
Ղրիմից հետո Ռուսաստանին միանալու խնդրանքով դիմել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության խորհրդարանի նախագահ Միխայիլ Բուռլան խնդրել է դիտարկել չճանաչված պետությունը Ռուսաստանին միացնելու հարցը: Նման խնդրանքով Բուռլան Մերձդնեստրի Գերագույն խորհրդի անունից դիմել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին:
Բուռլան հիշեցրել է, որ Ռուսաստանին միանալու վերաբերյալ 2006 թվականին Մերձդնեստրում անցկացված հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ընտրողների 97.2 տոկոսը (Ղրիմում՝ 96.7 տոկոսը):
Բացի այդ, արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունվել է ռուսական օրենսդրությունը մերձդնեստրյան օրենսդրության մասնիկ ճանաչելու մասին սահմանադրական օրենքը: Պետական լեզու է ճանաչվել ռուսերենը, Մերձդնեստրում բնակվում է Ռուսաստանի 200.000 քաղաքացի:
Ընդգծվում է, որ Մերձդնեստրի դրությունը կարող է վատթարանալ, եթե Մոլդովան ԵՄ-ի հետ ստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Մոլդովան այդ համաձայնագիրը նախաստորագրել է նախորդ տարվա աշնանը Վիլնյուսում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, խոսելով Ղրիմի հանրաքվեի մասին, հայտարարել էր, որ դա կարող է «դոմինոյի էֆեկտ» ունենալ տարածաշրջանում: