100 000 դրամ պարտքի պատճառով 3 անչափահաս երեխաները մոր հետ փողոցում կհայտնվեն

13-ամյա Ռաֆիկը երկու քույրերի հետ ողջ մանկության ընթացքում ականատես է եղել սարսափելի տեսարանների: Հարբեցող հոր վիճաբանությունները, մոր նկատմամբ ծեծ ու ջարդն այս տղայի հիշողության մեջ դաջվել են` որպես անվերջանալի տեսարաններ:

Մայրը՝ Նարինե Անտոնյանը, աշխատում է իրենց անցյալի մասին չխոսել, բայց, երբ պատահաբար նախկին ամուսնուն հիշատակում է՝ որդին կծկվում է բազմոցի մեջ ու ձեռքերն իրար սեղմելով` փորձում է մատների դողը զսպել: Ռաֆիկի հոգեբանությունը խեղված է, վախերը հաճախ նրան ստիպել են փախչել այն տարածքից, որտեղ հայտնվել է ոտքի վրա հազիվ կանգնող, ճոճվող հայրը:

Նա դժվարությամբ կարող է «գտնել» մի հիշողություն, որտեղ հայրը սթափ է ու իր աչքի առաջ մորը բռնության չի ենթարկել:

Նարինեն ասում է, որ երեխաների հայրն իրեն 17 տարեկանում փախցրել է ու սկզբում լավ որակներով ամուսնու «դեր» է խաղացել: Սակայն որոշ ժամանակ անց ալկոհոլը «ներխուժել» է ընտանիք՝ ոչնչացնելով բոլոր այն արժեքները, ինչի հիման վրա կարելի էր լավ ընտանիք կառուցել:

Կարդացեք նաև

Soc-Narine (3)

Soc-Narine (4)

«Հարբում էր ու սկսում չեղած տեղից վիճաբանություն սարքել: Ամեն անգամ էնքան էր ծեծում, ջարդում, որ առողջությունս էլ կորցրեցի: 30 տարեկան եմ, բայց արդեն առողջություն չունեմ: Սկզբում դիմանում էի, մտածում էի՝ փուլ ա, կանցնի, բայց հասկացա, որ արդեն քրոնիկ հարբեցող ա: Էնքան էր ծեծում, էնքան դաժան… երեխեքս շատ ծանր ապրումներ են ունեցել, շատ ահավոր: Նենց էր ջարդում, որ ստիպված մի կերպ ձեռքից փախնում` Ոստիկանություն էի դիմում, բայց իմ էդքան դիմումներից հետո էլ չպատժվեց»,- պատմում է Նարինեն՝ վստահեցնելով, որ ինքն օր ու գիշեր աշխատում էր երեխաներին հաց հասցնելու համար, իսկ ամուսինը հարբեցողությամբ էր զբաղվում:

Soc-Narine (7)

Վերջին վեճից հետ երիտասարդ կինը նյարդային համակարգի հետ կապված լուրջ հիվանդություն է ստացել, ու հասկանալով, որ երեխաների մանկությունը մղձավանջի է վերածվել, նրանց հետ Մասիսից փախել է Երևան: Ասում է՝ «Ելք չկար, հասկանո՞ւմ եք, հույս չկար, որ մի բան կփոխվի: Չէի կարող երեխաներիս էդ միջավայրում թողնել, դա մի անտանելի բան էր: Ես էլ չէի դիմանում, էդքան ծեծ ու ջարդից` էլ նևրոզ, էլ չգիտեմ ինչ, երեխեքս էլ հոգեբանական խնդիրներով արդեն… Զեյթունում տուն վարձեցի ու մեջս ուժ գտա ինքնուրույն ապրելու, երեխաներիս խնամքը կազմակերպելու: Երեխաներիս սովորեցրի մենակ մնալ ու իրար մասին հոգ տանել: Ես էլ սկսեցի աշխատել: Պատկերացրե՛ք, 10 տարեկան Քրիստինաս ա քրոջը մեծացրել, մեծի պես եղբորն ու քրոջը պահում էր»:

Soc-Narine (1)

Ինչևէ, որոշ ժամանակ անց, երբ Նարինեն դանդաղ, բայց կարողացել է կազմակերպել միայնակ երեխաներին մեծացնելու իրենց կյանքը, կրկին հայտնվել է ամուսինն ու այս անգամ արդեն նույն կոնֆլիկտային իրավիճակները ստեղծել է ուրիշի տանը: Հաճախ հարբած հայտնվել է այն դպրոցում, որտեղ երեխաները դժվարությամբ, բայց տեղափոխությունից հետո փորձել են ինտեգրվել:

«Տղաս՝ Ռաֆիկը, սկսեց դասերից փախնել: Հայրը հարբած հայտնվում էր էնտեղ, ու երեխաս վախից, ամոթից լաց լինելով` տուն էր գալիս՝ ասելով, որ այլևս դպրոց չի գնալու: Ամաչում էր դասընկերներից: Մի խոսքով՝ նորից հանգիստ չէր տալիս: Գալիս էր տուն ու նորից ձեռքերին ազատություն էր տալիս»,- ասում է Նարինեն, ով ստիպված է եղել երեխաների հետ կրկին փախչել, այս անգամ` Նորագյուղ: Սակայն որոշ ժամանակ անց էլ քոչել են Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) տնից տուն: 50.000 դրամով վարձակալած սեփական այս տանը տուն կոչելը շքեղություն է:

Soc-Narine (2)

Այդ տարածք ոտք դնելու համար միջահասակ որևէ մարդ պետք է երկու տակ ծալվի ու կռանալով տեղաշարժվի: Քրիստինան հիմա Էջմիածնում է սովորում և բնակվում է Գայանե եկեղեցուն կից անապահով ընտանիքների երեխաների ժամանակավոր կացարանում, որտեղ նրա խնամքը կազմակերպող տիրուհի կա: 4 դպրոց փոխած, գերազանց առաջադիմությամբ սովորող փոքրիկն ընտանիք վերադառնում է շաբաթ-կիրակի օրերին, բայց շատ ծանր է տանում մորից հեռու լինելը:

50.000 դրամ վարձավճարը տալու, երեխաների խնամքը միայնակ կազմակերպելու համար Նարինեն աշխատել է օրվա 24 ժամը:

Ասում է. «Առավոտից մինչև գիշեր մանկական սրճարանում էի աշխատում, հետո էլ մեկ այլ սրճարանում աման էի լվանում: Ճիշտ ա՝ անջատված աշխատում էի, բայց կամաց-կամաց զգում էի, որ հյուծվում եմ, էլ ի վիճակի չեմ, թուլացել էի շատ: Գերհոգնածությունից վատանում էի, հաճախ շտապօգնություն էին կանչում: Վերջին անգամ շտապօգնությունը տեղափոխեց, հետազոտեցին, ու պարզվեց` էլ միգրեն, էլ նևրոզ, էլ հյուծվածություն… Ցավազրկողներով էի ապրում, բայց բժիշկը կտրուկ արգելեց աշխատելը, ասեց՝ ճակատագրական կլինի, մի որոշ ժամանակ հանգիստ ա պետք»:

Soc-Narine (6)

Երկու ամիս գործազուրկ Նարինեն տանտիրոջը 100.000 դրամ պարտք է, ու 3 երեխաների մորը երկու օր ժամանակ է տրվել տունն ազատելու համար: Ասում է՝ երկու օրից փողոցում կհայտնվեն, քանի որ գնալու տեղ չունեն:

Ի դեպ, ծայրահեղ աղքատ այս ընտանիքը 2 տարուց ավելի ընտանեկան նպաստ չի ստանում՝ տնից տուն տեղափոխվելու և փաստացի գրանցում չունենալու պատճառով: Բնականաբար, տանտերը թույլ չի տալիս այդ հասցեում գրանցվել, և երեք անչափահաս երեխաներն ի վիճակի չեն օգտվել պետության տրամադրած աջակցությունից:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարիներ առաջ ընդունած այդ որոշումը, համաձայն որի՝ նպաստառուն պետք է փաստացի գրանցվի այն տարածքում, որտեղ բնակվում է, ճակատագրական դարձավ հարյուրավոր իրապես աղքատ և անօթևան ընտանիքների համար:

Եվ բազմաթիվ ընտանիքների օրինակներով արդեն մատնանշել ենք այդ որոշման հետևանքով էլ ավելի վատ վիճակում հայտնված ընտանիքների կոնկրետ դեպքեր: Ինչևէ, 3 անչափահաս երեխաների գործազուրկ մայրը չի էլ փորձում այլևս դիմել սոցծառայությանը՝ հասկանալով, որ գրանցում են պահանջելու, այն դեպքում, երբ ինքը երեխաների հետ դռնեդուռ է ընկել:

«Ասում են՝ գրանցվի, բայց ո՞վ իր տանն օտար մարդուն կգրանցի: Արդեն հոգնել եմ, էլ չեմ էլ դիմում»,- ասում է:

Soc-Narine (5)

Երկու օրից Նարինեն երեք անչափահաս երեխաների հետ կհայտնվի փողոցում: Զեյթունից փախչելուց հետո նախկին ամուսնու հետքը կորցրել է, չնայած ասում է՝ նրան դիմելով` աջակցության փոխարեն` իրենց կյանքն ավելի է բարդանալու:

Հարցնում եմ՝ «Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անթիվ կազմակերպություններ կան, գուցե դիմե՞ք»: «Ես չեմ հավատում իրանց, համ էլ չգիտեմ էլ` ոնց գտնեմ: Էդքան դիմեցի Ոստիկանություն, բայց ոչ ոք իրան չպատժեց, չօգնեցին մեզ: Չգիտեմ` ո՞ւմ դիմեմ, հուշեք ինձ, խնդրում եմ: Որտե՞ղ հանգրվանենք, որտե՞ղ պատսպարեմ երեխաներիս, մինչև վիճակս մի քիչ լավանա, սկսեմ աշխատել»,- ի պատասխան` հարցնում է նա: Հայաստանում գործող կանանց և երեխաների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ, ինչքան ուզես` կան, որոնց տեղը, սակայն, որքան էլ տարօրինակ է՝ անգամ Ոստիկանությունը չգիտի:

Իրավապահ համակարգին բազմիցս դիմած այս տիկնոջը Ոստիկանությունից կարող էին ուղղորդել այդ կազմակերպություններ, քանի որ որևէ երկրում դրանք ակտիվ համագործակցում են Ոստիկանության հետ:

Հուսանք, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական մարմինները և հասարակական կազմակերպություններն այս հրապարակմանը կարձագանքեն:

Ի դեպ, հրապարակումն արդեն պատրաստ էր, երբ մեզ կրկին զանգահարեց Նարինե Անտոնյանը, ով կմկմալով խոստովանեց, որ ամեն ինչ չէ, որ ասել է. «Ես հղի եմ, խնդրում եմ՝ չդատապարտեք ինձ: Մեկ տարի առաջ ես ամուսնացել եմ կանալավորի հետ, նա հիմա ազատազրկման վայրում է, այնտեղ օրինական ամուսնացել, զագսավորվել ենք: Մի մեղադրեք ինձ, դա էլ իմ ընտրությունն էր, ուզում էի նոր կյանք սկսել, թեկուզ սպասելու գնով: Ալո՛, լսո՞ւմ եք ինձ, ալո՛, ալո՛…»:

Տեսանյութեր

Լրահոս