Ծառուկյան-Հովհաննիսյան հանդիպման տեսագրմանը դեմ է եղել «Ժառանգությունը»
Երեկ տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Թեպետ 168.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հաստատել էր, որ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը կայանալու է մարտի 14-ին, ամեն դեպքում, «Ժառանգությունը» շարունակում էր պնդել, թե հանդիպման մասին տեղեկատվությունը վերջնական չէ՝ այն կարող է տեղի ունենալ «այսօր կամ վաղը»: Իսկ թե ինչու էին թաքցնում՝ հայտնի չէ:
Րաֆֆի Հովհաննիսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, ի տարբերություն ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի հետ հանդիպման, տեղի չունեցավ ԲՀԿ գրասենյակում՝ Կոնյակի գործարանում, և չտեսանկարահանվեց անգամ «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից:
Այս մասին 168.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
– Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մասին հասարակությունը իմացավ միայն հանդիպումից հետո: Ինչո՞ւ հանդիպման փաստը գաղտնի պահվեց:
– Եթե գաղտնի լիներ, մենք չէինք տարածի մամուլի հաղորդագրություն, տեղյակ չէինք պահի հանրությանը, թե ինչ հարցերի շուրջ ենք քննարկում իրականացրել:
– Կուսակցությունները, փաստորեն, ԲՀԿ-ում չեն հանդիպել, ինչպես նախորդ դեպքերում: Որտե՞ղ է տեղի ունեցել հանդիպումը:
– Մի մասնավոր տարածքում:
– Չե՞ք ասի՝ ո՞րն է այդ մասնավոր տարածքը, կոնկրետ որտե՞ղ էր:
– Ոչ:
– Ինչպե՞ս անցավ քննարկումը, գո՞հ եք հանդիպումից:
– Շատ նորմալ հանդիպում էր, բավական աշխույժ քննարկում տեղի ունեցավ, կարծում եմ, որ հետագա քննարկումներում մենք բավական աշխատելու միտում կունենանք:
– «Ժառանգություն» կուսակցությունում բոլորը համաձա՞յն են եղել Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպմանը, թե՞ այս հարցում տարակարծություններ են եղել:
– Ոչ, իհա՛րկե ոչ:
– Կուսակցության բոլոր անդամները միակարծի՞ք են եղել հանդիպման անհրաժեշտության շուրջ:
– Հանդիպելը որևէ խնդիր չէ, մենք պատրաստ ենք ցանկացած քաղաքական ուժի հետ հանդիպելու, մենք միշտ բաց ենք եղել քննարկումների համար ինչպես՝ քաղաքական ուժերի, այնպես էլ՝ հասարակական քաղաքացիական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների համար առանձնահատուկ քննարկում գոյություն չունի: Հո որոշում չի՞ կայացվում ինչ-որ հարցի շուրջ, որ առանձնակի քննարկման կարիք լինի: Ընդամենը հանդիպման մասին է խոսքը, որը շատ նորմալ գործընթաց է քաղաքականության մեջ. հանդիպել, իրար կարծիք լսել, տեսակետներ փոխանակել:
– Մամուլում նույնիսկ հրապարակում եղավ, որ սկզբում Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հակված չի եղել հանդիպելու Գագիկ Ծառուկյանի հետ:
– Դե, շատ բան են ասում… հայկական լավ ասացվածք կա՝ ժամից մենք ենք գալիս, «Տեր ողորմեան» ուրիշներն են ասում:
– Նախագահի հրաժարականի հարցը հանդիպման ընթացքում բարձրացվե՞լ է:
– Հանդիպման ընթացքում շատ հարցեր են քննարկվել, բայց դրանց բովանդակությանը չէի ցանկանա անդրադառնալ: Ընդամենը կասեմ, որ գլխավոր հարցում կարծիքները նույնն են՝ Հայաստանում ծայրահեղ իրավիճակ է ստեղծվել, և այն միայն համատեղ ջանքերով կարող ենք լուծել, միասնական կոնսոլիդացիայի արդյունքում:
– Պարոն Մարտիրոսյան, ընդդիմադիր ուժերի հանդիպումները ԲՀԿ-ի հետ տեսանկարահանվել են, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումը՝ ոչ: Ինչո՞վ է սա պայմանավորված:
– Դե, մենք քննարկում էինք իրականացնելու, և որոշվեց, որ այսպես ավելի նպատակահարմար է:
– Րաֆֆի Հովհաննիսյանի կողմի՞ց է արվել տեսանկարահանման արգելքի որոշումը:
– Դա արդեն էական չէ… Ես եմ առաջարկել, որ նկարահանում չլինի, որովհետև քննարկում էր, ուզում էինք հանգիստ մթնոլորտում քննարկել: Չեմ կարծում, որ քննարկումն այդպիսի առանձնակի նկարահանման կարիք ունի:
– Հանդիպումն արդեն տարբեր գնահատականների է արժանացել: Տեսակետներ կան, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումը տեղի ունեցավ հենց Րաֆֆի Հովհաննիսյանի խաղի կանոններով: Այդպե՞ս է:
– Չեմ կարծում, որ այդ հանդիպումները մեկի համար խաղի կանոնները ճշտել-չճշտելու խնդիր ունեն: Մեր խնդիրը բոլորովին այլ է. տարբեր բաներ կարող են գրել՝ սկսած նրանից, թե ով էր գնացել, ով չէր գնացել, ով ինչ ձևով էր գնացել:
Բայց մեզ համար փաստ է, որ մենք չենք գնում տեխնիկական դետալների վերաբերյալ քննարկման, մենք գնում ենք բովանդակային քննարկման, ուստի մնացած դետալները, այդ թվում՝ նաև, թե ինչու չի նկարահանվել… ասենք թե նկարահանվեր, թե ինչպես ենք մեր իրար բարևում, դա ինչ-որ բան փոխելո՞ւ է… Մամուլի հաղորդագրությունը տարածվեց, որ հանդիպել ենք, պարզ է, որ հանդիպել ենք, ուրեմն՝ նստել միմյանց հետ խոսել ենք, էլ ի՞նչ…
– Պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է կրկին հանդիպելու վերաբերյալ:
– Կնայենք: Ներկայացուցիչները հետագայում կքննարկեն տեսակետները, դա լինելու է, հատկապես քառյակի շրջանակներում, տեսնում ենք, որ քննարկումներ անընդհատ տեղի են ունենում: Մնացածը ժամանակի ընթացքում, ըստ անհրաժեշտության, կերևա: