Սամսոն Խաչատրյան. «5 ժամից քիչ քնողները, սովորաբար, ունեն ավելի շատ հիվանդացության և մահացության ռիսկեր» (տեսանյութ)
Պարզվում է՝ այսօր ամբողջ աշխարհում նշում են Քնի միջազգային օրը: Ավելին, այսօր պարզվեց, որ Հայաստանում 2011 թվականից գործում է «Քնի խանգարումների ասոցիացիան», որի նախագահն է քնաբան, նյարդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Սամսոն Խաչատրյանը:
Մեզ հետ զրույցում Ս. Խաչատրյանը պարզաբանեց, թե ինչ է նշանակում՝ քնաբան. «Ներկայումս տենդենց կա այդպիսի, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն կոչվում է «Sleep Specialist» (ոչ թե քնաբան, այլ՝ քնի մասնագետ), իսկ Եվրոպայում ավելի ընդունված է «Sonolog» տերմինը (քնաբան): Դա ոչ թե առանձին, սկզբնական մասնագիտություն է, այլ այն մարդիկ, ովքեր աշխատում են տարբեր մասնագիտական դաշտերում, որոնք առնչվում են քնի խանգարումների հետ (օրինակ՝ նյարդաբանը, հոգեբույժը, հոգեբանը, թոքաբանը), նրանք կարող են նաև որպես լրացուցիչ մասնագիտացում՝ դառնալ սոնոլոգ»:
Այն հարցին, թե արդյո՞ք քնի խանգարումներով մարդիկ այդքան շատ են Հայաստանում, որ ասոցիացա է հիմնվել քնաբանը պատասխանեց. «Միանշանակ շատ են քնի խանգարումներ ունեցող մարդիկ: Ասոցիացիան պետք էր հիմնել, որովհետև խնդիրն այնքան չլուսաբանված էր, և այդ առումով՝ կրթվածության մակարդակը ցածր էր Հայաստանում, որ դա պետք է անընդհատ իրականացնել, և մենք դա իրականացնում ենք՝ թե՛ ընդհանուր բնակչության հետ ակցիաներ անելով, և թե՛ հենց մասնագետների համար: Ներկայումս բավականին բարձրացել է հաճախելիությունը, որովհետև մեր ակտիվության շնորհիվ, երբ կարևորում ենք այդ խնդիրը, հաճախ հանդիպում ենք եթերներով, ինչպես նաև մասնագետների հետ ենք փորձում հաճախ աշխատել (որովհետև բժիշկ մասնագետների շարունակական կրթությունը նույնպես կարևոր է, և քնի խանգարումների մասին ինֆորմացիան իրենց տալը նույնպես փորձում ենք ակտիվ պահել), դրա շնորհիվ՝ նրանք ավելի շատ են ուշադրություն դարձնում քնի խանգարումներին, կարևորում են դա, ինչպես նաև ուղարկում ենք մարդկանց ավելի մասնագիտացված հետազոտման»:
Ս. Խաչատրյանը նշեց, որ գրեթե բոլոր երկրերն ունեն իրենց ազգային «Քնի խանգարումների» ասոցիացիաները: «Մենք, օրինակ, եվրոպական քնի հետազոտման ասոցիացիայի պաշտոնական անդամ ենք»,- ասաց նա:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ս. Խաչատրյանը նշեց, որ քնի խանգարումները պետք է կարևորել, քանի որ դրանք կյանքի վրա ունեն շատ ուղղակի առողջապահական ազդեցություններ. «Եվ ինչո՞ւ միայն առողջապահական, նաև սոցիալական ազդեցություն ունեն: Անքնությունը՝ որպես ամենատարածված խնդիր, համարվում է բավականին լուրջ՝ աշխատունակությունը գցող, ցերեկային արդյունավետությունը նվազեցնող, ընդհանուր հիվանդացությունը և նույնիսկ, որոշ տվյալներով, մահացության ռիսկերը բաձրացնող խնդիր: Քրոնիկական անքնությունը ունի մոտ 15% տարածվածություն (սա միջին թիվ է՝ տարբեր երկրների տվյալներով), որը բավականին մեծ թիվ է բժշկական տեսանկյունից: Որոշ երկրներում, երբ հաշվում են, թե ի՞նչ վնասներ է դա հասցնում ընդհանրապես տարբեր ոլորտներին, պարզվում է, որ միլիոնավոր դոլարների ծախսեր են գնում այդ իրավիճակի պատճառով: Հետևաբար, եթե մենք փորձենք կանխել այդ խնդիրը, բավականին լուրջ կնվազեցնենք ուրիշ շատ խնդիրներ»:
Քնաբանի խոսքով՝ քնի վերաբերյալ բնակչության պատկերացումներն այնքան էլ լիարժեք չեն, դրա կարևորությունն այնքան էլ բարձր չէ մեր բնակչության շրջանում. «Դա մենք տեսնում ենք զուտ հաճախորդների, մասնագետների հետ շփվելու ընթացքում և, հետևաբար, պետք է կոչ անենք բոլորին ավելի ուշադիր լինել, քանի որ այդ մեկ երրորդ ժամանակը մեր կյանքի, որը մենք տրամադրում ենք քնին, ճիշտ է, ահռելի ժամանակահատված է, բայց մյուս կողմից՝ վատնած ժամանակ չէ, որովհետև քունը պասիվ գործընթաց չէ, այլ ակտիվ է, և այդ ընթացում շատ կարևոր ֆիզիոլոգիական գործառույթներ են տեղի ունենում, որոնք օգնում են մեզ վերականգնել, օրինակ, հիշողությունը, ամրապնդել այն, ինչպես նաև՝ վերականգել այլ համակարգերի գործունեությունը»:
Բանախոսն ասաց, որ քնի նորմալ տևողությունը համարվում է 6-8 ժամվա միջակայքը, և 5 ժամից քիչ քնողները, սովորաբար, ունեն ավելի շատ հիվանդացության և մահացության ռիսկեր: Նա ասաց, որ կրճատ քունը և անքնությունն ասոցիացվում են ճարպակալման ռիսկի հետ. «Կարող է նաև զարկերակային գերճնշման ռիսկեր բարձրացնել, 2-րդ տիպի շաքարային դիաբետի ռիսկը: Հետևաբար՝ քնի ժամերը չպետք է կրճատել»:
Ս. Խաչատրյանը նկատեց, որ քնի խանգարումը չի վերաբերում միայն անքնությանը, որն ամենատարածվածն է, այլև գոյություն ունեն, օրինակ, քնի շնչառական խանգարումներ: «Խռմփոցի ժամանակ (հատկապես՝ ծանր խռմփոցի դեպքում) խռմփացնողների մոտ կարող են տեսնել շնչադադարներ, կամ քնի մեջ շնչառական կանգեր: Դա մեկ այլ՝ շատ տարածված և բավականին վտանգավոր խնդիր է, որի ժամանակ մարդու մոտ առաջանում է թթվածնային քաղց, և այն ունի կրկնվող բնույթ, այսինքն՝ ամբողջ գիշեր այն կարող է կրկնվել: Այդ ամենն ունի շատ բացասական ազդեցություններ, օրինակ, սրտանոթային համակարգի վրա, նյութափոխանակության վրա, այստեղ նույնպես ճարպակալման ռիսկը շատ բարձր է: Քունն այդ շնչադադարների միջոցով հաճախակի ընդհատվում է, հաճախ նաև՝ աննկատ հիվանդի համար, քանի որ նա չի արթնանում լիարժեք, որպեսզի գիտակցի, իսկ ցերեկը նա զարմանալի իրավիճակներում է, կարծես թե 8-9 ժամ քնել է, սակայն ցերեկային ժամերին շատ քնկոտ է: Դա վտանգավոր խնդիր է՝ ոչ միայն առողջության առումով, այլ նաև, օրինակ, մեքենա վարելու, քանի որ քնկոտությունը կարող է լինել շատ կտրուկ բնույթի, այսինքն՝ այդ անձինք բոլորովին առույգ վիճակից կարող են կտրուկ անցնել քնի և չզգալ այդ անցումը»,- ասաց նա: