Ստեփան Դեմիրճյան. Կառավարության հրաժարականն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է
Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը վաղուց է հասունացել, պատճառներն ավելի քան բավարար են: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նրա խոսքով՝ ակնհյատ է, որ կառավարությունը ի վիճակի չէ դիմագրավել երկրի առջև ծառացած խնդիրներին, համարժեք քայլեր չի ձեռնարկում արտագաղթը կանխելու, սոցիալական լարվածությունը մեղմելու, աղքատությունը կրճատելու ուղղությամբ:
«Սակայն նույնքան ակնհայտ է, որ միայն կառավարությունը փոխելով էապես իրավիճակը երկրում չի փոխվի: Որևէ երաշխիք չկա, որ նոր կառավարությունն ավելի լավը կլինի, արդյունավետ կաշխատի, կլուծի առկա բոլոր խնդիրները: Դա պարզապես անհնար է երկում առկա քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում, երբ մարդկանց մի խումբ բռնազավթում է իշխանությունը, տիրանում է երկրի հարստությանը, թելադրում է իր կամքը մի ամբողջ ժողովրդի»,- նշեց նա:
Ստեփան Դեմիրճյանը շեշտեց, որ Հայաստանին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, դրա համար էլ պետք է հասարակական-քաղաքական լայն համախմբում: Նա նշեց, որ առանձին վերցրած որևէ կուսակցություն չի կարող երկիրը դուրս բերել այս ծանր վիճակից, ուստի, ըստ նրա, քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակությունը պետք է համախմբեն իրենց ջանքերը ժողովրդավարական ընտրությունների միջոցով օրինական իշխանության ձևավորման համար:
«Կառավարության հրաժարականն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Պետք է կյանքի կոչվի Սահմանադրության երկրորդ, անփոփոխ հոդվածը, ըստ որի, ժողովուրդն իր ընտրությունը կատարում է ազատ»,- եզրափակեց նա: