
Կաշառք բյուջեից. Ընտրությունից առաջ փող կբաժանեն իրենց սրտի գործարարներին

2026 թվականի հերթական ընտրություններին ընդառաջ՝ պետական բյուջեն փաշինյանական Կառավարությունը որոշել է օգտագործել իրավաբանական և ֆիզիկական անձանց աջակցության անվան տակ կաշառք բաժանելու նպատակով։
Հերթական նախագիծն օրերս Կառավարությունն ընդունել է չզեկուցված ընթացակարգով, որով Փաշինյանին տրվել են նոր լիազորություններ՝ պետական բյուջեից փող բաժանել շահույթ հետապնդող կազմակերպություններին՝ աջակցության անվան տակ։
Թե ինչո՞ւ շահույթ հետապնդող, բիզնես գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք պետք է պետական բյուջեից աջակցություններ ստանան, Կառավարության ընդունած որոշումից պարզ չէ։ Միայն հստակ է, որ Կառավարության այս որոշումն ընտրություններից առաջ շատ լավ միջոց է «քվենե՛ր բերեք, փո՛ղ կստանաք» բանաձևով աշխատելու համար։
Եվ այսպես, Կառավարությունը փոփոփություն է կատարել «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում։
Ըստ այդ փոփոխության՝ Կառավարությունը կհաստատի ֆինանսական աջակցության ծրագրեր ու կֆինանսավորի դրանք՝ ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի ոլորտներում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով։
Այդ ծրագրերի շրջանակում Կառավարությունը փող կտա ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալներն ավելացնելու համար։
Արդյունքում ստացվում է, որ Կառավարությանն այս որոշմամբ տրվում է նոր լիազորություն, որով Փաշինյանը կկարողանա ֆինանսական աջակցության տարբեր գործիքակազմերով ծրագրեր խթանել բիզնես գործունեություն իրականացնողների համար։
Նշենք, որ նման լիազորություն Փաշինյանի ղեկավարած Կառավարությունը ստանում է այն պարագայում, երբ պարզ չէ, թե ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալներն ավելացնելու համար Կառավարության կողմից ֆինանսական աջակցության տալու պատճառները որո՞նք են, պարզ չէ նաև՝ արդյո՞ք նման առաջարկի համար հիմք են հանդիսացել իրականացված ուսումնասիրություններ, թե՞ ոչ, կամ արդյո՞ք քննարկվել են առաջարկվող գործիքակազմի այլընտրանքները:
Բացի այդ, Կառավարությունն ընդունել է մի որոշում և Փաշինյանին տվել նոր լիազորություններ այն պարագայում, երբ ընդունված որոշման մեջ բացակայում են գործարարներին աջակցություն տալու արդյունավետության գնահատումները՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ ոչ ֆինանսական ցուցանիշներով։
Հավելենք, որ ըստ Արդարադատության նախարարության, այս նախագծի հիմնավորումները թերի են, քանի որ դրանք թույլ չեն տալիս բացահայտել, թե նախագծի հեղինակների կողմից ինչ ուսումնասիրություններ, վերլուծություններ են կատարվել, որոնք կվկայեն առաջարկվող կարգավորման անհրաժեշտությունն առ այն, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելը կնպաստի ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի ոլորտներում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացմանը: