Եվրամիությունը «երես չի թեքում» Հայաստանից, բայց Հայաստանն Ուկրաինա չէ
Անցած տարի սեպտեմբերի 3-ին Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության կտրուկ շրջադարձից և նոյեմբերին Եվրամիության վիլնյուսյան գագաթաժողովից հետո, առաջին անգամ երեկ Երևանում որոշակիորեն հստակ ձևակերպումներ հնչեցին, որ Եվրամիությունը «երես չի թեքում» Հայաստանից և շարունակելու է աջակցել մեր երկրին այն ուղղություններով, որոնք չեն հակասի Մաքսային միության հետ ՀՀ հարաբերություններին:
«Եվրամիություն-Հայաստան համագործակցություն. Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքներ» թեմայով համաժողովի ժամանակ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան միանշանակ հայտարարեց, որ վերահաստատում է ԵՄ հանձնառությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար և ցանկանում է ցրել այն բոլոր մտահոգությունները, որ ԵՄ-ն դադարել է աջակցություն ցուցաբերել Հայաստանին:
Ըստ նրա՝ առկա իրողության պայմաններում պետք է թարմացնել Եվրոպական հարևանության քաղաքականությունը, արագացնել ժողովրդավարական ինստիտուտների, արդարադատական համակարգի զարգացումը, խթանել օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, քաղաքացիական հասարակության հզորացումը, նաև բարելավել բիզնես և ներդրումային միջավայրը: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ ԵՄ-ն ակնկալում է բաց և թափանցիկ երկխոսություն ՀՀ գործընկերների հետ, ավելի մեծ ներգրավվածություն քաղհասարակության կողմից՝ ծրագրերի թե՛ մշակման, թե՛ իրականացման ընթացքում:
Ավելին՝ ԵՄ-ն ՀՀ-ում ոչ միայն շարունակելու է նախկինում իրականացված ծրագրերը (Թվինինգ, Թայեքս և Սիգմա), այլև այս տարեվերջին` որպես համագործակցության նոր փուլ, կմեկնարկի ԵՄ Անդրսահմանային համագործակցության աջակցության ծրագիրը: Համաժողովի շրջանակներում Տրայան Հրիսթեան պատասխանեց նաև «168 Ժամի» և մյուս ԶԼՄ-ների հարցերին: Նա հրաժարվեց մեկնաբանել ուկրաինական իրադարձությունները՝ նշելով, որ Ուկրաինայի վերաբերյալ հարցերին կպատասխանեն Կիևում իր գործընկերները:
«Ազատություն» ռ/կ- ՀՀ պաշտոնյաները նախորդ ամիսներին հայտարարում էին, որ նոր հարաբերություններ ենք ձևավորելու ԵՄ-ի հետ` այն պահից սկսած, երբ ՀՀ իշխանությունը որոշում կայացրեց անդամակցել Մաքսային միությանը: Տևական ժամանակ է անցել, ի՞նչ առաջարկներ կան այսօր սեղանին, թե՞ բանակցությունները դեռ շարունակվում են:
– Սա առաջին հանրային միջոցառումն է Վիլնյուսի գագաթաժողովից հետո, և մենք շատ կոնկրետ գործիքներ ենք որդեգրելու, որոնք թույլ կտան հայ գործընկերների հետ Վիլնյուսի գագաթաժողովում ձեռք բերված համաձայնությունները և հայտարարությունն ի կատար ածել և կյանքի կոչել: Այս տեխնիկական գործիքները ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցության պարզապես մի մասն են, քանի որ Վիլնյուսում ձեռք բերված համաձայնությունների շրջանակը շատ ավելի մեծ է, քան Սիգմա, Թայեքս ու Թվինինգ ծրագրերի շարունակությունը:
Եվ մենք, փաստորեն, քննարկելու ենք ընթացակարգային խնդիրներ, թե ինչպես պետք է առաջ ընթանալ սեպտեմբերի 3-ին ՀՀ-ի կողմից կայացված որոշման լույսի ներքո: Թե ապագայում ՀՀ-ԵՄ համագործակցության կոնկրետ ի՞նչ օրակարգ կա, կարող եմ ասել, որ մենք ունենք արդեն համաձայնություն՝ ՀՀ-ԵՄ գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, և ես ասացի, որ պետք է փորձենք Վիլնյուսի համաձայնություններն ի կատար ածել ու կյանքի կոչել, հատկապես` գործողությունների պլանի հետ կապված: Տեխնիկական աջակցությունն այս մեծ գործընթացի բաղկացուցիչ մասն է, և շարունակելու ենք քննարկումները հայ գործընկերների հետ` կոնկրետ, թե ինչպիսի համագործակցության ոլորտներ կարող են լինել, և մենք ինչ աջակցություն կարող ենք ցուցաբերել այդ ոլորտներին:
«168 Ժամ»- ՀՀ պաշտոնյաները կարծիք են հայտնում, թե ՀՀ-ն կարող է «պատուհան» լինել Եվրամիության և Մաքսային միության միջև: Դուք ի՞նչ եք կարծում:
– Ազնվորեն, ես չեմ կարծում, որ պետք է դիրքորոշում հայտնեմ այդ հարցի շուրջ: Դեռ պահը չէ այդ մասին մտածելու, քանի որ Մաքսային միության հետ Հայաստանի բանակցությունները դեռ շարունակվում են, պետք է պայմանավորվածությունները վերջնական տեսքի գան, ՀՀ-ն հստակ իմանա, թե ինչ հանձնառություններ է ստանձնելու, և պարզ կլինի՝ կարո՞ղ է «պատուհանի» դեր ստանձնել, թե՞ ոչ: Կարող եմ ասել, որ մեր դիրքորոշումը միանշանակ է՝ շարունակելու ենք մեր համագործակցությունը ՀՀ-ի հետ և հարգում ենք ցանկացած երկրի ինքնիշխան որոշումը ցանկացած միության անդամակցելու մասին: Հետագայում, փոխհարաբերությունների հստակեցվելուց հետո կերևա, թե ինչ կերպ կզարգանան իրադարձությունները, ինչ դեր կկարողանա Հայաստանը ստանձնել:
«Նովոստի Արմենիա»- Հայաստանին տրամադրվելիք աջակցության ի՞նչ գումարների մասին է խոսքը, ծավալային փոփոխություն կա՞ նախորդ տարիների համեմատ:
– Կարծում եմ՝ ավելի ճիշտ է տեսնել, թե ինչ ոլորտներում պետք է համագործակցությունն ընթանա, քանի որ բյուջետավորման գործընթացը դեռևս չի ավարտվել, և ես ձեռնպահ կմնամ պատասխանելուց:
«Արմենիա» հ/ը- Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման առումով` այն, ինչ ընդունելի էր Ուկրաինայի դեպքում, ինչո՞ւ չի կարելի Հայաստանի համար անել:
– Կխնդրեի` չհամեմատեք այդ երկու երկրները, դրանք անհամեմատելի են: Ուկրաինայում տարանջատել ենք ժամանակային խնդիրները, և դեռևս համաձայնագիրն ընդունված չէ: Մյուս կողմից՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ՀՀ-ի համար փաթեթային պայմանագիր չէր: ԵՄ-ՀՀ Ասոցացման համաձայնագիրը մեկ միասնական փաստաթուղթ էր, այնտեղ առանձնացված չէր քաղաքական հատվածը, տնտեսականը, Խորը և համապարփակ ազատ առևտրի տարածքի (DCFTA) վերաբերյալ հատվածը:
Այս խնդիրն արդեն Վիլնյուսում քննարկվել և լուծվել է, չեմ կարծում, որ կրկին պետք է անդրադառնալ դրան: Այժմ մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, որ վերաձևակերպենք, վերակառուցենք Եվրամիության և Հայաստանի հարաբերությունները և գործողությունների պլանը թարմացնենք:
«168 Ժամ»- Եվրոպական ներդրողների համաժողովի մասին այլևս չի խոսվում: Ի՞նչ կա այդ հարցի հետ կապված:
– Ինչպես Շտեֆան Ֆյուլեն ասել էր հուլիսին Երևան կատարած այցի ժամանակ, դոնորների համաժողովը լինելու էր ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ՀՀ զարգացման ռազմավարության և դոնորների աջակցության եռյակի համադրումի մասը: Այժմ մի կողմը՝ Ասոցացումն, այլևս չկա սեղանին: Դոնորների համաժողովը կլինի՞, թե՞ ոչ, պետք է սպասենք, տեսնենք` ՀՀ քաղաքական զարգացման ռազմավարությունն ինչ տեսք է ստանում: Ես չեմ կարող ասել որևէ դրական կամ բացասական բան, որովհետև պետք է հարցը ներքին օղակներում քննարկենք: Չենք ուզում որևէ արդյունք այստեղ վտանգել, կամ նախապատվություն տալ որևէ բանի, պետք է բոլոր հարցերը քննարկել: