Ե՞րբ լռությունը կարող է դառնալ ոսկի

Կիրակի օրը ռուսական զորամիավորումների աչալուրջ ներկայության և հսկողության տակ տեղի ունեցած «հանրաքվեի» արդյունքներով` պաշտոնապես Ուկրաինայի մաս համարվող Ղրիմի բնակչության 97 տոկոսը կողմ է արտահայտվել Ռուսաստանի կազմում որպես ենթակա սուբյեկտ ընգրկվելու հարցին: Ռուսաստանը, ինչպես և կարելի էր սպասել, իսկույն ճանաչել է հանրաքվեի արդյունքները, միջազգային հանրությունը, ինչպես և կրկին սպասելի էր, չի ճանաչել դրանք՝ տեղի ունեցածը գնահատելով որպես ուժային ճանապարհով Ուկրաինայի մասնատման ակտ: Հայաստանը հերթական անգամ հայտնվել է աննախանձելի վիճակում՝ ճանաչե՞լ, թե՞ չճանաչել «հանրաքվեի» արդյունքները երկընտրանքի առաջ:

Հայաստանի համար սա շատ նուրբ, չափազանց լուրջ խնդիր է, քանի որ երկու դեպքում էլ հետևանքները կարող են վտանգավոր լինել: Առավել ևս, որ առայժմ տակավին անհայտ է նաև՝ ՀՀ-ն պաշտոնապես ճանաչո՞ւմ է Ուկրաինայի՝ Եվրոպայի ամենամեծ երկրի նոր իշխանություններին որպես լեգիտիմ, թե՞ ոչ: Իսկ դրանից ածանցվում է նաև Ղրիմի «հանրաքվեի» արդյունքները ճանաչել-չճանաչելու հարցը:

Ճանաչել դրանք՝ կնշանակի` չճանաչել Ուկրաինայի նոր իշխանություններին, որոնց, ի դեպ, ճանաչել է գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհը: Փաստարկը, որը շատերին դրդում է հանդես գալ Ղրիմի «հանրաքվեի» ճանաչման օգտին, բնականաբար, կապված է Ղարաբաղի հետ: Սակայն դա որքան կապված, նույնքան էլ վտանգավոր է: ԼՂ-ն ավելի քան երկու տասնամյակ ինքնիշխանություն հռչակած, թեկուզև աշխարհի կողմից չճանաչված անկախ պետություն է, մինչդեռ Ղրիմը քվեարկել է ՌԴ-ի կազմում ընդգրկվելու օգտին, ինչն աշխարհի կողմից գնահատվում է` որպես բռնակցում: Այդ տեսանկյունից Ղրիմի հանրաքվեի ճանաչումը կնշանակի, ըստ էության, լեգիտիմացնել ԼՂ-ն ՌԴ-ի կազմում ընդգրկելու իրավունքը և իրականացնել զորիբալայանական ուղերձը, որոնք, ի դեպ, բավական պոպուլյար են նաև հասարակության որոշակի շրջանում:

Այնպես որ, չափազանց վտանգավոր է Ղրիմի և ԼՂ-ի միջև համեմատություններ անցկացնելը, ինչով, ի դեպ, այս օրերին զբաղված են հայաստանյան բազմաթիվ հայտնի ու նորելուկ «քաղաքագետներ» ու «փորձագետներ»: Ճանաչել Ղրիմի հանրաքվեն՝ կնշանակի` նաև դեմ դուրս գալ գրեթե ողջ աշխարհին, որն, ի դեպ, ՌԴ-ի հետ միասին, զբաղվում է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Մյուս կողմից` ամբողջությամբ բացասական գնահատել այն, կնշանակի` կասկածի տակ դնել ազգերի ինքնորոշման իրավունքը, ինչի հիման վրա ԼՂ-ն անկախություն է հռչակել: Դրանով հանդերձ, կրկնում ենք, Արցախի հասարակությունն իր այդ իրավունքն իրացրել է անկախ պետություն ունենալու համար, և, բարեբախտաբար, արդեն երկու տասնամյակ աշխարհին ցույց է տալիս, որ շատ ավելի կայացած միավոր է, քան պետության անվան տակ հանդես եկող շատ այլ սուբյեկտներ:

Այդ համատեքստում, մեղմ ասած, զարմանալի է նաև ԼՂՀ ԱԳՆ-ի երեկվա հայտարարությունը՝ Ղրիմի հանրաքվեն միարժեքորեն ողջունելու վերաբերյալ: Եվ ոչ մի խոսք այն մասին, որ բարձր գնահատելով ժողովուրդների ինքնիշխանության իրավունքը, այդուհանդերձ, մտահոգություն է առաջացնում այդ իրավունքի իրացման ձևը, ինչպես նաև այն, որ դրա արդյունքում ժողովուրդը ոչ թե ինքնորոշվում, այլ հռչակում է մեկ այլ պետության կազմ մտնելու մասին:

Հայաստանը երեկվա դրությամբ` դեռ հանդես չէր եկել այս խնդրի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշմամբ: Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակում լավագույն դիրքորոշումը լռությունն է: Սակայն դժվար է ասել՝ որքան ժամանակ դա մեզ համար կունենա «լռությունը ոսկի» է արտահայտության նշանակությունը: Քանի որ մի կողմից` աշխարհն է դիրքորոշում սպասում, մյուս կողմից՝ Ռուսաստանը կարող է պարտադրել դիրքորոշում հայտնել:

Այս անելանելի թվացող վիճակում միակ անիրական, սակայն արդյունավետ ճանապարհը կարող է լինել ՀՀ իշխանությունների հրաժարականն ու նոր ընտրությունների նշանակումը: Այդպիսով և՛ Լեռնային Ղարաբաղը կապահովագրվի վտանգավոր ծուղակում հայտնվելու վտանգից, և Հայաստանը կշահի՝ ազատվելով այս իշխանություններից: Բայց դա հավանական է այնքան, որքան այն, որ Ղրիմը սեփական կազմում ընդգրկելուց հետո Ռուսաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը:

Տեսանյութեր

Լրահոս