Ղրիմի խորհրդարանը Ղրիմը հռչակել է որպես անկախ պետություն
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն ռադայի արտահերթ լիագումար նիստում այսօր ընդունվել է «Ղրիմի անկախության մասին» որոշումը: Դրա օգտին քվեարկել է 85 պատգամավոր: Այս մասին նշված է Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից ցրված Ղրիմի խորհրդարանի կայքում:
Ընդունված փաստաթղթում ընդգծվում է, որ Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն ռադան, ելնելով երեկ Ղրիմում անցկացված ուղիղ կամարտահայտման՝ հանրաքվեի, արդյունքներից, և առաջնորդվելով մարտի 11-ի անկախության հռչակագրով, Ղրիմը հռչակում է որպես անկախ, ինքնիշխան պետություն՝ Ղրիմի Հանրապետություն, որում Սևաստոպոլ քաղաքն ունի հատուկ կարգավիճակ:
Ղրիմի Հանրապետությունը դիմում է ՄԱԿ-ին, աշխարհի բոլոր երկրներին՝ կոչ անելով ճանաչել Ղրիմի ժողովուրդների ստեղծած անկախ պետությունը: Ղրիմի խորհրդարանն այսօր պաշտոնապես ձևակերպելու է Ռուսաստանին միանալու պաշտոնական հայտը, և օրվա երկրորդ կեսին Ղրիմի խորհրդարանի պատվիրակությունը մեկնելու է Ռուսաստան: