է, որ ԱՄՆ-ը վերջին անգամ իր նավթային ռազմավարական պաշարներից փորձնական վաճառքի դիմել է 1990 թվականին, երբ Իրաքի զորքերը ներխուժել էին Քուվեյթ:
Բրիտանական Financial Times թերթն ուշադրություն է հրավիրել նրան, որ նավթը, որը պատրաստվում է փորձնականորեն վաճառել ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը, պարունակում է մեծ քանակությամբ ծծումբ, ինչպես և Ռուսաստանից արտահանվող նավթը:
Սակայն Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին վստահեցրել է, որ համակարգի ստուգումը կապված չէ Ուկրաինայի դեպքերի հետ: Չնայած դրան՝ մի շարք վերլուծաբաններ կարծում են, որ Վաշինգտոնը դրանով փորձում է ազդանշան ուղարկել Ռուսաստանին՝ կապված Ղրիմում նրա գործողությունների հետ: